Լուռ վայելեք Ղրիմի հանրաքվեն ճանաչելու, դրա պատվին Ստեփանակերտում համերգ կազմակերպելու, ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում Ուկրաինայի բանաձևին դեմ քվեարկելու, Հարավային Օսիայի խորհրդարանի նախագահին ոտքի վրա բարևելու ու այն պաշտոնական հանդիպում ներկայացնելու քաղաքականության հետևանքները: Ուկրաինայի, Վրաստանի ԱԳՆ հայտարարություններն ընդունեք նամուսով ու առանց հիստերիայի: Կգա ժամանակը, ու միգուցե կգիտակցվի, թե որքան կարևոր քաղաքական նշանակություն ուներ Եվրոպական հարևանության քաղաքականության ու Արևելյան գործընկերության շրջանակներում Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի հետ նույն խմբում լինելը: Քիչ մարդիկ գիտեն, թե եվրասոցացման այդ ակումբում միաժամանակ գտնվելն ինչպես էր նպաստում, որ նշված երկրները դանդաղ, բայց ավելի հավասարակշիռ դարձնեն իրենց դիրքորոշումը ԼՂ հարցում: Ամենավառ օրինակը Մոլդովայի օմբուդսմեն, ադրբեջանական լոբբիստ Աուրելիա Գրիգորիուի հետ կապված դեպքն էր, երբ վերջինս հայտարարեց, թե Մոլդովան պաշտպանում է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանին վերադարձնելու դիրքորոշումը, պաշտոնական Քիշինևը հայտարարեց, թե Աուրելիա Գրիգորիուն Մոլդովայի տեսակետը չի ներկայացնում: Ու դա ոչ պատահականորեն տեղի էր ունենում բառացիորեն Քիշինևում ԵԺԿ շրջանակներում Եվրաասոցացվող Վրաստանի, Մոլդովայի, Հայաստանի, Ուկրաինայի ԵԺԿ-ական կուսակցապետերի գագաթաժողովի նախօրեին: Եվրոպան Քիշինևին հասկացրեց, որ չպետք է տապալի Հայաստանի մասնակցությունն այնտեղ, ու Քիշինևը հրաժարվեց ավանդական ՎՈՒԱՄ-ական դիրքորոշումներից՝ պահելով չեզոքություն Ղարաբաղի հարցում: Նույն կերպ Թբիլիսին ու Ուկրաինան էին ըմբռնում ցուցաբերում Ղարաբաղի խնդրով: ԵՏՄ-ն ու պուտինամոլությունը մեզ վերադարձրեցին նախկին պատեռնին, երբ մենք Ռուսաստանի ներքո խրամատից այս կողմ ենք, իսկ նախկին ՎՈՒԱՄ-ականները՝ այն կողմ: Իրականում բան չի փոխվել, պարզապես կորցրել ենք ղարաբաղյան խնդրով ՎՈՒԱՄ-ականների դիրքորոշումները փոխելու հնարավորությունը: Կեցցե՛ ԵՏՄ-ը, կեցցե՛ Ղրիմը....
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/styopa.safaryan.9/posts/352948231577349
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել