Փորձելով գիտական տեսանկյունից բացատրել սերը՝ էլ ինչ ասես, որ չեն անում գիտնականները. արյունն են հետազոտում, չափում զարկերակը, վերլուծում մարդկանց վարքը: «Health&science» ամսագիրը հավաքել է այս ոլորտի 10 խոշոր բացահայտումներ:
1. Սերը նման է կոկայինի
Սիրահարված մարդու ուղեղի տոմոգրաֆիան բացահայտում է մի շատ հետաքրքիր մանրուքներ. այդպիսի մարդու մոտ շատ ուժեղ գրգռված են, այսպես կոչված, պարգևների համակարգի համար պատասխանատու երկու գոտիները: Գիտնականները դա վերագրում են սովորաբար հաճույքի զգացում առաջացնող նյութի` դոֆամինի բարձր դոզաների ազդեցությանը: Այս փաստն ուշագրավ է, քանի որ ուղեղի այդ ոլորտները նման ուժով արձագանքում են միայն կոկայինին:
2. Սերը՝ որպես գոյատևման միջոց
Երկարաժամկետ զույգեր կազմող կենդանիների հարաբերություններում գիտնականները առանձնացրել են երեք փուլ՝ ցանկություն, սեռական հակում և կապվածություն: Ցանկությունը` սեռական բնազդը ուղղված չէ կոնկրետ մեկին (ինչպես որ սովի, ծարավի և այլ հիմնական կարիքները բավարարելու դեպքում): Սեռական հակումն արդեն ենթադրում է կոնկրետ օբյեկտի առկայություն ու նրա վրա կետրոնանալու ցանկություն: Կապվածությունը բազմանալու երկարաժամկետ ծրագրին միտված ամուր կապ է: Գիտնականները եզրահանգել են, որ մարդկային ռոմանտիկ սերը կենդանիների երկրորդ` սեռական հակման փուլի ձևափոխված տարբերակն է: Մեր նախնիների մոտ այն հայտնվել է որպես գոյատևման միջոց: Այլ կերպ ասած, սերն օգնում է ուժերի «տնտեսմանը»` տեսակի շարունակականություն ապահովելու համար միակ զուգընկերոջը գտնելով:
3. Սերը տևում է 1,5-ից մինչև 3 տարի
Եվ այս թեզին կա կենսաբանական հիմնավորում. մեր նախնիների մոտ նման ժամկետը երաշխավորում էր հոր մասնակցությունը մոր և մանկան կյանքին առաջին և ամենադժվար ամիսների ընթացքում: Սակայն և դա պարադոքս է. երբ կան խոչընդոտներ, ինչպիսիք են անփոխադարձ կապը, բաժանումը, ժամանակացույցի մեջ մեծ տարբերությունը, սերը կարող է շատ ավելի երկար տևել...
4. Սերը կույր է
Գերմանացի հետազոտող Անդրեաս Բարտելի «Health&science» ամսագրին ուղարկած նկարներից պարզ երևում է, որ սովորաբար չսիրահարված մարդու ուղեղում ակտիվ գոտիները քնած են: Դրանք բացասական հույզերի և ռացիոնալ որոշումների գոտիներն են:
5. Որտեղի՞ց է առաջանում դեպրեսիան
Սիրո մեջ դժբախտ մարդն անցնում է երկու փուլ: Սկզբում դոֆամինի մակարդակն ավելի է բարձրանում, որի արդյունքում էլ առաջանում է զայրույթն ու սիրո է՛լ ավելի սուր զգացումը: Սակայն վաղ թե ուշ գալիս է երկրորդ փուլը. դոֆամինն ընկնում է միջինից ցածր մակարդակի, ինչն էլ առաջացնում է դեպրեսիա:
6. Սերը կախվածություն է
Քանի որ ըստ ազդեցության սերը նման է կոկայինի, գիտնականները խորհուրդ են տալիս դժբախտ սերը բուժել թմրամոլության նման: Անհրաժեշտ է հեռացնել զգացմունքը խթանող և հիշեցնող ցանկացած բան. դեն նետել բոլոր լուսանկարները, չզանգել և բոլորովին նոր զբաղմունք գտնել: Ինչպես ասում են` լիակատար restart:
7. Սերը կարելի է դեղորայքով բուժել
Սիրահարների արյան մեջ տեղի են ունենում լուրջ քիմիական փոփոխություններ. մեծապես նվազում է կարևոր` սերոտոնին հորմոնը: Գիտնականները մեղադրում են արդեն հիշատակված դոֆամինին` վերահսկման համակարգն անջատող և մեզ խելագարության դրդող այս բնական նարկոտիկին: Սիրո հողի վրա կատարված հանցագործությունների վիճակագրությունն այնպիսին է, որ Ամերիկայում լրջորեն խոսում են դեղորայքով բուժելու մասին:
8. Սերոտոնինը սպանում է սերը
Եթե մկանը տրվի սերոտոնինի մեծ դոզա, նա կմերժի իր մշտական զուգընկերոջն ու կզուգավորվի ցանկացածի հետ: Բացատրությունը հետևյալն է. սերոտոնինն իջեցնում է դոֆամինի մակարդակն ու, հետևաբար, սիրո աստիճանը, բայց ոչ` ցանկությունը: Կարևոր է հիշել, որ սերոտոնինի մակարդակը բարձրանում է ժամանակակից հակադեպրեսանտների ազդեցության տակ:
9. Նորը փրկում է սերը
Օտար երկիր ժամանելիս, նոր հյուրանոցում գտնվելիս շատ զույգեր կրկին ընդունակ են խելագարության: Ի պատասխան ցանկացած նորության՝ ուղեղում նորից բարձր չափաքանակով դոֆամին է արձակվում և կարող է ազդակ տալ հին սխեմաներին: Օրինակ` նույն առաջնային ցանկությունն ու հրապուրանքը: Ամերիկացի հոգեբաններն արդեն երկար տարիներ խորհուրդ են տալիս բոլոր զույգերին ամենշաբաթյա ժամադրություններ անել, սակայն պետք չէ գնալ միշտ նույն ռեստորանը: Պետք է փնտրել նորը:
10. Տղամարդիկ սիրում են աչքերով
Սիրահարվածության ժամանակ տղամարդկանց մոտ ակտիվանում է ուղեղի մեծ կիսագնդերի` տեսողության համար պատասխանատու գոտին: Զարմանալի չէ, որ ասում են, թե տղամարդիկ աչքերով են սիրում: Կանանց մոտ ակտիվ է հիշողության հետ կապված գոտին և, որպես հետևանք, կանայք շատ լավ են հիշում սիրավեպի առաջին փուլի բոլոր մանրամասները: