Մեկ ամիս առաջ:

Ես ու Անժելան քայլում ենք: Խոսում ենք ամեն ինչից ու երկուսս էլ  հասկանում ենք, որ մեր ամեն ինչի մեջ ոչ մի իմաստ չկա: Դատարկաբանում ենք ու քայլում: Փողոց: Անցնում ենք: Սովորությանս համաձայն՝ գետնին նայելով եմ քայլում: Աչքերիս առաջ հայտնվում են մոխրագույն կեդեր: Զարմանք:

Աչքերս վերև եմ բարձրացնում. դեպի ինձ է գալիս բարձրահասակ տղա՝ մոխրագույն շապիկով, վզից ինչ-որ բան կա կախված, սպիտակ ու սառը հայացք եմ տեսնում ու... փիրուզագույն  աչքեր:  Շատ վառ, բայց միևնույն ժամանակ շատ նուրբ կապույտ երանգ ունեն: Այդ պահին ուղեղս հիշում է, որ  իմ անձը կապույտ աչքերի նկատմամբ թուլություն ունի: Տղան դեպի ինձ է գալիս: Թեթև, սառը հայացք է գցում վրաս ու անցնում կողքովս: Զարմացած ետ եմ նայում ու շարունակում եմ քայլել: Մի պահ կանգնում եմ:

-Անժ...
-Տեսե՜լ եմ, տեսել եմ, գիտեմ: Հա, հա , շատ սիրուն տղա էր:
-Բա աչ...
-Էդ էլ գիտեմ, կապույտ աչքեր ուներ, հա սիրում ես, քեզ կորցնում ես, գիտեմ :
-Ըհը:
-Սիրուն տղա էր, չէ՞ :
-Հա, լավն էր: Մոխրագույն շապիկն էլ էր լավը:
-Ըհը: Կեդերն էլ:
-Ուհում: Հավես էր:
 Փորձում եմ տղային մտապահել ուղեղումս. նիհար, բարձրահասակ,  փիրուզագույն աչքեր, թափթփված մազեր, լայն ուսեր, սառը ու ոչինչ չասող հայացք: Հիշեցի: Շարունակում ենք քայլել: Ինչի՞ կնմանեցնեի  այդ հայացքը...
-Անժ, բայց լավ տղա էր: Աչքերն ինչ սիրուն էին...

Այսօր
Նոննան չկա: Իհարկե, չկա: Գիտի, որ տանել չեմ կարողանում, երբ ուշանում են, բայց չկա: Զանգ Նոննային:
-Նո՞ն:
-Սյուն..Հեսա հասնում եմ: Էրկու րոպեից ըտեղ եմ: Ежик-ի հետ ենք, գալիս ենք:
-Հը՞
-Ежик, Ежик!!
-Էդ ո՞վ ա:
-Մեր մոտից ա, սենց ա էլի ճանապարհը, իրա հետ եմ գալիս...
-Օքեյ:
Սպասում եմ: Քայլում եմ: Ուսումնասիրում եմ  պատուհանները: Մտածում եմ. եթե հիմա մառախուղ լիներ, տղան կդառնար Ежик в тумане: Ежик в тумане и Нонна. Գրողը տանի: Անտանելի ձևով թեյ եմ ուզում: Նոննա, սպանելու եմ...
Եկան: Ծանոթացա Ежик  կեղծանունը կրող տղայի հետ, շատ լավ ու հաճելի երիտասարդ էր: Տղան գնաց:
-Թեյ եմ ուզում:
-Սյուն, կներես, ուղղակի...
-Սուս մնա ու քայլի: Ասեցի՝ թեյ եմ ուզում:
Բարձրանում ենք աստիճաններով: Բացում ենք դուռը, ներսում շատ մարդ կա: Մի պահ  դիմացս ինչ-որ մեկի մեջքը հայտնվեց: Բարձրացնում եմ գլուխս. սառը հայացք, կապույտ աչքեր: Չէ, կապույտ չեն, ինչ-որ ուրիշ...
-Սյուն, քայլի:
-Ըհը:
...Ինչ -որ  ուրիշ գույն են: Ի՞նչ գույն...
-Սյուն, արի վերցնենք թեյը ու փողոցով  քայլելով խմենք, հա՞:
-Հա:
...Ի՞նչ գույն են էդ աչքերը... Ու ծանոթ են... Կապույտ... Կանաչ... Փիրուզագույն: Հա, հա, բայց... Գրողը տանի:
-Նոն:
-Հը՞:
-Էն տղեն ա:
-Ո՞վ ա:
-Էն տղեն:
-Ի՞նչ տղա :
-Է , դու չգիտես... Ես ու Անժը մի օր... Է լավ, երկար ա: Մի հատ նայի  էն կողմում տղա կա՞ կանգնած: Բոյով: Սառը հայացքով: Կապույտ աչքերով: Սև ժակետ էր հագել:
-Չկա:
-Նոն, լավ նայի:
-Վայ չէ, չկա:
Ես եմ նայում: Տղան չկա:
Վերցնում ենք թեյերը, դուրս ենք գալիս փողոց: Փորձում եմ մի կում խմել ու տեսնում եմ, որ աստիճանների մոտ նույն այդ տղան է կանգնած: Ուշադիր ինձ է նայում: Կողքին մեծ տոպրակ է: Զգացվում է, որ ինչ-որ մեկին է սպասում: Աչքերս գցում եմ գետնին: Կոշիկներն այլ են: Շագանակագույն են:  Հայացքս վերև եմ բարձրացնում: Տղան ուշադիր ինձ  է նայում:   Թեյս խմելով     անցնում եմ տղայի կողքով: Չեմ շրջվում:
Ինչպե՞ս կարելի է նկարագրել տղային... Ի՞նչ բառով: Գիտեմ. ապակի:  Ոչինչ չասող դիմագծեր ու աչքեր, սառը հայացք: Ապակի: Ապակե տղա: Ես քեզ արդեն երկրորդ անգամ եմ տեսնում:  Բայց ես զգում եմ, որ ապակու տակ ինչ-որ տաք բան կա:  Աչքերի փիրուզագույնը չափից դուրս տաք է նման ապակեպատ դեմքի համար: Ես պիտի գրեմ քո մասին :  Դու իմ հերոսն ես: Ես պիտի գտնեմ քեզ:
Հիմա
Դուք  կմտածեք, որ ես խելագարվել եմ, բայց ես արդեն քանի ժամ է քայլում եմ սենյակովս մեկ ու փորձում ինչ-որ ձևեր մտածել, որոնց շնորհիվ  կգտնեմ տղային: Խմում եմ թվով չորրորդ բաժակ թեյը: Մազերս մեկ կապում եմ, մեկ՝ արձակում: Քայլում եմ, հետո նստում հատակին, հետո էլի քայլում: Եթե նույն մարդուն, քաղաքի հակառակ ծայրում կրկին տեսնում եմ՝  սա ուղղակի նշանակում է, որ կտեսնեմ նաև երրորդ անգամ: Ինչու՞ եմ համոզված: Զգում եմ: Ուղղակի զգում եմ: Միակ բանը, որ չեմ կարողանում ինձ ներել՝ այսօր նրան չմոտենալն էր: Չհարցնեք՝ ինչու չմոտեցա: Ես չգիտեմ, ես իրոք չհասկացա՝ ինչ կատարվեց: Բայց ես պետք է  գտնեմ նրան ցանկացած գնով, որովհետև ուզում եմ գրել տղայի մասին :
 Ու հիմա էլ ձեզ  պատմում եմ այս ամբողջը ու գրեցի «Ապակի.մաս I» -ը, որ  տեսնեք ու հասկանաք, որ ես իրոք հավատում եմ իմ խոսքերին: Եթե ես սկսել եմ գրել «Ապակին», ուրեմն՝ պիտի շարունակեմ:  Երբ գտնեմ տղային,  առաջին հանդիպման  ու մեր ծանոթության մասին կգրեմ երկրորդ մասում: Մեր բուն խոսակցությունը կլինի մաս երրորդը: Ես արեցի առաջին քայլը. ներկայացրի ձեզ ամբողջ պատմությունը: Սա հենց ամենակարևորն է: Առաջին քայլն արված է: Մնացին հաջորդ քայլերը:
Ես չգիտեմ՝ ինչպես կգտնեմ տղային, բայց ես կփորձեմ ու ուժեղ-ուժեղ կհավատամ:  Ես գիտակցում եմ, թե ինչ խելացնոր նպատակ եմ դրել իմ առջև: Բայց ես իրոք հավատում եմ  այս ամենին: Ասում են՝ հրաշքներ լինում են այնտեղ, որտեղ նրանց հավատում ու սպասում են: Ես հավատում եմ հրաշքների: Տեխնոլոգիաներով խեղդված դարում ես հույսս դրել եմ հրաշքի վրա ու հավատում եմ, որ  չեմ հիասթափվելու:  Ես հասկանում եմ, որ   քաղաքում ինչ-որ մեկին՝ առանց որևէ տեղեկություն ունենալու գտնելը թվում է անհնար, բայց ես այդ անհնարը հնարավոր կդարձնեմ : Չգիտեմ՝ ինչպես: Բայց կդարձնեմ:
Ինչո՞ւ հենց այդ տղան: Ինչո՞ւ հենց նրա մասին: Հավատացեք, իմ ցանկության մեջ ոչ մի ուրիշ տողատակ չկա:  Հավատացեք՝ անծանոթ,  դուրյանական  ոճ ունեցող   երիտասարդին  անհույս սիրահարվելն ու  ամբողջ քաղաքով նրան փնտրելը չափից դուրս պարզունակ կլիներ ինձ համար: Փորձեմ այլ կերպ բացատրել այս ամենը:
Պատկերացրեք, որ  ես ... թմրամոլ եմ: Իմ առջև դրել են հաշիշ ու ափիոն: Ես ափիոն եմ ուզում: Ես կարող եմ ինձ հաշիշով «հագեցնել», բայց ես ափիոն եմ ուզում: Ես ճանկռում եմ ձեռքերս, ինձ պատեպատ խփում, ես խեղդվում եմ, որովհետև ինձ  հենց ափիոն է  հարկավոր:
Նույնն էլ գրելու մեջ է: Իմ թմրանյութը գրելն է: Տղան իմ ափիոնն է: Ես կարող եմ գրել ցանկացած այլ բաների մասին, բայց մինչև տղային չգտնեմ ու չխոսեմ նրա հետ, չեմ հանգստանա: Չգրող մարդու համար միգուցե տարօրինակ թվան խոսքերս, բայց ես իրոք խեղդվում եմ: Ես  իմ կերպարների հետ եմ ապրում ու շնչում, ես սիրում եմ  աշխատել նրանց հետ, սովորել, սխալվել: Ու նույն այդ տղային  ես դիտարկում եմ որպես իմ հերոս: Հերոս, ում կորցրել եմ քաղաքում ու պետք է գտնեմ: Ցանկացած գնով պետք է գտնեմ:
Ահա այսքանը:
Սա ձեզ ամբողջ պատմության չոր ու ցամաք նկարագիրը, որպեսզի իմանաք ու հավատաք, որ ես իրոք երիտասարդի մասին գրելու մոլուցքով եմ հիվանդացել:
Ափսոս, որ ապակե տղան չի կարդա այս տողերն ու չի իմանա, որ   ինչ-որ մեկն ամբողջ քաղաքը պատրաստվում է տակնուվրա անել միայն նրա համար, որ գտնի իր կերպարին ու հագեցնի իր մեջ եղած ՝ տղայի մասին գրելու քաղցը:
Ծիծաղեք քթի տակ, մտածեք. «Աղջիկ ջան, իջիր երկնքից»,  մի՛ բարձրաձայնեք, բայց մտքում ասեք՝ «Չէ, չի գտնելու»: Ես գիտեմ, որ գտնելու եմ: Ես հավատում եմ դրան: Հիվանդագին  հավատում եմ: «Ապակին» ունենալու է իր երկրորդ մասը: Ես  հասկանալու եմ ապակե հայացքի բովանդակությունը:
 

Հ.Գ. Ապակե  տղային  եթե տեսնեք, փոխանցեք, որ ես  նրան փնտրում եմ)))

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել