Էս տերտերներն արդեն երրորդ անգամ մի խայտառակ թեզ են առաջ հրում, իբր ով քրիստոնյա չէ՝ հայ չէ, մոտավորապես: Վերջին անգամ նման ելույթ տարիուկես առաջ էր եղել, ասելիքս ասի ու տարիուկես թարս խոսք ասած չկամ իրենց, իրենց հավատալիքների, իրենց աշխարհընկալման հասցեին, երբեք չեմ ծաղրել հավատացյալների հավատը, երբեք էլ չեմ ծաղրելու, դա ինձ համար խոսքի ազատության բաղադրիչ է, աշխատել եմ հեռու մնալ իրենցից ու իրենց հետաքրքրություններից, գործերից, մտածել եմ` հմի կարող է ես եմ սխալ...
Բայց դատելով հայ ժողովրդի մի մասի վրա սրանց վառած կայֆերից` սա վերջ չի ունենալու, հետո հիշում եմ, որ էլի մի բան կա, որ վերջ չունի, հասարակ մարդկային հիմարությունն է: Հիմա, սա վնասո՞ւմ է մեզ` պետությանը, ժողովրդին, ազգին, թե՞ չէ: Կարծում եմ՝ էս տեսակ զառանցանքները, ում վրա էլ հղում անեն, վնասում են, կարծում եմ, որ օրինակ, ես անցած 1,5 տարում կարող էի օգտակար լինել եկեղեցուն, հոգեւոր դասին, շատ քիչ, բայց կարող էի, չեղա: Դա իրենց կարող է չհուզել, ինձ մտածել է տալիս: Իրենց մտածել չի տալիս: Ու էլի համանման վնասներ են եղել ու լինելու են, մենակ ես չեմ այսպես ծանր տանում էս կարգի զառանցանքները: Շարունակեք էլի կտրել, էլի զատել, փոքրացնել, կռվացնել, թարսել, վերջը՞:
Թե հնից ինչ-ինչ բաներին հենվելով են հայտարարում, որ ով քրիստոնյա չէ` հայ չէ, կամ ով առաքելական չէ` հայ չէ, սրանք էնքան են կտրվել իրականությունից ու աշխարհից, որ չեն կռահել, որ կղերական դոգմաներից հրաժարվելու ժամանակն է, դրանք գոնե վերանայելու ժամանակն է, դրա համար լուսավոր մարդու բանականություն է հարկավոր ունենալ, չէ, բոլորովին, իրենք մնացել են իրենց պլպլան ակվարիումներում, ճիշտ անօրեն իշխանությունների պես, շարունակ համարում են, որ հավատացյալներն են եկեղեցու և իրենց համար, ոչ թե իրենք ու եկեղեցին` մարդկանց: Էն օրը գերեզմանոցում հոգևորականը խաչը կոխում է բերանս, թե` համբուրի, երևի հեզ էի` շփոթել էր, մի կերպ շշուկով ասացի.- Տեր հայր, խելքս չի հասնում,-ուրիշ բան չասացի, փորձեցի անցնել, ասում է.-Խելք հասնելու հարց չէ, հարգանքի հարց է...,-ընկերոջս հայրն էր հանգուցյալը, չուզեցի համը հանել, սուսուփուս անցա: Սրանք չեն ուզում հասկանալ, որ մարդ կարող է լինել` իրենց պես չմտածի: Սրանք շարունակում են մեր փոխարեն որոշել մեր ինքնությունը, մնացել են 4-5-րդ դարերում ու հրնդում են իրենց էշն առաջ, այ մարդ, սկսեք սիրել բոլորին, վերջապես, դա չէ՞ր քրիստոնեության իմաստը, թե՞ լավ չեմ հիշում:
Մի հատ էլ էս տոնայնության կամ օկտավայի ծլնգոց լսեցի, ես բանուգործ կթողնեմ ու կսկեմ բացատրել քրիստոնեության իմ հասկացած իմաստը, իրենց տեղն ու դերն այդ արանքներում, հետո կսկսեմ իսլամ բացատրել, հետո սինտոիզմ, հետո սիկղիզմ, հետո ուրուշ բաներ, տեսեք՝ ինչ թիթեռներ եմ նկարելու, գնաք, հասնեք Խոր Վիրապ, տեսնեք՝ էդ փոսն ընչի՞ էնքան խորը չէր: