
18-ամյա Էդրիեն Լյուիսը հավակնում է պաշտոնապես ճանաչվել աշխարհի ամենաերկար լեզվով մարդը: Էդրիենը պնդում է, որ իր լեզուն 10 սմ 16 մմ է: Այս անհավանական երկարության շնորհիվ Էդրիենը կարողանում է լիզել սեփական քիթը, կզակը և աչքերը: Նրա լեզուն նման է սողունի, և հենց դրա շնորհիվ է Էդրիենը հռչակ ձեռք բերել աշխարհի տարբեր երկրներում: Նրա լուսանկարներից մեկը, որում նա լեզու էր հանել, չգիտես թե ինչպես հայտնվեց համացանցում և լայն տարածում գտավ այնտեղ: Էդրիենն ասում է, որ մանկական հասակում իրեն շատ էին ծաղրում, ինչին ի պատասխան ինքն ուղղակի լեզու էր հանում, սակայն բոլոր երեխաները սարսափում էին՝ տեսնելով նրա երկար լեզուն: Էդրիենի մայրիկը, տատիկը ու մեծ պապիկը ևս բավականին երկար լեզուներ ունեին:

Կարծում եմ, որ հնարավոր է, որ ես նրանցից եմ ժառանգել երկար լեզուս, սակայն բացառված չէ նաև, որ երեխա ժամանակ հաճախ լեզու հանելու հետևանքով լեզուս ավելի է երկարել:
|
ներկայիս ռեկորդակիրը |
ապագա ռեկորդակիրը |
Էդրիենը միշտ էլ իմացել է, որ երկար լեզու ունի, սակայն չի կարծել, որ լեզվի երկարության շնորհիվ կարող է ինչ-որ բանի հասնել: Նա արդեն երեք անգամ մերժում էր ստացել Գինեսից, երբ դիմել էր, որպեսզի իր անունը ներառվեր Գինեսի ռեկորդների գրքում: Այնուամենայնիվ, 13 տարեկանում նա որոշեց մասնակցել Believe It Or Not սարսափ շոուին: Մի քանի օր անց շոուի կազմակերպիչներն արձագանքեցին հետևյալ էլեկտրոնային հաղորդագրությամբ.

Քո լեզուն իսկապես զիլ է, ու մենք ուզում ենք ավելին տեսնել:
Աղջիկը կանգ չառավ շոուի վրա, և ներկայումս նա բանակցությունների մեջ է Գինեսի ռեկորդների հանձնաժողովի հետ: Ներկայումս աշխարհի ամենաերկար լեզվով մարդու տիտղոսը պատկանում է Նիք Սթոբերլին, ում լեզվի երկարությունը հասնում է 9 սմ 9 մմ-ի:

Էդրիենը սեփական ալիքն ունի YouTube-ում, որտեղ պարբերաբար տեղադրում է այնպիսի հնարքների տեսանյութեր, որոնք կատարում է լեզվով: Նրա առաջին տեսանյութը 250 դիտում հավաքեց առաջին իսկ օրը, իսկ հիմա նրա յութուբյան էջը մոտ 1000 հետևորդ ունի: Էդրիենը նշել է, որ թեպետ շատերն իրենց հիացմունքն ու զարմանքն են հայտնում, կան նաև այնպիսի մարդիկ, ովքեր ոչ պատշաճ մեկնաբանություններ են գրում իր տեսանյութերի տակ:

Նա փորձում է հնարավորինս մաքուր պահել իր ալիքը՝ ջնջելով վիրավորական բնույթի մեկնաբանությունները: Էդրիենի ընկեր Հեջեդուսը ևս նյարդայնանում է՝ վիրավորական մեկնաբանություններ կարդալով ընկերուհու տեսանյութերի տակ, սակայն նա գիտակցում է, որ ինտերնետային տրոլների դեմ պայքարելն ուղղակի անհնար է: Հարցազրույցներից մեկի ընթացքում նա նշել է.
Եթե ես կարողանայի պայքարել ինտերնետի դեմ, ես կպայքարեի, սակայն ես այս հարցում անզոր եմ: Միայն կարող եմ կոչ անել քոմենթչիներին. հարգե՛ք այն մարդուն, ում լեզվի մասին խոսում եք: Ահա այն ամենը, ինչ ուզում եմ ասել նրանց:
Էդրիենը նաև շատ երկրպագուներ ունի, ովքեր հիանում են նրա աճպարարական հնարքներով: Դիտումների մեծ քանակը թույլ է տալիս Էդրիենին ոչ միայն երկրպագուների բանակ ձեռք բերել, այլև կլորիկ գումար աշխատել:





