1in.am-ը գրում է.
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վահե Խալաթյանի նախագահությամբ ավարտվել է Սուսան Կ.-ի (անունը փոխված է) գործի դատական քննությունը:
22-ամյա Սուսանը 2 երեխաների մայր է, ամուսնացած կին: Նա մեղադրվել է սուտ մատնություն կատարելու՝ ծանր հանցագործության մասին սուտ հաղորդում տալու, կեղծ ապացույցներ սարքելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով:
Դատական ակտում արձանագրված է, որ Արմավիրի մարզի բնակչուհի Սուսանը ամուսնացել է 2010 թվականին՝ 18 տարեկանում: Ամուսնական կյանքի ընթացքում երկու երեխաներ է ունեցել:
Սուսանի հայրն ու եղբայրը Ռուսաստանում արտագնա աշխատանքով են զբաղվել: Հերթական անգամ նրանք ՌԴ են մեկնել 2014 թվականի աշնանը:
Սուսանի մայրն իր ոսկե զարդերը գրավադրել է «ՎՏԲ Հայաստան» բանկում և դեկտեմբերի 27-ին նույնպես մեկնել է Ռուսաստան՝ ամուսնու և որդու մոտ՝ դստեր՝ Սուսանի անունով թողնելով լիազորագիր՝ հետագայում գումարը մուծելու և ոսկեղենը գրավից հանելու համար:
Դեկտեմբերի 26-ից Սուսանն ամուսնու և երկու երեխաների հետ ժամանակավորապես բնակություն է հաստատել իր հայրական տանը:
2015 թվականի հունվարի սկզբին Սուսանի մայրը գումար է ուղարկել, Սուսանը վճարել է գրավի դիմաց ստացված գումարը, բանկից հետ է ստացել մոր ոսկե զարդերը և պահել է պահարանում կախված վերարկուի գրպանում՝ ինչպես մայրն էր պահանջել :
Մինչև այստեղ թվում է՝ ամեն բան հարթ ու գեղեցիկ էր…
Սուսանին միգուցե «հարթ ու գեղեցիկ» է թվացել նաև այն, որ նա այս ընթացքում համացանցի միջոցով նա ծանոթացել ու շփվել է Արմավիրի մարզի բնակիչ Աղասու (անունը փոխված է) հետ: Վերջինս շփումների ընթացքում գանգատվել է սրտացավ Սուսանին, թե ֆինանսական խնդիրներ ունի: Սուսանը խոստացել է օգնել նրան պարտքերը մարելու հարցում:
Ըստ դատական ակտի՝ Աղասուն նյութապես օգնելու նպատակով, ամուսնուց գաղտնի Սուսանը մորը պատկանող շուրջ 600 հազար դրամ արժողության ոսկե զարդերը հանել է պահարանում կախված վերարկուի գրպանից և 280 հազար դրամի դիմաց դարձյալ գրավադրել է, այս անգամ՝ «Կոնվերս» բանկում: Ստացված գումարը նա մաս-մաս տվել է Աղասուն: Վերջինս օրեր անց վերադարձրել է միայն 150 հազար դրամը:
Հունվարի 23-ին Սուսանը տեղեկացել է, որ նույն գիշեր ծնողները Ռուսաստանից վերադառնում են: Նա Աղասուց անմիջապես պահանջել է շտապ վերադարձնել իր գումարը, բայց Աղասին անկեղծորեն հայտնել է, որ ի վիճակի չէ նրա տված գումարը վերադարձնելու, ինքը գումար չունի:
Մորը պատկանող ոսկե զարդերի բացակայությունը թաքցնելու ուղղությամբ Սուսանը մտածել ու ծայրահեղ քայլի է գնացել: Նա… կազմակերպել և իրականացրել է հայրական տան վրա ավազակային հարձակման… ձևացում:
Հունվարի 23-ի գիշերը՝ ժամը 1-ն անց 30-ի սահմաններում, Սուսանի ամուսինն ու ավագ որդին մեկնել են օդանավակայան՝ Սուսանի ծնողներին դիմավորելու:
Եվ Սուսանն իրականացրել է իր հանցավոր մտահղացումը:
Նա տանը եղած կպչուն ժապավենով կապել է իր ոտքերը, այնուհետև, ինչպես նշված է դատական ակտում՝ «ծնկների օգնությամբ» կապել է նաև իր ձեռքերը, ապա կպչուն ժապավենի մնացած մասը նետել է վառարան, իսկ ինքը պառկել է հատակին: Պառկելու ընթացքում պատահական վնասել է նաև քիթը՝ դիպչելով բազկաթոռին, ինչի հետևանքով քթից արյուն է եկել՝ ավելի «արյունալի» դարձնելով ավազակային հարձակման տպավորությունը: Սուսանը ձեռքերն ու ոտքերը միացրել է իրար և հատակին պառկել է «տանջահար»՝ ձևացնելով, թե ավազակներն են իրեն այդ վիճակին հասցրել:
Երբ ծնողները, ամուսինն ու որդին տուն են վերադարձել, Սուսանին հայտնաբերել են հենց այդպես՝ հատակին կապկպված պառկած: Եվ կապանքներից ազատվելով՝ Սուսանը արցունքներ է հեղել և ներկայացրել, թե հենց ամուսինն ու մեծ որդին տանից դուրս են եկել, տուն են ներխուժել դիմակավորված երկու անհայտ անձինք, հարվածել են իր դեմքին, քթից արյուն է հոսել, ապա կապել են իր ձեռքերն ու ոտքերը, սպառնացել են, թե դանակով կվնասեն փոքր երեխային, պահանջել են տանը եղած ոսկեղենը: Եվ ինքը, որպես սիրող մայր, նրանց հայտնել է ոսկեղենի տեղը: Ավազակները ոսկեղենը հափշտակել են վերարկուի գրպանից ու դիմել են փախուստի:
Գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկությունները կեղծ են, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին՝ Սուսանը իր հորինած պատմությունը, որպես հաղորդում , ներկայացրել է ոստիկանության բաժնում:
Բայց Սուսանը երկար չի կարողացել մոլորեցնել իրավապահներին, սուտը ջրի երես է ելել, նա խոստովանել է ու մեղադրվել սուտ մատնություն կատարելու համար:
Սուսան Կ.-ն առաջադրված մեղադրանքում իրեն լիովին մեղավոր է ճանաչել, զղջացել է:
Գործը, ամբաստանյալի միջնորդությամբ, քննվել է արագացված կարգով:
Դատարանը առաջին անգամ դատվող, երկու անչափահաս երեխաների մայր Սուսանի մեղքը ծանրացնող հանգամանքներ չի արձանագրել և, այնուամենայնիվ, նրան դատապարտել է իրական ազատազրկման՝ նկատի առնելով հանցավոր արարքի հանրային վտանգավորության աստիճանը:
Սուսան Կ.-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով ու դատապարտվել է 3 տարի ազատազրկման: Պատժի սկիզբը կհաշվվի դատավճիռն օրինական ուժ ստանալուց հետո, երբ Սուսանը կալանքի տակ կառնվի: