1in.am-ը գրում է.
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ շարունակվեց Սամվել Դարբինյանի գործի դատական քննությունը:
Ըստ մեղադրանքի՝ 2014 թվականի հունիսի 7-ին, ժամը 18-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայի շենքերից մեկում գտնվող իր բնակարանում 45-ամյա Սամվել Դարբինյանը մոր՝ Ալվինայի կողմից իրեն արված դիտողությունը՝ ոգելից խմիչք օգտագործելու վերաբերյալ, ցավագին ընդունելով ու գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, սկսել է վիճել մոր հետ:
Վիճաբանության ընթացքում նա բռնություն է գործադրել, բութ, կոշտ առարկաներով բազմաթիվ հարվածներ է հասցրել մոր մարմնի տարբեր մասերին:
Պատճառել է գլխուղեղի արյունազեղումներ, ձախ աչքի, ձախ այտային աղեղի, ճակատային թմբկության շրջանի, ձախ ականջախեցու, ձախից քունքոսկրի պտկաձև ելունի պրոյեկցիայի, ենթակզակային ձախ շրջանի, ձախ ստորին փափուկ հյուսվածքների… արյունազեղումներ…
Ստացած վնասվածքներից մայրը մահացել է: Մոր մարմինը հետո գցվել է ջրով լի վաննայի մեջ…
Սամվել Դարբինյանին մեղադրանք է առաջադրվել դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:
Գործի նախաքննության սկզբում, երբ դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը դեռ պատրաստ չի եղել, Սամվելն իրեն մեղավոր է ճանաչել:
Սակայն երբ ստացվել է փորձաքննության եզրակացությունը ու ի հայտ է բերվել, որ տուժող կնոջ մահը վրա է հասել բազմաթիվ հարվածներից ստացած վնասվածքների հետևանքով, Սամվելն այլևս իրեն մեղավոր չի ճանաչել, հայտարարել է, թե ինքը տուն է մտել ու տեսել, որ մայրը մահացած է…
Սամվել Դարբինյանն ամուսնալուծված է, մեկ երեխա ունի, երեխան մոր հետ բնակվում է Ռուսաստանում:
Սամվելը միջնակարգ-մասնագիտական կրթություն ունի, ավարտել է մեքենաշինական տեխնիկումը: Սամվելն ու մայրը երկուսով են ապրել դեպքի վայր դարձած բնակարանում:
Մայրը երկար տարիներ բուժաշխատող է եղել, զուսպ, համեստ կին՝ ըստ ծանոթների ու հարևանների: Դեպքից րոպեներ առաջ նա հարևանուհու տանն է եղել, միասին սուրճ են խմել: Հետո տուժողը տուն է գնացել, ասել է, թե որդին գործից տուն է գալու… Որոշ ժամանակ անց մուտքում աղմուկ է բարձրացել, թե Ալվինային սպանել են…
Դատարանը լսեց ամբաստանյալ Սամվել Դարբինյանի ցուցմունքը:
Ըստ ամբաստանյալի՝ դեպքի օրը՝ հունիսի 7-ին, առավոտյան ժամը 7-ն անց 30-ին ինքը տնից դուրս է եկել ու գնացել է աշխատանքի: Գործի բերումով՝ «դռներ, պատուհաններ ռեգուլիրովկա անելու մոմենտով» գործընկեր Ժորայի հետ, գործով վկա Էդիկի մեքենայով մեկնել են Արարատ՝ Էդիկի բարեկամի վերանորոգվող տանը աշխատելու: Գործ են արել մինչև ժամը 15-16-ը, հետո «մարդիկ ըստ ավանդության հյուրասիրել են» արհեստավորներին: Ամբաստանյալը նշեց, որ այնտեղ խմել է երեք բաժակ տնական օղի:
Վերանորոգվող տնից դուրս են եկել ժամը16-ն անց 30-ի սահմաններում, բայց անմիջապես Երևան չեն ուղևորվել, կանգնել են Էդիկի աներոջ տան մոտ… Ժամը 17-ն անց 30-ի սահմաններում հասել են Երրորդ մաս՝ նախկին կինո «Սևանի» մոտ: Էդիկը Սամվելին ու Ժորային հինգ հազարական դրամ է տվել: Սամվելն ու Ժորան շարժվել են դեպի իրենց տները…
Ամբաստանյալը այսպես րոպե առ րոպե նշում էր իր տեղաշարժը, որպեսզի դատարանում ներկայացնի իր այլուրեքությունը, ապացուցի, թե մոր սպանության պահին ինքը տանը չի եղել: Միայն թե այն ամենը, ինչին հղում էր անում նա, գործով ձեռք բերված այլ ապացույցներին չէր համընկնում…
Ըստ ամբաստանյալի՝ ինքն ու Ժորան ժամը 17-ն անց 33 րոպեին գտնվել են կինո «Սևանի» խաչմերուկում, և այնտեղ իրեն ֆիքսել է տեսախցիկը: Ամբաստանյալի այս և հետագա հիշատակումները տեսախցիկով «ֆիքսվելու» վերաբերյալ որևէ փաստացի տեսանկարահանված նյութով չի հաստատվել, նման տեսաերիզներ չեն գտնվել…
Ըստ ամբաստանյալի՝ ժամը 18-ին ինքը գնացել է դեպի Չեխովի խաչմերուկ, մտել է տիկին Սիլվայի կրպակը, նստել է սեղանի մոտ, վերցրել է կես շիշ օղի, մեկ հատ լիմոնադ, ինքը լցրել ու ինքը խմել է, իսկ տիկին Սիլվան իրեն զգուշացրել է, թե այդ օրը շուտ պիտի փակի կրպակը՝ ժամը 19-ին: Ինքը մինչև կրպակի փակվելը մնացել է այնտեղ ու խմել է:
Մինչդեռ որպես վկա հանդես եկած տիկին Սիլվան ասել է, թե ինքն ամեն օր, նաև դեպքի օրը, իր կրպակը փակում է ժամը 18-ից ոչ ուշ: Ինքը չէր կարող ժամը 19-ին փակել, այդ ժամին ընդհանրապես չի աշխատում, կրպակը փակել է մինչև ժամը 18-ը:
Ըստ ամբաստանյալի՝ ժամը 19-ին ինքը քայլել է դեպի «Էվրիկա» սուպերմարկետ, որի մոտակայքից մի հատ «մառոժնի» է առել ու այդպես՝ «մառոժնին» ձեռքին մի անգամ էլ է «նկարվել» կինո «Սևանի» դիմացի տեսախցիկով ժամը 19-ն անց 20 րոպեին: Նման տեսանկարահանում ևս չի հայտնաբերվել:
Ժամը19-ն անց 30-ի սահմաններում, ըստ ամբաստանյալի, ինքը նոր տուն է հասել ու բանալին մտցրել է մուտքի դռան փականի մեջ:
Ամբաստանյալը շեշտում է իր այդքան ուշ տուն գնալը, որովհետև այդ ժամին, ըստ դատաբժշկական փորձաքննության եզրակացության, սպանությունն արդեն կատարված էր…
Սամվել Դարբինյանը նշեց, թե ինքը մորը սովորեցրել էր, որ դուռը ներսից փակի նաև «զաշչոլկայով», որ դրսից դուռը հնարավոր լինի բացել միայն բանալիով: Մայրը միշտ այդ «զաշչոլկայով» ներսից դուռը փակում էր, անգամ հարևանները, ըստ Սամվելի, դիտողություն էին անում, թե ինչո՞ւ է նա դուռը ներսից փակում…
Բայց դեպքի օրը, տուն վերադառնալով ու բանալին փականի մեջ մտցնելով, Սամվելը համոզվել է, որ «զաշչոլան» ներսից փակված չէ: Այդ հանգամանքը, սակայն, նրան չի մտահոգել, մտածել է, թե մայրը մոռացել է:
Սամվել Դարբինյանը երկար նկարագրեց, թե ինչ գործողություններ է կատարել սովորաբար, երբ տուն է մտել. «տրիմոյին է դրել իր բանալին, հանել է կոշիկները, հյուրասենյակի սեղանին է դրել իր հեռախոսը, գնացել է «սպալնի», փոխել է շորերը, հետո նոր գնացել է լոգարան: Այս ամբողջ ընթացքում մորը ձայն չի տվել, սովորաբար մայրը պատշգամբում նստած խաչբառ էր գրում այդ ժամանակ…
«Բաղնիքի լույսը վառեցի, տեսա մամային՝ վաննայի մեջ… ոտս սղղաց, ճակատով հարվածեցի լոգարանի անկյունին՝ խառնվեցի իրար մամային տեսնելուց… էկել եմ տուն՝ տեսել եմ էդ ձևի վիճակ… հարևանի դուռը խփեցի, կանչեցի, զանգեցի Էդիկին ու ասի, որ մամային սպանել են, իսկ Էդիկը հարցրեց՝ նո՞ր ես տուն հասնում, ես քեզ վաղուց եմ մեքենայից իջեցրել… Հետո զանգել եմ եղբորս , արդեն 8-ին 20 էր պակաս… ես եմ հարևաններին ասել, որ զանգեն շտապօգնություն ու ոստիկանություն… Ոստիկաններն ինձ լոգարանում քաշքշում էին, որ դուրս գամ, ասում էին, թե իրենց խանգարում եմ… Հետո ինձ ձերբակալեցին ու տարան քաղմաս…»:
Ներկայացնելով իր տեղաշարժը՝ ըստ րոպեների, ամբաստանյալը ոչ մի բառ չասաց՝ մոտեցե՞լ է վաննայի մեջ գտնվող մորը, ինչպե՞ս է համոզվել, որ նա մահացած է, առավել ևս՝ որ սպանված է, եթե այդպես է ասել հարևաններին, Էդիկին ու եղբորը…
Ըստ վկա Էդիկի՝ ամբաստանյալն իրեն մի քանի անգամ է զանգել: Առաջին անգամն ասել է, թե մայրը վատ է, խնդրել է, որ Էդիկի մեքենայով մորը տանեն հիվանդանոց: Որոշ ժամանակ հետո նորից է զանգել, ասել է, թե մայրը մահացած է…
Ամբաստանյալն այս հակասությունը բացատրեց նրանով, որ Էդիկը «հիշողության հետ կապված խնդիրներ ունի, լավ չի հիշում…»:
Ըստ ամբաստանյալի՝ իրեն ոստիկանները որպես միակ կասկածյալի՝ երկար պահել են «քաղմասում», իսկ հետո ասել են. «Արի պայմանավորվենք. դու մեզ օգնի, մենք՝ քեզ…»:
Ոստիկանները, ըստ Սամվելի, չորս տարբերակ են առաջարկել իրեն ու ընտրությունը թողել են իր վրա: Տարբերակներն էլ նշել են օղակներով:
Առաջին տարբերակ՝ ինքը վիճաբանել է մոր հետ, հրել է նրան, մայրը ընկել ու մահացել է: Երկրորդ տարբերակ՝ ինքը մի կասկածյալի անուն է տալիս ու գնում է տուն: Երրորդ տարբերակ՝ ինքն ու մայրը վիճվել են, ինքը մորը խեղդել է վաննայի մեջ: Չորրորդ տարբերակ՝ ինքը հարբած է եղել, իրեն չի տիրապետել, մոր նկատմամբ փորձ-բռնաբարություն է կատարել, հետո սպանել…
Առաջարկված տարբերակներից Սամվելը, իր ասելով, «վստահ լինելով, որ անմեղ է»՝ ընտրել է «ամենահարմարը»՝ առաջինը… Այդ տարբերակում մեղմացնող հանգամանքներն էլ շատ են եղել…
Ոստիկանները խոստացել են, որ այդ տարբերակն ընտրելու դեպքում նրան չեն կալանավորի, ազատ կթողնեն, միայն մեղադրանք կառաջադրեն, բայց իրենք կփնտրեն իսկական մարդասպանին… Սակայն ոստիկաններն ու քննիչները, ըստ Սամվելի, իրեն խաբել են, կալանավորել են…
Ըստ ամբաստանյալի՝ ինքը սկզբում փաստաբան չի ունեցել, բայց ցանկացել է ունենալ: Ոստիկաններն ասել են՝ հինգ հազար դոլար տուր, քեզ կապահովենք փաստաբանով: Ինքն ասել է, թե նման գումար չունի: Հետաքրքրվել է՝ իրեն պետականորեն չի՞ հասնում պաշտպան: Ասել են՝ դրա համար էլ հազար-հազար հինգ հարյուր դոլար պիտի տաս: Ինքը մնացել է առանց փաստաբանի:
Ամբաստանյալը պնդեց, թե հանրային անվճար պաշտպան ունենալու հնարավորության մասին իրեն չի ասել նաև կալանքը որպես խափանման միջոց ընտրելու հարցը քննող դատավորը:
Իսկ երբ այս գործով նախագահողը հիշեցրեց, որ այդ դատավորը ինքն է եղել, մանրամասն բացատրել է հանրային պաշտպան ունենալու հնարավորության մասին, այդ ամենը ձայնագրառված է, ամբաստանյալը աչքերը թարթեց ու պատասխանեց, թե երևի ինքը դատավորի ասածները չի հասկացել, որովհետև գտնվել է վատ հոգեվիճակում…
Ամբաստանյալը ի մի բերեց իր ցուցմունքը. «Ինձ մեղադրանք են առաջադրել , բայց ես սպանության ժամին տանը չեմ եղել… Տանը երրորդ անձի մատնահետք է հայտնաբերվել, որը անտեսվել է քննչական աշխատողների կողմից…
Ամբաստանյալին հիշեցրին, որ բացի ճակատի վնասվածքից նա քերծվածքներ, ճանկռվածքներ է ունեցել դեմքի, պարանոցի շրջաններում: Նա այդ հանգամանքը բացատրեց նրանով, որ երբ ոստիկանները իրեն դուրս էին հանում լողասենյակից, ինքն էլ դուրս չէր գալիս, դիմադրում էր, երևի այդ ժամանակ են առաջացել իր դեմքի ու պարանոցի ճանկռվածքները… «Ինչի՞ պիտի լողասենյակից դուրս գայի, իմ մայր ծնողի մարմինն էր էնտեղ… հոգեկան ապրումների մեջ էի… ոստիկանները ինձ պիտի թողնեին այնտեղ, մինչև հոգեկանս հանգստանար…»:
Ամբաստանյալը նշեց, թե մայրը որևէ թշնամի չուներ, բայց մի անգամ իրենց տուն գողեր էին մտել, հնարավոր է, այս անգամ էլ գող է մտել…
Իր մայկայի վրա արյան հե՞տք է եղել, քանի որ իր ու մոր արյան խումբը նույնն է, դա երևի իր արյունն է եղել, որ կաթացել է մայկայի վրա, երբ ինքը ընկել ու վնասել է ճակատը…
Ամբաստանյալն ասաց, թե ինքը մասնակցել է քննչական փորձարարությանը, նորից խոստովանական ցուցմունք է տվել ոստիկանների ու քննիչի ուղղորդմամբ, որովհետև իրեն խոստացել են, թե ազատ կարձակեն. «Շանտաժի ու զրպարտության ազդեցության տակ եմ ցուցմունքներ տվել…»:
Ամբաստանյալն ասաց, թե «ընտրելով» ոստիկանների առաջարկած «առաջին տարբերակը», ինքն իրեն մասնակիորեն է մեղավոր ճանաչել. «Եթե այդ օրն առավոտից չգնայի Արարատ, մնայի տանը, լիովին կվերահսկեի իրավիճակը…»:
Խմիչքի նկատմամբ իր վերաբերմունքի մասին Սամվել Դարբինյանն ասաց. «Տղամարդ չկա, որ չօգտագործի, իմ գործի բնույթն ա էդպիսին եղել, ես վերանորոգող եմ եղել… Որ ասեմ՝ սեր եմ ունեցել խմիչքի հանդեպ, սուտ կլինի, չէ, հավեսի համար եմ խմել…»:
Ամբաստանյալն ասաց, որ դեպքի օրը երեք բաժակ տնական օղի աշխատանքից հետո է խմել, երբ հյուրասիրել են, վեց բաժակ էլ Սիլվայի կրպակում է խմել՝ ինքը լցրել-ինքը խմել է…»:
Տուժողի իրավահաջորդը ամբաստանյալի եղբայրն է: Նա եղբոր դեմ չի բողոքում, բայց եղբոր յուրաքանչյուր պատասխանից շատ վատ էր զգում ու աշխատում էր ոչինչ ցույց չտալ…