Ո՞վ է ասել, որ մեր շոու բիզնեսում միայն անտաղանդներ են, ու ո՞վ է ասել, որ նույնիսկ նրանք, ովքեր շատ բաների համար են քննադատվում, բոլորն անխտիր բաղաձայն անտաղանդներ են, ովքեր հայտնիություն են ձեռք բերել ոչ իրենց աստվածատուր շնորհի համար։ Ընդհակառակը, որքան էլ մարդկանց քննադատես, կան բաներ, որոնք մերժելն անազնիվ է, իսկ որոշ երգչուհիների դեպքում էլ գուցե քննադատություն չլինի էլ, բայց չգիտես ինչու՝ նրանց վրա քիչ են ուշադրություն դարձնում։
Այսպիսով, այս անարդարությունն ու անհավասարությունը մեղմելու համար որոշեցի այս անգամ կազմել Ձեզ համար մի ցուցակ, որում կթվարկեմ իմ կարծիքով ամենագեղեցիկ ու ինքնատիպ ձայն ունեցող 12 երգչուհիների։ Ցուցակը մրցութային չէ, չկա առաջին ու վերջին տեղ, պարզապես թվարկում եմ, քանզի ստորև նշված մարդիկ խիստ տարբեր են ինչպես իրենց ձայնային տվյալներով ու առանձնահատկություններով, այնպես էլ իրենց երգացանկով, իսկ թե ով է առավել լավ ումից, թողնում եմ ընթերցողի հայեցողությանը։
1. Լուսինե Աղաբեկյան
Հայ սուպերսթար նախագիծը շատ շնորհալի երգչուհիներով թարմացրեց մեր շոու բիզնեսը, և այդպիսիններից մեկն էլ Լուսինե Աղաբեկյանն էր, ով ունի զրնգուն ու թարմ, հաճելի ձայն։ Գուցե նրա ամեն երգը չէ, որ հաջողված է ու հնարավորություն չի տալիս բացել նրա ձայնային տվյալները, բայց, անկասկած, հաջողվածներն էլ քիչ չեն, ու դժվար թե գտնվեն այնպիսիք, ովքեր կվիճարկեն Լուսինեի անվան ներկայության փաստն այս ցուցակում։
2. Աննա Խաչատրյան
Չնայած բազմաթիվ սկանդալներին այլ երգչուհիների հետ որոշ երգերի հեղինակային ու կատարման իրավունքների շուրջ՝ անուրանալի փաստ է, որ Աննա Խաչատրյանը հանդիսանում է մեր շոու բիզնեսի ամենագեղեցիկ ձայներից մեկը, որը նրան հնարավորություն է տալիս ընտրություն կատարել ժանրային լայն դիապազոնում։
3. Սոնա Ռուբենյան
Հայ սուպերսթարի ևս մի տղանադավոր սան, ով ունի գեղեցիկ ու ինքնատիպ ձայն, որը զարմացնում է իր մաքրությամբ, առավել ևս, որ Սոնան հիանալի տիրապետում է իր վոկալին ու կարողանում է առավել գեղեցիկ լույսի ներքո մատուցել մեզ իր շնորհը։
4. Էմմա Ասատրյան
Էմման իդեալական ձայն ունի ջազ ոճի համար ու կարողանում է հաջողությամբ հանդես գալ նաև փոփ-էստրադային ոճում, և արդյունքում էսթետիկական հաճույք ես ստանում՝ լսելով այս տաղանդավոր երգչուհու կատարումները։
5. Նարինե Դովլաթյան
Եվ կրկին «Հայ սուպերսթար» մրցույթի սան, ով, ի դեպ, մասնակցել է նաև «Նոր Ալիքին»։ Նարինեն մեր էստրադայի ամենախոստումնալի ներկայացուցիչներից մեկն է, ու նա այն եզակի ձայներից ունի, որ հավասարապես հաճելի է լսել ցանկացած ոճի կատարման մեջ։ Նարինեն հիանալի է ինչպես արտասահմանյան փոփ կատարումներ երգելիս, այնպես էլ մեր ազգային երգերը երգելիս, և դրանում, անկասկած, որոշիչ դեր է խաղում նրա ինքնատիպ և տպավորվող ձայնը։
6. Ինգա և Անուշ Արշակյաններ
Ով ինչ ուզում է ասի, բայց Արշակյան քույրերն իրենց կարիերայի առաջին իսկ օրվանից որակ և համ ու հոտ են մտցրել մեր շոու բիզնես։ Ինգային ու Անուշին մի հորիզոնականով եմ մտցրել ցուցակ, բայց պետք է ասել, որ նրանցից յուրաքանչյուրն էլ առանձին-առանձին հիանալի երգչուհի է, ու շատ գեղեցիկ ձայներ ունեն։ Արդյունքը պարզ է՝ Արշակյան քույրերի գրեթե յուրաքանչյուր երգ դառնում է հիթ ու սիրվում է ժողովրդի կողմից։
7. Ջուս
Ջուսի կերպարին կարելի է վերաբերվել տարբեր կերպ։ Նույնը կարելի է ասել նրա երգացանկի մասին, բայց նույնիսկ նրա կերպարն ու երգացանկը չհավանողները չեն կարող մեղանչել արդարության դեմ ու չխոստովանել, որ Ջուսն, անկախ ամեն ինչից, ունի մեր շոու բիզնեսի ամենալավ ձայներից մեկն ու իրոք պրոֆեսիոնալ երգչուհի է։
8. Սոնա Շահգելդյան
Խեղճ Սոնայի մասին հիմնականում տեսնում ենք քննադատական ու ծաղրական գրառումներ՝ կապված նրա արած արտահայտությունների, ոճի, ռուսերենի իմացության և այլ չհղկված պահերի հետ, ու այս հորձանուտում մի տեսակ կորում է այն աներկբա փաստը, որ Սոնան հիանալի երգչուհի է, ու մենակ «Նոր Ալիք» մրցույթում նրա տարած հաղթանակն արդեն իսկ բավարար է, որպեսզի այդքան բացասականի հետ մեկտեղ գոնե մեկ-մեկ դրական հրապարակումներում էլ հիշատակեն Սոնայի մասին։ Հրաշալի երգչուհի, որի տաղանդն ու ձայնային տվյալները թույլ են տալիս աչք փակել մանր թերությունների վրա։
9. Շուշան Պետրոսյան
Երկար տարիներ, երբ դեռ չկային տարբեր շոուներ, որոնց միջոցով մեր էստրադան համալրվում էր նոր դեմքերով ու թարմ ձայներով, Շուշան Պետրոսյանն էր տաղանդի էն եզակի ճրագը, որը ոչ թե անճաշակ, ռաբիս ու կլկլոցներով հագեցած աղբ էր մատուցում, այլ որակյալ երաժշտություն, որի մեխն, անկասկած, նրա հզոր ու մաքուր ձայնն էր։
10. Սոնա Սիլվեր
Գուցե Սոնայի ձայնն ամենահզորը չէ մեր շոու բիզնեսում, բայց, անկասկած, այն ամենասեքսուալն է, ու հենց դրանում է նրա առանձնահատկությունը։ Հաճույքով եմ լսում Սոնայի կատարումները թե էլեկտրո ոճում, թե այլ ոճերում, որով նա հանդես է գալիս։
11. Մերի Մնջոյան
Վստահ եմ, որ մի օր Մերին կդառնա մեր շոու բիզնեսի դեմքը, որովհետև նրա ձայնի պես հզոր ու անաղարտ, խորը և գեղեցիկ չկա։ Ճիշտն ասած՝ «Հայաստանի ձայնից» հետո նրա ընտրած (կամ էլ ավելի ճիշտ կլինի ասել՝ նրա համար ընտրված) երգացանկը բավականին թույլ է, որովհետև թույլ չի տալիս Մերիին լիարժեք դրսևորել իր վոկալի հզորությունը, բայց համոզված եմ՝ ճիշտ երգացանկի ու անդադար ինքնակրթության պարագայում Մերին ժամանակի ընթացքում կարող է դառնալ լեգենդ, իսկ այսօր, լինելով դեռատի տարիքում, նա արդեն այնպիսի նոտաներ է վերցնում ու այն աստիճան մաքուր է դա անում, որ ի զորու չէ անել մեր էստրադայի ոչ մի այլ երգչուհի։
12. Իվետա Մուկուչյան
Իվետան հիանալի է, իրոք հիանալի՝ բոլոր չափորոշիչներով։ Նրա առավելությունների համամասնությունը՝ տեսքը, վարքը, կեցվածքը, ձայնը, երգացանկը և այլն, բավական են ոչ միայն հայկական շոու բիզնեսում, այլ նույնիսկ միջազգային ասպարեզում հաջողությունների հասնելու համար։ Սակայն քանի որ խոսում ենք ձայնային տվյալների մասին, կենտրոնանանք դրա վրա։ Իվետան հիանալի ճաշակ ունի ու կարողանում է այնպիսի երգեր ընտրել, որոնք լավագույնս են ցույց տալիս նրա հնարավորությունները, ինչի շնորհիվ էլ նա բավականին տպավորիչ հաջողությունների հասավ 80 միլիոնանոց Գերմանիայի երաժշտական շոուում։