Իդեալական տղամարդիկ կան, պարզապես որոշ կանայք չեն նկատում:
Ի՞նչ կարեւոր հատկանիշներով պետք է օժտված լինի իդեալական տղամարդը, կամ ինչ պետք է անի նա, որպեսզի արժանանա իդեալականի կոչմանը: Այս հարցերի պատասխանները, ըստ The Daily Mail-ի, փորձել են պարզել արտասահմանցի գիտնականները: Վերջիններին հաջողվել է հետազոտություն անցկացնել երկու հազար կանանց շրջանում ու պարզել, թե գեղեցիկ սեռի ներկայացուցիչներից քանի տոկոսի զուգընկերն է համապատասխանում իր իդեալին: Հետազոտության սկզբում գիտնականները կարծել են, որ կանանց մոտավորապես 80 տոկոսի դեպքում զուգընկերները կհամապատասխանեն նրանց իդեալին, սակայն վերջնական արդյունքներն ապացուցել են, որ իդեալական տղամարդիկ 68 տոկոս են կազմում:
Փորձարկմանը մասնակցող կանայք հոգեբանների հետ զրույցներում թվարկել են այն «մինուսները», որոնք հիմնականում առկա են բոլոր տղամարդկանց մոտ: Այսպիսով, կանանց նյարդայնացնում ու իդեալական լինելուց բացառում է այն տղամարդկանց, ովքեր չեն կարողանում «լեզու» գտնել իրենց ընդհանուր ընկերների, ընտանիքի անդամների ու հարազատների հետ: Իդեալական տղամարդիկ երբեք չեն խռմփացնում, թափթփված չեն լինում, ընտանիքում երեխաների դաստիարակության հարցը միայն կանանց չեն թողնում. նշել են կանայք: Իդեալական տղամարդիկ նաեւ անիմաստ չեն շատախոսում, նրանք մայրերի «փեշից կառչած» ման չեն գալիս, խոհանոցում պարտադիր օգնում են իրենց կանանց, օգտագործած հագուստը սենյակով մեկ չեն թափթփում, նրանց պահարանը, դարակները միշտ դասավորված են լինում, կոշիկները՝ մաքուր, հեռախոսը՝ հասանելի, նրանք ժամերով չեն նստում հեռուստացույցի առջեւ ու չեն տարվում մարզական հաղորդումներ դիտելով:
Կանանց կարծիքով՝ իդեալական տղամարդը պետք է լինի հումորով, գրավիչ, հայ կանայք էլ հավելեցին, որ վերջինը պետք է նաեւ նվիրված լինի իր ընտանիքին:
Ի վիճակի՞ են արդյոք տղամարդիկ բավարարել կանանց ներկայացրած բոլոր պահանջները: Արտասահմանցի մասնագետներն ասում են՝ ոչ: Իսկ հոգեբան Ստեփան Ավետիսյանն այլ կարծիքի է: «Տղամարդուն իդեալականացնում է կինը. միայն նա կարող է տղամարդուն եւ բարձրացնել, եւ բոլորի աչքից գցել: Ամեն ինչ կախված է կնոջից: Իդեալական պետք է լինի նախեւառաջ կինը, որ կարողանա իր տղամարդուն էլ իդեալականացնել: Միայն իդեալական կինը կարող է այնպես անել, որ տղամարդը հեշտությամբ լեզու գտնի իր բարեկամների, ընկերների հետ, թափթփված չլինի, իրեն թե՛ խոհանոցում, թե՛ երեխաների դաստիարակության հարցում օգնի: Քանի որ իդեալական կանայք շատ խելացի են, դրա համար էլ միայն նրանց է հաջողվում այնպես անել, որ իր տղամարդը ժամերով հեռուստացույց նայելու փոխարեն իր հետ հաճելի ժամանակ անցկացնի, եւ ամենակարեւորը, ինչը տանել չեն կարողանում կանայք՝ բջջայինը մշտապես հասանելի լինի: «Եթե կինն անընդհատ փնթփնթա ամուսնու վրա, ապա, ինչքան էլ այդ ամուսինը սիրի, խելագարվի իր կնոջ համար, հաստատ հաճախակի անհասանելի կլինի, քանի որ գիտի իր գլխի գալիքը՝ որ պատասխանելով զանգին, միեւնույն է, լսելու է կնոջ դժգոհությունները»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Ս. Ավետիսյանը՝ հավելելով, որ տղամարդիկ պատրաստ են ու կարողանում են բավարարել կանանց պահանջները, պարզապես վերջինները կա՛մ չեն ուզում նկատել, կա՛մ էլ չեն խոստովանում դա:
«Իդեալական տղամարդիկ կան, պարզապես որոշ կանայք չեն նկատում: Իսկ ընդհանրապես՝ իդեալական միայն Աստված է»:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/alvina.babayan/posts/3766451570600
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել