Հերթական անգամ ականատես եղանք նրա, թե ինչպես կարելի է զանգվածային թյուրիմացության մեջ ընկնել զուտ այն բանի պատճառով, որ պետական կառավարման ներկայացուցիչները չեն կարողանում հոդաբաշխ բացատրել օրենսդրական նախաձեռնությունների էությունը, իսկ քաղաքական սպեկուլյանտները դրանց տալիս են սխալ շեշտադրումներ։
Ուշադիր ուսումնասիրեցի «Խոպանչիներին հարկելու» մասին օրինագիծը և դրան հարակից կուլիսային խոսակցությունները և պարզեցի, որ նախևառաջ՝ խոպանչիների հետ այդ օրինագիծը, մեղմ ասած, քիչ կապ ունի, քանի որ հարկվելու են ոչ թե անհատներ, այլ կազմակերպություններ։ Ընդ որում, ոչ թե ցանկացած կազմակերպություն, որը Ռուսաստանում է գործում, ու որտեղ հայ խոպանչիներ են աշխատում, այլ բացառապես այն կազմակերպությունները, որոնք գրանցված են Հայաստանում ու գործում են Ռուսաստանում։
Ավելի շատ բացենք տողատակերը։ Ըստ էության, օրենքն ասում է, որ Հայաստանում գրանցված կազմակերպությունները, որոնք գործում են Ռուսաստանում, այսուհետ հարկերը մուծելու են ոչ թե ՌԴ բյուջեին, ինչպես նախկինում էր, այլ Հայաստանի պետբյուջե, ինչը հնարավոր է դարձել ԵԱՏՄ-ին անդամակցելու շնորհիվ, որով մենք փաստացի նույն տնտեսական գոտու մեջ ենք մտնում։ Իհարկե, նման նախաձեռնությունն արվել է Ռուսաստանի հետ համապատասխան համաձայնության գալուց հետո, և ըստ էության Ռուսաստանը մեզ զիջում է տարեկան մի քանի տասնյակ միլիոն դոլար եկամուտ ունենալու հնարավորություն և դա անում է այդ թվում նաև նրա համար, որ իրենց մասշտաբների պարագայում դա զգալի թիվ չէ, իսկ մեր պարագայում զգալի է։ Անում է նաև նրա համար, որպեսզի Հայաստանում կարողանա խոսել ԵԱՏՄ-ին անդամակցելու շահավետության մասին։
Ըստ կուլիսային խոսակցությունների՝ իրական պատկերը հետևյալում է. այս կերպ Ռուսաստանի հայ մեծահարուստները, Հայաստանի իշխանությունները և Ռուսաստանի իշխանությունները եկել են համապատասխան համաձայնության, որով նույն Տաշիր Սամոն, Արա Աբրահամյանը և այլ ռուսաստանահայ բիզնեսմեններ մասամբ ու կամավոր գալու են Հայաստանի հարկային դաշտ, կազմակերպություններ են գրանցելու այստեղ, որոնք գործելու են Ռուսաստանում, իսկ հարկերը մուծելու են մեր բյուջե՝ ապահովելով դրա եկամտային մասի կատարողականությունը։ Ըստ էության, հայ գործարարների համար տարբերություն չկա, թե որտեղ մուծել, որովհետև որքանով որ ես եմ հասկանում, համապատասխան հարկերը թե՛ Ռուսաստանում, թե՛ Հայաստանում նույնն են, դե իսկ մենք էլ համեստորեն օգուտ ենք քաղում այդ ամենից։
Այնպես որ, դադարեցրեք խուճապային տրամադրությունները, ոչ ոք խեղճուկրակ խոպանչիներին չի պատրաստվում հարկել, առավել ևս, եթե նրանք գրանցված չեն։ Հարկվելու են գրանցված խոպանչիների գործատուները, ովքեր այսպես թե այնպես այդ հարկերը մուծում էին, պարզապես հիմա մուծելու են մեր բյուջե։ Օրինագիծն, ըստ իս, շատ լավն է ու գործարկվելու դեպքում գոնե կնպաստի նրան, որ անցած տարեվերջի պես արտարժույթի կուրսի տատանումների վրա սպեկուլյացիաներ անելով՝ ստիպված չլինեն բյուջեի պակասորդը լրացնել։