Արմանին անուն կպցնողը հաստատ տանը հայելի չունի կամ դեռ առաջին դասարանցու համար նախատեսված տրամաբանական խնդիրների լուծման վրա է նստած:
Շատ նորմալ է, երբ վերջին օրերի ընթացքում շատերի համար Արմանը` հայտնի տաքսիստը, դարձավ երևույթ ու արժանացավ հիացմունքի ու դրական գնահատականի, սակայն չեմ կարողանում հասկանալ բոլոր նրանց, ովքեր անմիջապես սկսեցին այդ երիտասարդին սևացնել` դա համարելով իրենց ճիվաղ էության սուրբ պարտքը:
Վերջին շրջանում անհետաքրքիր, զոմբիացված ու համատարած անգյալ հասարակության մեջ հայտնվել է մեկը, որը ժողովրդական խոսքով ու ջիգյարով բարձրաձայնում է այն, ինչի գիտի, ու ինչը հուզում է յուրաքանչյուր նորմալ մարդու, բայց ինչի մասին, գուցեև խորը հիասթափության պատճառով, ոչ մեկս ուղղակի չի խոսում: Մարդը ոչ հայհոյում է հայհոյանքի արժանիներին, ոչ վարկաբեկում է անբարոյականներին, ոչ պաշտոնի համար է իրեն ճղում, ոչ քյաբաբային հացադուլ է անում, ոչ ֆբ-ում քֆուր է գրում, ոչ ժամանակավոր ու պաշտոնատենչ բարեգործություններ անում, ոչ ամպագոռգոռ հայտարարություններ անում, որ բռնեն փակեն ու գրանտները կայուն շարունակեն հոսել... Ոչ էլ հիասթափված, լոքշ, վախկոտ ու աբիժնիկ գործունեությամբ է զբաղվում...
Մարդը ծայրահեղ հասկանալի բառապաշարով ներկայացնում է խնդիրը, տալիս է խնդրի տրամաբանական լուծման տարբերակը` չմոռանալով նշել անտրամաբանական, բայց գոյություն ունեցող թերացումների մասին ու պահանջելով հարցին արդար ու մեծ հաշվով ոչ մեկին չվնասող հարցի լուծում: Այլ կերպ ասած՝ ծամում, դնում է պատասխանատուի բերանը, հերիք չի, մի բան էլ կուլ տալն է օգնում:
Այս տղայի ի՞նչը դուրներդ չեկավ, այ ապաշնորհ հավերժ հեղափոխականներ...
Այ սա է պատճառը, որ այսօր ոչ թե հեղափոխություն անող չկա, որովհետև անողներն արտագաղթել են, այլ որովհետև իրական հեղափոխականի համար ամենամեծ հարցն է ծառացել` լավ, ո՞ւմ համար պայքարես կամ հեղափոխություն անես։
Չհոգնեցի՞ք արդյոք 20 տարուց ավել Գյուլնազ տատու հեքիաթներով սնվելով դեգրադացվելուց։ Թաղվել եք ձեր պռուժինը դուրս եկած դիվան-բազկաթոռների մեջ, մտովի ամեն օր սրան-նրան եք հայհոյում, հերիք չի, հիմա էլ ուրիշի ընտրած պայքարի ձևին ու ոճին եք անուն դնում: