Երեք ամիս շարունակ մայրաքաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Հալաբյան-Մարգարյան փողոցների խաչմերուկին հարող տարածքում իրականացվում էին աշխատանքներ, որոնք վերածվելու էին այսպիսի բարեկարգ և հարմարավետ հանգստյան գոտու, որն էլ այսօր հանձնվեց մեր մայրաքաղաքի բնակիչներին:
1.7 հա ընդհանուր տարածքով զբոսայգում, սահմանված չափորոշիչներին համապատասխան, կատարվել է գոյություն ունեցող մոտ 3000 քմ մակերեսով ջրավազանի հիմնանորոգում՝ յուրաքանչյուր կիսակլորի մեջ գործարկելով նոր ստեղծված մեկ շատրվան։
Տարածքի բարեկարգման շրջանակում տեղադրվել են գեղարվեստական ձևավորմամբ բետոնե սալեր, ամբողջությամբ փոխվել են բազալտե և բետոնե եզրաքարերը, կառուցվել և գործարկվել է երկու նոր ցայտաղբյուր:
Բնակիչների հանգիստը հավուր պատշաճի կազմակերպելու նպատակով տարածքը կահավորվել է նստարաններով, երեք բաց և մեկ փակ զրուցարան-տաղավարներով, երեք խաղային ատրակցիոններով, սպորտային առանձին հրապարակով և արտաքին լուսավորման ձևավոր էլեկտրասյուներով։