Նկատե՞լ եք, թե ինչ բեսպրեդել է տիրում հիվանդանոցներում։ Անունը դրել են պետպատվեր, անվճար պալատներ և այլն, բայց մեքենայությունների ու արհեստական խոչընդոտների միջոցով ստիպում են, որ մարդն անպայման կողմնակի ծախսեր ունենա։
Օրինակ՝ պալատների հարցը։ Որ հիվանդանոցը մտնես՝ մի աշխարհ լյուքս, կիսալյուքս, վիպ, կիսավիպ ու այլ վճարովի պալատներ կգտնես, իսկ եթե մարդ ես՝ գումար չունես, ուրեմն քեզ տեղավորում են ընդհանուր պալատներում, որոնք ասես հայերին Դեր Զոր տեղափոխող պարենային վագոններ լինեն՝ այնքան են լցված լինում։
Ես կտրականապես մերժում եմ ցանկացած «ողջամիտ» բացատրություն հիվանդներին այսպես կթելու մեջ։ Ի վերջո, խոշոր հիվանդանոցներից և ոչ մեկի շինարարության վրա այս պետությունը/մասնավոր սեփականատերերը ներդրումներ չեն արել, այլ իրենցով են արել Սովետից ժառանգություն ստացած ենթակառուցվածքները։ Փող գանձելով՝ մեծ հաշվով չեն տալիս ոչ մի նշանակալից բան, հանուն որի, ասենք, նույն վիպ պալատներում մնալու մեկ օրվա գինը 20000 դրամ են սահմանում։ Այն էլ որ մենակ հիվանդն ու իր հարազատներն են լինում այդ պալատում։
Սա իրոք խնդիր է ու ինձ համար ռացիոնալ որևէ բացատրություն չունեցող, ու կարծում եմ, որ առողջապահության նախարարությունը պետք է ոչ թե դեկլարատիվ հայտարարություններով, այլ կոնկրետ առարկայական գործողություններով վերացնի այս անհասկանալի իրավիճակը։ Ընդ որում, արդար կլինի, որ ծերերին ու սոցիալապես անապահով խավերին որոշակի նախապատվություններ հատկացվեն, որովհետև որքան էլ խոսվում է խնդրի մասին, սայլը, միևնույն է, տեղում է մնում։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1658597037704183&id=100006617070037¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել