Սերգո-ԿարապետյանAraratnews.am-ը գրում է.

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր մասնակցել է «Ինվեստ Արմենիա» գործարար համաժողովին, որը կազմակերպվել էր «Business partners of Armenia» ընկերության կողմից Երևանի քաղաքապետարանի, ՀՀ էկոնոմիկայի, ՀՀ գյուղատնտեսության և սփյուռքի նախարարությունների, ինչպես նաև ՀՀ արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության աջակցությամբ:

Համաժողովի նպատակն էր հանգամանալից ներկայացնել Հայաստանի տնտեսության ներկա ներուժն ու ներդրումային հնարավորությունները, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելուց հետո Հայաստանի տնտեսության առջև բացվող հեռանկարները:

Ողջունելով համաժողովի մասնակիցներին, նախարար Սերգո Կարապետյանը նշել է, որ թեպետ վերջին տարիներին գյուղատնտեսության բնագավառը Հայաստանում դինամիկ զարգացում է ապրում, սակայն այս ոլորտում դեռևս առկա են խնդիրներ, որոնց լուծման համար անհրաժեշտ են ներդրումներ:

«Գյուղատնտեսության ոլորտում կան մի շարք ճյուղեր, որոնցում առկա է հնարավորություն ավելացնել արտադրության և արտահանման ծավալները: Հատկապես այդ հանգամանքը կարևորվում է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմաններում, որը մեր երկրի առջև մեծ շուկա է բացել, և մենք կարող ենք ոչ միայն կրկնապատկել, այլև եռապատկել մեր արտահանման ծավալները», – նշեց նախարարը:

Սերգո Կարապետյանը վստահություն հայտնեց, որ այս համաժողովը հրաշալի հարթակ է գյուղատնտեսության ոլորտում Հայաստանի ներդրումային ներուժը ներկայացնելու և արտասահմանցի գործարարների հետ նոր գործարար կապեր հաստատելու համար` հավելելով, որ համաժողովի շրջանակում տեղի կունենա նաև շնորհանդես, որտեղ կներկայացվեն գյուղատնտեսական ներդրումային ծրագրերը:

Ֆորումին կից գործում էր նաև հայաստանյան տարբեր ընկերությունների արտադրատեսակների ցուցահանդես: Համաժողովի ընթացքում նախարարը շրջեց տաղավարներով և ծանոթացավ ներկայացված ապրանքատեսակներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել