Newsline.am-ը գրում է.
Հազարավոր ցուցարարներ Իրանում դուրս են եկել փողոց և հյուրանոց հրկիզել: Բողոքի ալիքը բարձրացել է Իրանի Մահաբադ քաղաքում նույն հրկիզված հյուրանոցի մաքրուհու մահից հետո: 25-ամյա կինը դուրս էր ցատկել քաղաքի միակ չորսաստղանի հյուրանոցի հինգերորդ հարկից՝ փորձելով փրկվել բռնությունից, գրում է РИА Новости-ն:
Հաղորդվում է, որ մաքրուհուն բռնաբարելու փորձ էր կատարել իրանցի մի պաշտոնյա, ով համապատասխան ծառայության դիմաց հյուրանոցի սեփականատիրոջը խոստացել էր հյուրանոցին 5-աստղանիի կարգավիճակ տալ: Կինը ցատկել էր պատշգամբից և ստացած վնասվածքների պատճառով մահացել: Քաղաքապետը հաստատել է բռնաբարության փորձի մասին տարածված տեղեկատվությունը:
Կաստածյալը զերբակալվել է: Չնայած այս հանգամանքին՝ հյուրանոցի առաջ հավաքված հազարավոր ցուցարարներ հրկիզել են հյուրանոցի շենքը, որտեղ տեղի է ունեցել միջադեպը: Հրկիզվել են հյուրանոցի բոլոր հինգ հարկերը:
Անվտանգության ուժերն արցունքաբեր գազի միջոցով փորձել են ցրել ցուցարարներին: Մի քանի մարդ վնասվածքներ է ստացել: Տեղական Rudaw հեռուստաընկերության փոխանցմամբ՝ քաղաքապետը տեղացիներին կոչ է արել հանդարտություն պահպանել և սպասել փորձաքննության արդյունքներին, որից հետո միայն պարզ կդառնա 25-ամյա կնոջ մահվան պատճառը: