Նաիրի Հունանյանը |
Հոկտեմբերի 26-ին ԱԺ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Էլինար Վարդանյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Տիգրան Ստեփանյանը և Վահե Էնֆիաջյանն այցելել էին «ԿԳԲ-ի պադվալ»: Այս այցն էականորեն տարբերվել է նախորդներից, քանի որ նրանք հանդիպել են հոկտեմբերի 27-ի ոճրագործների պարագլուխ Նաիրի Հունանյանի հետ: Կարեն Հունանյանի հետ հանդիպում քրեակատարողական հիմնարկի ղեկավարը խորհուրդ չի տրվել, քանի որ, ինչպես փոխանցել են պատգամավորներին, Կարեն Հունանյանը հոգեպես անհավասարակշիռ վիճակում է` անընդհատ խոսում է:
Պատգամավորների մի մասը` տղամարդիկ, ցանկություն են հայտնել տեսնելու Հունանյաններին՝ դա բացատրելով հասարակության մեջ տարածված այն խոսակցություններով, որ Հունանյանները սպանված են կամ գտնվում են Հայաստանից դուրս, և լավ կլինի, եթե անձամբ հնարավորություն ունենան տեսնել կալանավորներին: Կարեն Հունանյանի դեպքում բացվել է միայն բանտախցի դիտանցքը` «վալչոկը»: Պատգամավորները տեսել են հեռուստացույցի մոտ նստած Կարեն Հունանյանին, ով իսկապես խոսելիս է եղել:
Պատգամավորների շփումը Նաիրի Հունանյանի հետ բավական կարճ է տևել: Հայտնի է միայն, որ Վահե Էնֆիաջյանը Հունանյանին հարցրել է, թե արդյոք նա փոշմանել է իր արածի համար: Նաիրի Հունանյանի պատասխանները բավական անորոշ և անհասկանալի են եղել: Մասնավորապես, նա ասել է, որ իրենց բոլորի հոգիներն իր մեջ են: Համենայն դեպս, իր արածի համար զղջման կամ փոշմանելու մասին ոչ մի խոսք նա չի ասել:
Պատգամավորները հանդիպումից հետո քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունից հետաքրքրվել են, թե արդյոք Նաիրի Հունանյա՞նն էլ չունի հոգեկան շեղումներ, քանի որ չի հասկացվում, թե ինչ է ասում: Նրանց պատասխանել են, որ, ի տարբերություն Կարեն Հունանյանի, ով իսկապես որոշ հոգեկան շեղումներ ունի, Նաիրի Հունանյանը միանգամայն առողջ է, սակայն մտածված այդպիսի վարքագիծ է դրսևորում: Չնայած այդ հավաստիացումներին՝ պատգամավորների մոտ կասկածներ են մնացել, որ Նաիրի Հունանյանը ևս որոշակի շեղումներ ունի:
Նշենք, որ «Երևան» քրեակատարողական հիմնարկ այցելած բոլոր հինգ պատգամավորներն էլ 1999թ. հոկտեմբերի 27-ին պատգամավոր չեն եղել և, բնականաբար, ահաբեկչության օրը չեն եղել ԱԺ դահլիճում: Այն մարդիկ, ովքեր եղել են դահլիճում, բոլորովին այլ զգացողություններ կամ ռեակցիա կարող էին ունենալ հանդիպման ժամանակ:
Եթե պատգամավորները մտել են Նաիրի Հունանյանի խուց, որպեսզի անձամբ համոզվեն, թե Նաիրի Հունանյանը ո՞ղջ է և գտնվո՞ւմ է ընդհանրապես «Երևան» քրեակատարողական հիմնարկում, որ հետո կարողանան հերքել հասարակության մեջ առկա տարաբնույթ խոսակցությունները, ապա առավել քան տարօրինակ է, որ նրանք որոշել են հանդիպումը գաղտնի պահել նույն հասարակությունից և լրատվամիջոցներից:
Աղբյուրը՝ 168.am