Թուրքիայից ներկրվող թռչնամիսը, ձուն ու ֆերմերական այլ հումքի ներկրումը բազմիցս դժգոհության առիթ են հանդիսացել հայրենական ֆերմերների համար: Մասնավորապես ձվի ու թռչնամսի արտադրողները բողոքում էին շուկայում թուրքական ցածրորակ և էժանագին պրոդուկտի առկայությունից:
Այսօր ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանի մայիսի 7-ի հրամանով՝ 2015 թվականի մայիսի 7-ից արգելվել է Թուրքիայի Հանրապետությունից ՀՀ տարածք ներմուծել կենդանի թռչուն, թռչնամթերք, հումք (փետուր, աղվամազ), ապրանքային և ինկուբացիոն ձու, ոսկրային ալյուր, կերեր, լրացակերեր (բացառությամբ սինթետիկ և քիմիական նյութեր պարունակող լրացակերերի), պոլիմերային և ստվարաթղթե պալարային տուփեր և միջադիրներ մինչև կարանտինի չեղյալ հայտարարելը:
Այս որոշումն ունի թե դրական և թե բացասական միտումներ.
1.Շուկայում թուրքական ապրանքի բացակայությունը կարող է շուկայում տվյալ ապրանքի դիֆիցիտ առաջացնել, որի հետևանքով էլ կարող է տեղի ունենալ տվյալ ապրանքի գնի ավելացում։
2.Սա շատ լավ հնարավորություն է շուկայում դիրքերի ամրապնդման, ծավալների ավելացման և շուկայի դիֆիցիտի լրացման համար։
Ճիշտ է՝ առաջին տարբերակի ռիսկը մեծ է, բայցևայնպես կարծում եմ, որ մեր տեղական արտադրողները կդրսևորեն խոհեմություն ու շուկայի դիֆիցիտի պայմաններում շահույթի մեծացումը կանեն ոչ թե պրոդուկտի թանկացման, այլ արտադրության և վաճառքի ծավալների ավելացման միջոցով:
Ենթադրում եմ, որ ապօրինի գնաճի կանխարգելման և պատժամիջոցների կիրառման ուղղությամբ պետությունը ևս կմշակի հստակ մեխանիզմներ:
Ինչևիցե, սպասենք արդյունքներին: