Newsline.am-ը գրում է.

Թուրքիան մտահոգված է Հայաստանի ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետները 10 տարով՝ մինչև 2026 թվականը երկարաձգելու որոշմամբ, գրում է Daily Sabah-ը:

Մայիսի 5-ին  Ազգային ժողովը՝ 114 կողմ և 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ, ընդունեց 2014 թվականի դեկտեմբերի 20-ին Մոսկվայում ստորագրված «ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման հարցում համագործակցության մասին» համաձայնագիրը:

Իսկ, ահա, 111 կողմ, 1 դեմ և 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ՝ հավանության արժանացրեց նաև Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ֆինանսավորման համար ՀՀ կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին համաձայնագիրը, որով նախատեսվում է ՌԴ կառավարության կողմից մինչև 270 մլն դրամ վարկի տրամադրումը:

Թուրքական պարբերականը գրում է, որ Մեծամորի ատոմակայանը հայ-թուրքական սահմանից ընդամենը 15 կմ հեռավորության վրա է գտնվում, ինչ նշանակում է, որ այն զգալի վնասներ կարող է հասցնել հենց Թուրքիային:

Խոսելով Մեծամորի ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետները երկարաձգելու՝ ՀՀ ԱԺ որոշման մասին՝ Թուրքիայի Էներգետիկայի և բնական պաշարների նախարար  Թաներ Յըլդըզը հայտարարել է, որ «Թուրքիայի չի կարող ընդունել այն փաստը, որ իր սահմանին այսքան մոտ ատոմակայան է գործարկվում միայն այն պատճառով, որ Հայաստանն էներգետիկ կարիքներ ունի»:

Յըլդըզը հայտարարել է նաև, որ ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետները երկարածգելու որոշումից անմիջապես հետո Թուրքիան մի շարք քայլեր է կատարել՝ այն կանխելու համար:

Թուրքիայի Էներգետիկայի և բնական պաշարների նախարարը քննադատել է բնապահպաններին, որոնք, ըստ նրա, անտարբերություն են դրսևորում Մեծամորի ատոմակայանի նկատմամբ:

Յըլդըզը բնապահպանական ակտիվիստներին կոչ է արել բողոքի երթ անցկացնել Մեծամորի ատոմակայանի գործարկման դեմ:

«Եկեք Իգդիրում միասին բողոքի երթ իրականացնենք՝ ընդդեմ Մեծամորի ատոմակայանի: Ես չեմ հասկանում, թե ինչպես կարող են որոշները նույն կերպ չարձագանքել Մեծամորի ատոմակայանի աշխատանքներին, ինչպես, օրինակ, արվում էր Թաքսիմում մի քանի ծառերի հատման դեպքում»,- ասել է Թուրքիայի Էներգետիկայի և բնական պաշարների նախարարը՝ նկատի ունենալով Ստամբուլում Գեզի այգու համար բնապահպանների բողոքի ակցիաները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել