Իսպանական Պրիմերայի 9-րդ տուրի շրջանակներում՝ «Ռայո Վալյեկանոյի» դեմ խաղում, «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին դարձավ դուբլի հեղինակ, հաղորդում է «Արմսպորտը»:
Այդ խաղում արգենտինացի հարձակվողի առաջին գոլը դարձավ նրա կարիերայի հոբելյանական 300-րդ գնդակը: Բացի այդ՝ այն 2012թ. ընթացքում Պրիմերայում Մեսսիի 44-րդ գոլն էր: Դա նշանակում է, որ նա գերազանցեց Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուին պատկանող ռեկորդը. պորտուգալացին 2011 թ. օրացուցային նույն ժամանակահատվածում, կարողացել էր հեղինակել 43 գոլ, տեղեկացնում է Infostrada-ն:
Այդ գոլերի շնորհիվ Մեսսին 2012 թ. բոլոր մրցաշարերում խփած իր գոլերի քանակը հասցրեց 73-ի: Ֆուտբոլի պատմության մեջ մեկ տարվա ընթացքում նրանից շատ գոլեր խփել են միայն Գերդ Մյուլերը (85) և Պելեն (75):
Եվ վերջապես, արգենտինացին Պրիմերային պատմության ռմբարկուների ցուցակում դուրս եկավ տասներորդ հորիզոնական: Իսպանիայի առաջնությունում մինչ օրս նա կարողացել է խփել 182 գոլ:
Հարկ է նշել, որ առաջին հորիզոնականը զբաղեցնում է «Ատլետիկի» նախկին ֆուտբոլիստ Զարրան, ում ակտիվում գրանցված է 251 գնդակ, տեղեկացնում է «Բարսելոնայի» պաշտոնական կայքը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել