Մայիսը հայ ժողովրդի ողջ պատմության մեջ նշանավորվել է որպես հաղթանակների և վրեժխնդրության ամիս. 451 թ. մայիսի 26-ին Մեծ Հայքի հարավ-արևելյան մասում, Արտազ գավառում, Տղմուտ գետի ափին, Ավարայրի դաշտում կերտվեց հայ ժողովրդի պատմության ամենահերոսական էջերից մեկը. տեղի ունեցավ Ավարայրի ճակատամարտը, որի ընթացքում հայ ժողովուրդը կարողացավ վաստակել ապրելու և զարգանալու իրավունք, այդ իրավունքը վաստակեց շուրջ 1036 հայ քաջեր արյան գնով:
Անցան դարեր: 1918թ. մայիսի 22-29-ի Սարդարապատի ճակատամարտով, 1918թ. մայիսի 24-29-ի Բաշ-Ապարանի ճակատամարտով և 1918թ. մայիսի 20/21-31-ի Ղարաքիլիսայի հերոսամարտով հայ ժողովուրդը վերստին ապացուցեց ինքն իրեն և թշնամուն, որ հայ ազգն անհաղթելի է, հայ ժողովուրդ անպարտելի, և որ պետք է ապրի դարերով, զարգանա ու բազմանա: Այդ ամենի արդյունքում 1918թ. մայիսի 28-ին՝ հռչակվեց Հայաստանի անկախությունը և պետականության դարավոր կորստից հետո հայ ժողովուրդը վերստին ստեղծեց իր անկախ պետականությունը (փաստացի հռչակագիրը գրվել է մայիսի 30-ին, Թիֆլիսում, տեքստի հեղ. Նիկոլ Աղբալյան):
Մայիսը նաև վրեժխնդրության ամիս է. 1921 թ. մայիսի 12-ին Արշավիր Շիրակյանը Հռոմում սատկացրել է Թուրքիայի նախկին վարչապետ Սայիդ Հալիմ փաշային:
1945թ. մայիսի 1-ին Խորհրդային միության զորքերը այդ թվում և հայկական ուժերը, որոնց թվում և լեգենդար 89-րդ Թամանյան դիվիզիան (միակ ազգային դիվիզիան, որ մտել է Բեռլին, հրամ. գեներալ-մայոր Նվեր Սաֆարյան) մտան Բեռլին: Մայիսի 9-ին Ռայխսթագի վրա բարձրացվեց խորհրդային Կարմիր դրոշը (հաղթանակի խորհրդանիշը): Մայիսի 8-ի լույս 9-ի գիշերը ստորագրվեց Գերմանիայի անվերապահ կապիտուլացիայի ակտը, որով ավարտվեց 1941 թ. հունիսի 22-ին սկիզբ առած Հայրենական Մեծ պատերազմը, որը բառի բուն իմաստով ՀԱՅՐԵՆԱԿԱՆ էր հայ ժողովրդի համար: Հայրենական մեծ պատերազմի հայ մասնակիցների թիվը հասնում էր 500 հազարի, որից 300 հազարը Հայաստանից էին, մյուսները` միութենական մյուս հանրապետություններից: 200 հազար մարտիկներ ու սպաներ զոհվեցին խորհրդային երկրի պաշտպանության ու հաղթանակի համար: Եվս 100 հազար հայեր Երկրորդ աշխարհամարտին մասնակցում էին ԽՍՀՄ դաշնակից երկրների բանակներում: Ամբողջ պատերազմում (Երկրորդ աշխարհամարտին և Հայրենականին) մասնակցել են 600 հազար հայ: Պատերազմում աճեցին տասնյակ բարձրակարգ հայ հրամանատարներ` գեներալներ, որոնց թիվը պատերազմի վերջում հասավ 64-ի: Ցուցաբերած խիզախության ու արիության համար բարձրագույն պարգևի` Խորհրդային Միության հերոսի կոչման արժանացան հայ ժողովրդի 106 զավակներ (այդ թվում 4-ը խորհրդա-ֆիննական պատերազմում և 5-ը` պատերազմից հետո իրականացրած հատուկ առաջադրանքների համար) և ևս 10 հայաստանցիներ` ազգային փոքրամասնությունից, ընդհանուր թվով` 116 մարդ: Նրանցից երկուսին` Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանին և գվարդիայի փոխգնդապետ, օդաչու Նելսոն Ստեփանյանին, շնորհվել է Խորհրդային Միության կրկնակի հերոսի կոչում: Հերոսների թվում էին զորավարներ, բարձր և միջին հրամանատարներ, շարքայիններ: Նրանցից 36-ը զոհվել են կռվի դաշտում` հերոսի կոչման արժանանալով հետմահու: Խորհրդային ականավոր զորավարների շարքերում իրենց արժանի տեղը գրավեցին մարշալ Հ. Ք. Բաղրամյանը, ավիացիայի մարշալ Ս. Խուդյակովը, նավատորմի ադմիրալ (ծովակալ) Հ. Ս. Իսակովը, զրահատանկային զորքերի մարշալ Հ. Բաբաջանյանը: 27 ռազմիկներ դարձան «Փառքի» շքանշանի 3 աստիճանների ասպետներ: Թիկունքում 361 հազար մարդ պարգևատրվեց «Կովկասի պաշտպանության համար», «Աշխատանքային արիության համար» մեդալներով:
Պատերազմին հայ ժողովրդի գործուն մասնակցության մասին պերճախոս են նաև հետևյալ տվյալները. իրենց թվով հայերը 4-րդ տեղում էին ռազմածովային նավատորմի գեներալների, ռազմաօդային ուժերի և հրետանային զորքերի սպաների կազմում, 6-րդ տեղում` Խորհրդային Միության հերոսների ցանկում: Եվ դա այն դեպքում, երբ հայերն իրենց թվով ԽՍՀՄ ժողովուրդների մեջ գրավում էին 8-րդ տեղը: Հայորդի մեկ զորահրամանատար զբաղեցնում էր ռազմաճակատի հրամանատարի պաշտոնը (Հովհաննես Բաղրամյան), 3-ը` բանակի, 6-ը` կորպոսի, 28-ը` դիվիզիայի, 100-ը` բրիգադի ու գնդի հրամանատներ էին: Հայերն առաջնակարգ տեղում էին շքանշաններով ու մեդալներով պարգևատրվածների շարքում (80 հազար մարդ կամ 8-րդ տեղում): Այս տեղեկություններն իսկապես վկայում են այն մասին, որ հայ ժողովուրդն իր հսկայական նպաստն է ունեցել Հայրենական մեծ պատերազմի հաղթանակում: Եվ վերջապես, չպետք է մոռանալ այն հանգամանքը, որ հայ զինվորը, կռվելով Ռուսաստանում, Ուկրաինայում, Բելառուսում և այլուր, գիտակցում էր, որ ինքը մարտնչում է հանուն Հայաստանի փրկության, քանզի ակներև էր, որ պատերազմի ընթացքում «չեզոքություն» պահպանող Թուրքիան անհաջողության դեպքում, ամեն պահի կարող է ներխուժել Խորհրդային Հայաստան և վերստին գործարկել իր վարած ցեղասպանական քաղաքականությունը:
1992թ. մայիսի 9-ին ադրբեջանական «գերությունից» ազատագրվեց Շուշին (ռազմ. պլան՝ «Հարսանիք լեռներում», գրոհն սկսվել է մայիսի 8-ին): «Ինչո՞ւ «Հարսանիք լեռներում», որովհետև մշակված ծրագիրը այդ տարիների պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանին անիրագործելի էր թվում, մենք պնդեցինք, որ անպայման կգրավենք Շուշին: Վազգեն Սարգսյանը խոստացավ Շուշին գրավելուց հետո անպայման ամուսնանալ…: Այսպես օպերացիան ստացավ «Հարսանիք լեռներում» պայմանական անվանումը»,- պատմում է գործողության ղեկավար, ինքնապաշտպանական ուժերի հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոսը):
1992 թ. մայիսի 9-ի Շուշիի հաղթանակը դարձավ Մեծ Հայքի` Մեծ և կենսունակ Հայաստանի վերականգնման առաջին քայլը: Հայ ժողովուրդը դեռ կպարի իր հաղթական քոչարին նաև Վանում, Մուշում, Սասունում, Էրզրումում…
Այսպիսով, պատահականության, թե զուգադիպության բերումով մայիսը լի է հայ ժողովրդի պատմական հաղթանակներով:
Դժվարանում եմ առանձնացնել, թե այդ հաղթանակներից որն է ավելի մեծ դեր ունեցել հայ ժողովրդի համար. հավանաբար բոլորն էլ հավասարազոր, սակայն թույլ տվեք այժմ առանձնահատուկ կերպով անդրադառնամ այն պատմական նշանակությանը, որ ունեցել է մայիսի 9-ը հայոց համար. Հայրենական պատերազմի հաղթական ավարտ և Շուշիի ազատագրում:
Ով կփորձի նսեմացնել այս երկու հաղթանակների ունեցած հսկայական դերը հայ ժողովրդի կյանքում, ուրեմն վերջինս կամ տգետ է կամ շարքային դավաճան, քանզի այս հաղթանակները մեր նորագույն պատմության ամենահերոսական էջերն են: Հայրենական պատերազմում տարած հաղթանակով Հայաստանը փրկվեց նոր Եղեռնից, քանզի Թուրքիան պատրաստ էր հարմար պահի հարձակման անցնելու, իսկ Շուշիի գրավումը Արցախյան հերոսամարտի փայլուն էջերից է, որը հայի մեջ արմատավորեց հաղթողի հոգեբանությունը:
Ինչպես գիտենք, հաղթանակները երբեք անարյուն չեն լինում, և դրանց համար պարտական ենք նրանց, ովքեր իրենց կյանքը չխնայեցին հանուն Հայրենիքի, սակայն, միաժամանակ, չպետք է մոռանանք նրանց, ովքեր ոչ պակաս անձնվիրաբար կռվել են հանուն Հայրենիքի և երջանիկ պատահականությամբ կենդանի են մնացել, մենք պետք է ամեն րոպե, ամեն վայրկյան զգացնենք այդ մարդկանց, թե ինչքան ենք երախտապարտ նրանց իրենց կատարած գործի համար: Ես անկեղծորեն շատ հպարտ եմ, որ ապրում եմ Հայաստանում, կենդանի լեգենդների (Արկադի Տեր-Թադևոսյան, Վիտալի Բալասանյան, Սեյրան Օհանյան, Սամվել Բաբայան, Մովսես Հակոբյան և շատ ուրիշն) կողքին:
Այսպիսով, մենք պետք է ուրախ լինենք, որ ապրում ենք նման հերոսների կողքին, երախտապարտ լինենք նրանց, որ այսօր կա Հայաստան և հայ ժողովուրդ:
Մենք՝ պատմաբաններս, ուսուցիչ-դասախոսներս էլ մեր մեծ պարտքն ունենք. սերունդներին կրթել-դաստիարակել այս հաղթանակների ոգով և զորությամբ, մենք իրավունք չունենք հայրենասեր չլինելու, մենք ամեն ինչ ունենք որպեսզի ապրենք հպարտ, հաղթանակած, վեհ...
Հ.Գ. Շնորհավորում եմ մեզ բոլորիս մայիսի 9-ի զույգ հաղթանակների առթիվ՝ մաղթելով, որ նման հաղթանակներն անպակաս լինեն հայ ժողովրդի պատմության էջերից...
Առավել հպարտ, պարտավորված, գիտակից և հզոր պետք է լինենք մենք՝ Հաղթանակի սերունդը:
Վահե Մոսինյան - ՀՊՄՀ Համաշխարհային պատմության ամբիոնի ասպիրանտ, ՀՀ ԳԱԱ Հայկական հանրագիտարան հրատարակչության գիտխմբագիր: