Վերջին շրջանում օր չի անցնում, որ հերթական մթոմ-աստղ չհայտնվի ու երեկ մեկ, էսօր երկու, մեկ էլ իրանց սկսում են դնել գերմարդկանց տեղ՝ լուսավորված, զարգացած, ճաշակով, օրիգինալ և անկրկնելի։ Միաժամանակ համ ծիծաղալուա, համ էլ ջղայնացնումա։ Հասկանում եք, երբ տեսնում ես հերթական լղոզված հավը կամ կաստրատի ձայնիկով մի հատ ղզողլան սկսումա իրան դնել մի այլ կարգի մշակութային ու հասարակական արժեք կրող անհատի տեղ, էդ արդեն սկսումա մարդու ջղայնացնել։ Ուզում եմ մի քիչ վերլուծեմ մեր շոու բիզնեսում նկատածս հոգեբանական շեղումները ու խնդիրները, բայց չեմ ուզում անուններով անդրադառնալ, ֆանատների զահլեն չկա։
Առաջին խնդիրը, որից կուզենայի խոսել, դա պատասխանատվության զգացման պակասն է։ Մեր աստղերից շատերը չեն հասկանում, որ իրենք կամա, թե ակամա դառնում են կրկնօրինակման առարկա ժողովրդի ինչ որ շերտի համար, հատկապես դեռահասների համար։ Ի՞նչ է իրենից ներկայացնում այդ պատասխանատվությունը։ Հայտնի դառնալուց հետո դու այլևս ամբողջությամբ քոնը չես, որովհետև անընդհատ գտնվում ես ուշադրության կենտրոնում ու քո ցանկացած արարք կարող է հանգիստ դառնալ կրկնօրինակման առարկա ասենք մի ինչ որ երկրպագուի համար։ Կարճ ասած, հայտնի դառնալով, դու դառնում ես էտալոն որոշ մարդկանց համար ու մասնակի պատասխանատվություն ես կրում այդ մարդու վարվեցողության ու մտածելակերպի համար, քանի որ հատկապես ֆանատերի մոտ, իրենց կուռքը դառնում է երկրպագման առարկա ու ցանկացած բան, որ իրենց կուռքն է անում ընկալվում է որպես բացարձակապես ճիշտ բան։
Երկրորդ առանձնահատկությունը, որ նկատում եմ մեր աստղերի մոտ՝ դա սուր անհանդուրժողականությունն է քննադատության նկատմամբ։ Հարգելիներս, ես չեմ, որ պետք է ձեզ բացատրեմ, որ հայտնիությունը բացի կույր սիրուց ու երկրպագուների բանակից միշտ բերում է նաև քննադատների ու անգամ ատողների բանակ։ Եթե դուք համակերպվում եք ձեզ երկրպագողների գոյության հետ ու դա նորմալ եք համարում, պետք է նույն կերպ էլ վերաբերվել դրանց անտիպոդներին, որովհետև սերն ու ատելությունը ձեռք-ձեռքի են գալիս։ Այնինչ, մեր շատ աստղեր խիստ ցավագին են տանում քննադատությունը, հատկապես, եթե այն արդարացված չէ։ Չէ, ես չեմ ասում, որ պետք է ուրախանալ երբ քեզ չեն սիրում կամ մեղադրում են անհիմն, ես ուղղակի ասում եմ, որ եթե ընդունում եք, որ ձեզ կարող են սիրել ու արդարացնեն առանց որևէ լուրջ պատճառի, ապա պետք է ընդունել նաև, որ նույն կերպ կարող են ատել ձեզ՝ չունենալով ոչ մի լուրջ պատճառ դրա համար։
Եկանք հասանք ամենացավագին կետին՝ ոմանց թերարժեքության բարդույթին ու դրա դրսևորումներին։ Նկատած կլինեք ինչ հաճախ են մերոնք սկսում կրկնօրինակել համաշխարհային կամ ռուսական շոու բիզնեսի հայտնի դեմքերին։ Փորձում են կրնօրինակել ոչ միայն հագնվելու կամ բեմական կերպարի ոճային նյուանսները, այլև կենսակերպը, հռետորիկան, անգամ սկանդալները։ Մի խոսքով, անհաջող քոփի փեյսթի տպավորությունը ինձ չի լքում, երբ ես մերոնց եմ նայում։ Ու իրենք էլ զգում են դա ու դա նրանց բարդույթը ավելի է խորացնում։ Այ հենց էդ թերիության գիտակցությունը սկսում է արդեն ուրիշ շեղումների զարգացման նպաստել, որովհետև «աստղը» շատ է ուզում իսկական աստղ լինել ու երբ օր-օրի տեսնում է, որ ինքը ընդամենը էժանագին կրկնօրինակ է ասենք Լեդի Գագայի կամ Դիմա Բիլանի, ինքը սկսում է մեղավորներ փնտրել ենթագիտակցաբար։ Բնականաբար, այս փուլում մարդը արդեն կորցնում է ինքնաքննադատական մոտեցում կիրառելու ունակությունը ու բնականաբար, մեղավորը դառնում են բոլոր նրանք, ովքեր իրեն Լեդի Գագայից ու Բիլանից ավելի լավը, կամ գոնե հավասար չեն համարում, այսինքն, ժողովրդի մեծ մասը։
Ու այ հենց էս պահից էլ արդեն սկսվում է հոգեբանական անջրպետի խորացումը։ «Աստղիկը» սկսում է հեգնանքով ու ատելությամբ վերաբերվել իրեն «չգնահատողներին», որովհետև նրանք առնվազն անմակարդակ են, անճաշակ ու ընդհանրապես հայվան, քանի որ չեն տեսնում տաղանդի կուրացնող փայլատակումը, որով օժտված է միմյայն ինքը։ Բնականաբար, իրենք սկսում են ամեն կերպ այդ «հայվաններից» տարբերվելու փորձերը, որը արտահայտվում է էկսցենտրիկ արտաքին տեսքով, հռետորիկայով ու հենց նույն աղանդավորական շարժումներին անդամակցելով։ Ու քանի որ իրենք մենակ չեն իրենց այս պոռթկումներում, իրենց հհոգեհարազատ դեմքեր սկսում են գտնել իրենց նմանների մեջ։ Այդպես էլ ձևավորվումա «Գլամուռնի տուսովկան», որը մեծամասամբ բանղկացած է նման մարդկային տիպի ներկայացուցիչներից։
Վերջում ուզում եմ ակնարկեմ, որ բնավ շոու բիզնեսի ոչ բոլոր ներկայացուցիչներին է գրածս վերաբերվում, անկասկած, կան նաև տաղանդավոր մադիկ, ովքեր ադեկվատ են ու վարում են մարդավայել ապրելակերպ։ Ոմանց հետ անձամբ եմ ծանոթ, ոմանց մասին լսել եմ, բայց ցավոք, վերջիններս գնալով վերածվում են փոքրամասնության մեր շոու բիզնեսում, որը ավելի ճիշտ կլինի այլևս կոչել շոու բազառ։