Պայմանավորվածությունը ընտանիքների միջեւ ամրապնդվում էր թանկարժեք նվերներով՝ ոսկե մատանի, գունավոր շալ, այլ զարդեր: Այդ երեւույթը կոչվում էր "բեհ" տալ: Այժմ այդ արտահայտությունը կիրառում են բրոքերները տան առուվաճառքի ժամանակ:
Հարսի չինար բոյով եւ այլ տվյալներով հիանալուց հետո հարաբերությունները մտնում են այլ փուլ, որի գիտական անվանումն է "նշանդրեք": Աղքատ ընտանիքների մոտ խոսքկապն ու նշանդրեքը նույնացված էին, որ "ծախսը մի տեղ լինի": Վաղ առավոտյան փեսայի հայրը հարսի տուն էր ուղարկում համով, շատ համով ուտելիքեր՝ քաղցրեղեն, խմիչք, հաճախ` խորոված, իսկ իր տուն` հրավիրում սեփական ազգականներին, չէին մոռանում նաեւ քահանային եւ երաժիշտներին: Հետո վերցնում էին սկուտեղներ, արծաթե մատանի, հաճախ, նաև, փեսային և գնում հարսի տուն` նշան: Խմում էին կենացներ օջախի շենության, առողջության եւ այլ նման բաների համար: Երիտասարդներին մաղթում էին երկար, համատեղ կյանք, մի բարձի ծերանալ եւ շատ երեխաներ ունենալ: Քահանան երիտասարդներին խոհեմություն եւ հավատարմություն էր քարոզում:
Մատանին աղջկա մատին դնում էր փեսան, իսկ եթե նա շատ համեստ էր, այդ պատասխանատու գործն իր վրա էր վերցնում նրա մայրը: Հայաստանի այն վայրերում, ուր հավատքը մեծ դեր չուներ, քահանայի իմաստը չկար: Օրինակ, Սյունիքում նշանի արարողության ժամանակ սեղանը մնում էր չօծված, քանզի. "ազնիվ խոսքն ավելի կարեւոր է, քան սեւազգեստների օրհնությունը",- կարծում էին զանգեզուրցիները: Նշանի գործընթացի հաջող ավարտից հետո կողմերը սկսում էին խնամություն անել իրար. միմյանց օգնում էին բուրդ չփխել, գորգ լվանալ, նվերներ էին փոխանակում եւ այլն:
Նշանդրեքը 20-րդ դարում
20-րդ դարի 60-ական թվականներից հայերի մոտ սկսեցին ձևավորվել նոր ավանդույթներ: Հարսանիքի նախաձեռնողներն արդեն հանդիսանում են հենց իրենք` ապագա ամուսինները: Մի կողմ դնելով նախնիների կողմից դարերով մշակված բարոյական չափանիշները` երիտասարդները ծանոթանում են առանց բարդույթների: Միայն ծնողների համաձայնությունը չստանալու դեպքում են նրանք դիմում մեր պապենական մեթոդին. փախչում են:
21-րդ դար
Իսկ ահա 21-րդ դարում ամեն ինչ արդեն այլ տեսք է ստացել: Մեր օրերում շատ քչերն են պահպանում ավանդականը` նախապատվությունը տալիս են «Մոդեռնին»: Ճիշտ է թե սխալ չեմ կարող ասել: Յուրաքանչյուրը յուրովի մոտեցում է դրսևորում:
Հ. Գ. Ինչպիսի մոտեցում էլ ցուցաբերեք, արդյունքում ցանկությունն ակնհայտ է - Ամուր ընտանիք, կայուն հարաբերություններ, փոխադարձ հարգանք ու հարատև երջանկություն ... Եղեք երջանիկ ու ստեղծեք Ձեր ընտանիքը` տաքուկ անկյունը ...
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/alvina.babayan/posts/3763157728256
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել