Պարզապես ապշել կարելի է մեր քաղաքական գործիչների գավառամտության ու քարոզչական տեխնոլոգիաներից հեռու լինելու աստիճանի վրա։ Պատրաստ են հանուն իրենց փիառի միլիոնավոր դոլարներ ծախսել՝ մանկլավիկների բանակ պահելու համար, բայց երբ մաքուր փիառի հնարավորություն է ընձեռնվում, սրանք ափսոսում են փող դնել դրա մեջ և իրոք դրական էմոցիաներ առաջացնել ազգաբնակչության լայն շերտերի մոտ։
Օրինակ՝ զարմանում եմ, թե ինչու մինչև հիմա նույն Կառավարությունը չի օգտվել այդ հնարավորությունից ու իր պահուստային ֆոնդերի հաշվին չի գնել Վիլյամ Սարոյանի տունը։ Չէ՞ որ ժամանակին նույն պահուստային ֆոնդերի հաշվին Պարույր Հայրիկյան էին խաղացնում ու բավականին անցավ 50.000 դոլար գումար հատկացրեցին նրան։ Իմ կարծիքով՝ սարոյանական ժառանգությունն անգամներով ավելի բարձր նշանակություն ու արժեք ունի մեր ժողովրդի համար, քան Հայրիկյանի ձեռքի շարժունակությունը։
Լավ, կառավարությունն ու հարկատուների փողերն էլ մի կողմ։ Մի՞թե չունենք հարուստ քաղաքական գործիչներ, ովքեր այդ 100-200 հազար դոլարը ծախսում են մեկ օրվա մեջ ու մի հատ օֆ չեն անում։ Ինչո՞ւ չեն ուզում պատմության մեջ մեկ անգամ այդ փողերը հանրօգուտ գործի համար ծախսել։
Անհատներին էլ մի կողմ դնենք ու անդրադառնանք կուսակցություններին։ Սա ամենևին չի նշանակում, որ սա բացառապես ՀՅԴ-ի պատասխանատվությունն է, բայց նույն դաշնակցությունն այնպիսի հզոր ներկայացվածություն ունի նույն ԱՄՆ-ում, որ շատ այլ կուսակցություններ, նույնիսկ ամերիկյան կուսակցություններ, կնախանձեին։
Եվս մեկ օպցիա քննարկենք. ամեն տարի Համահայկական մարաթոնի շրջանակներում տասնյակ միլիոնավոր դոլարներ են հավաքվում, ու միշտ չի, որ այդ փողերը հասկանալի բաների վրա են ծախսում։ Եթե հիշողությունս չի դավաճանում, Համահայկական Հիմնադրամը ժամանակին 6 միլիոն դոլար էր ծախսել այդ փողերից Սևանում յախտ-կլուբ կառուցելու համար...
Ասածս այն է, որ Սարոյանի տունը գնելու անթիվ ու անհամար հնարավորություններ ու տարբերակներ կան, ինչպես պետական ու քաղաքական, այնպես էլ անհատական-հասարակական մակարդակներում, և ինձ համար խորապես անհասկանալի է, թե այդ բոլոր տարբերակներից ինչու ոչ մեկն այդպես էլ չի գործարկվում։ Սպասում են, որ ո՞ւշ լինի։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1575469866052285&id=100007678606149¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել