Հայացք եմ նետում 2008-ից առ այսօր մեր` միասին անցած ճանապարհի վրա: Անհանգիստ, փոթորկալից տարիներ, որոնք վճռորոշ դարձան Հայաստանի պետականության պահպանման համար:

2008 թվական, մարտի 1` եղբայրասպան աղետ, հասարակության պառակտում, որից հետո յուրաքանչյուրս իր մեջ հարց էր տալիս. այս ո՞ւր հասանք, ինչո՞ւ և ո՞ւմ համար:

2008 թվական, օգոստոսի 8` ռուս-վրացական պատերազմ, տարածաշրջանային լարվածություն, խորացած կոմունիկացիոն մեկուսացում, տնտեսական ահռելի վնասներ, աշխարհաքաղաքական նոր մարտահրավերներ:

2009 թվական` համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի կործանարար ալիքը հասավ Հայաստան: Տնտեսական անկում, սոցիալական բեռի սաստկացում, մեր կյանքը դարձավ էլ ավելի դժվար: Կառավարությունը ստիպված էր աշխատել «արտակարգ իրավիճակի» ռեժիմով՝ պահելով տնտեսությունը վերջնական փլուզումից:

Այս ամենին զուգահեռ տեկտոնիկ քաղաքական տեղաշարժեր Հարավային Կովկասում, Մերձավոր Արևելքում, Առաջավոր Ասիայում, եվրասիական ողջ մայրցամաքում:

Այս մարտահրավերներից յուրաքանչյուրը բավական կլիներ խարխլելու մեր պետականության հիմքերը, կասեցնելու նոր Հայաստանի զարգացումը, Արցախը հնարավոր կորստի մատնելու, ձախողված պետությունների շարքը դասելու համար:

Բայց մենք դիմացանք, հաղթահարեցինք այս բոլոր խնդիրները ՄԻԱՍԻՆ: Պահպանեցինք պետականությունը, ամրացրինք Արցախը, ամոքեցինք վերքերը, դեն նետեցինք արկածախնդրությունը, սովորեցինք ավելի հանդուրժող լինել ու ազատ ապրել՝ կառուցելով ավելի լավ Հայաստան յուրաքանչյուրի համար:

Շարունակելի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել