Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների՝ տարեցտարի արձանագրվում է անպտուղ ամուսնական զույգերի թվի աճ, որը հանգեցնում է մարդկանց վերարտադրողական ֆունկցիայի նվազեցմանը:
ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ, սեքսապաթոլոգիայի կլինիկայի ղեկավար, դոցենտ Սևադա Հակոբյանը փաստեց, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ 45-50 տոկոս դեպքերում «անպտուղ ամուսնության գործոնները տղամարդուց են»: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նա նշեց, որ չափազանց կարևոր և հեշտ է բացահայտել տղամարդու անպտղությունը: Դրա համար անհրաժեշտ է կատարել սերմնահեղուկի հետազոտություն, որը պարզ և մատչելի իրականացվող գործընթաց է:
Սեքսապաթոլոգն ասաց, որ չափազանց կարևոր է նման ամուսնական զույգերի սեքսուալ ներդաշնակությունը: Հաճախ այն զույգերը, ովքեր ամուսնանալուց մեկ տարի հետո երեխա չեն ունենում, կանգնում են միջանձնական խնդիրների առաջ, խախտվում է ընտանիքի սեռական ներդաշնակությունը. «Նման դեպքերում կիսատ է մնում բուժումը, որովհետև միջանձնային հարաբերությունները թույլ չեն տալիս հարցը լրիվ լուծել, ինչպես նաև՝ բազմաթիվ բժիշկներ խորհուրդ են տալիս պլանավորել սեռական հարաբերությունները՝ երեխա ունենալու համար: Կնոջ մոտ առաջանում է հղիանալու դոմինանտ, որը որ ամբողջ նյարդային համակարգն ու էմոցիոնալ ֆոնը ֆիքսում է միայն մայրանալու գաղափարի շուրջ: Սեռական կյանքը մղվում է երկրորդ, երրորդ պլան»:
Բժշկի հավաստմամբ՝ նման դեպքերում տղամարդկանց շրջանում առաջանում է սթրեսոգեն իրավիճակ, որովհետև երեխա չունենալու փաստը տղամարդիկ ավելի ծանր են տանում, և այդ հանգամանքը նրանք վերագրում են իրենց թույլ տղամարդ լինելու գաղափարին. «Նրանց մոտ առաջանում է հասարակությունից ինքնամեկուսացման և ինքնաքննադատման սինդրոմ: Երեխա չունենալու փաստը, ըստ մի շարք գիտնականների, հավասարազոր է մոտ հարազատի կորստի: Դրան գումարվում են նաև սոցիումի, շրջապատի ամենօրյա հարցասիրական մղումները, թե ե՞րբ եք երեխա ունենալու»,- ասաց մասնագետը:
Անպտղության առաջացման պատճառները բազմազան են: Դրանք հիմնականում էկոլոգիական աղտոտվածության, սննդային հավելումների, որոշ դեղորայքների բացասական ներգործության, ճառագայթման մակարդակի բարձրացման արդյունք են, երբ առաջանում են սեռական բջիջների՝ գամետների խանգարումներ: Սևադա Հակոբյանի դիտարկմամբ՝ այն սերունդը, որն այժմ վերարտադրողական հասակում է, երբ դեռահասության ժամանակահատվածը համընկել է 90-ականներին, ավելի շատ խնդիրներ ունի անպտղության հետ կապված: Այս ժամանակաշրջանում պատվաստումներ չեն կատարվել, սթրեսոգեն գործոնները մեծ են եղել, խրոնիկական հիվանդությունները բացահայտվել են ոչ լիարժեք և ոչ ճիշտ բուժում են ստացել:
Սեքսապաթոլոգը նշեց նաև, որ կա «երկրորդային անպտղություն» տերմին, երբ առաջին երեխայից հետո զույգերն այլևս եեխա չեն ունենում: Նման դեպքերում գերադասելի է, որ կնոջ առաջին հղիությունը լինի 30-32 տարեկանում: