Առավոտ օրաթերթն ինձ հետ հարցազրույց է տպագրել։ Այդտեղ շոշափված են մի քանի հարցեր։ Բայց, նախևառաջ, առաջին անգամ մանրամասնությամբ վերլուծվել է գազի սակագնի ձևավորումը Հայաստանում և Ուկրաինայում, հիմնավորվել է, թե ինչպես է պատահում, որ մեր երկիրը գազը ստանում է ավելի էժան, բայց ժողովրդին վաճառում է ավելի թանկ։ 2 հիմնական պատճառ. Գազպրոմ-արմենիա (նախկին Հայռուսգազարդ) ընկերության անհիմն «ներդրումներն ու ընթացիկ ծախսերը» և այն, որ Հայաստանում արդյունաբերական սպառողներին (գազալցակայաններ, գործարաններ) գազը ծախվում է ավելի էժան, քան ժողովրդին, քան երեխայի կաթը տաքացնելու համար գազ օգտագործողներին։ Ստորև տես հարցազրույցն ամբողջությամբ։
Առավոտ օրաթերթ, 29-30 ապրիլի։
1. Ի հեճուկս միջազգային կառույցների կանխատեսումների, որ այս տարին Հայաստանը փակելու է 0 տոկոս տնտեսական աճով, վարչապետը օրերս հայտարարեց, որ 2,5-3 տոկոս տնտեսական աճ կապահովվի` ի հաշիվ հանքարդյունաբերության, սպասարկման ոլորտի: Ի դեպ դուք դեկտեմբերին դեռևս, ավելի վաղ, զգուշացրել էիք 1-2%-ոց տնտեսական աճի մասին։ Ասել էիք նաև, որ պետք է զգուշանալ 0-կան աճից կամ անկումից։ Հիմա, ձեր կարծիքով, իրատեսակա՞ն են Հովիկ Աբրահամյանի սպասելիքները, իր նշած ոլորտներով իրական տնեսական աճի տեմպեր կարելի՞ է արձանագրել, թե՞ զուտ թվային հերթական ամրագրումներ են լինելու:
Ենթադրում եմ, որ վարչապետի ավելի բարձր սպասելիքները կապված են խոշոր ներդրողների հետ նրա տարած աշխատանքի հետ։ Բառացի ասվում է նաև ԵԱՏՄ առավելությունների մասին, բայց դրանք չեն երևում։ Ճիշտ հակառակը։ Այնուամենայնիվ, վարչապետի, ԱՄՀ կամ իմ նշած թվերը տնտեսական աճի մասով այդքան հսկայական տարբերություն չունեն։ Մի մոռացեք, որ ՀՆԱ-ն հաշվարկի մեթոդաբանությունն այնպիսին է, որ վիճակագրական սխալները կարող են կազմել մինչև 3%։
2. Ուզում եք ասել, որ ԱՎԾ-ն կարող է մանիպուլյացիանե՞ր անել։
Անպայման։ Ի դեպ, կարող է նաև կառավարության դեմ անել։ Իհարկե տվյալ պարագայում ես մանիպուլյացիա բառը չէի օգտագործի։
3. Օրինա՞կ։
Վերցնենք, օրինակ, ամենավերջին վիճակագրական տվյալները՛ 2015թ հուվար-մարտի մակրոտնտեսական տվյալների մասով։ Դրանցից բխում է, որ տնտեսությունն աճել է 2.5%-ով, առևտուրը (ներքին) պակասել է 6.3%-ով, իսկ արտաքին առևտուրը պակասել է 28.5%-ով։ Այդ թվում արտահանումը պակասել է 23.1%-ով։ Միևնույն ժամանակ միջին ամսական անվանական աշխատավարձն ավելացել է 10.3, իսկ իրական աշխատավարձը՝ 5.2%-ով։ Ավելացել են թոշակները։ Ի՞նչ է ստացվում, արտադրությունն ավելանում է, բայց առևտուրը պակասում է շեշտակի։ Ին՞չ է պահեստի վրա են աշխատում։ Մարդկանց եկամուտներն էլ ավելանում են, բայց առևտուրը պակասում է (ծառայությունների աճն ու տեսակարար կշիռը էական չեն), բանկերում ավանդները պակասում են։ Ի՞նչ է՝ փո՞ղ են արտահանում։ Կառավարության ներկայացուցիչը (էկոնոմիկայի փոխնախարարի մակարդակով) ասում է, որ արտաքին առևտրի թվերը համադրելի չեն ԵԱՏՄ մտնելու կապակցությամբ։ Այնուամենայնիվ, ԱՎԾ-ն հրապարակում է այն, ինչը հրապարակում է։
4. Լրացավ վարչապետի պաշտոնավարման մեկ տարին. ի՞նչ գնահատականներ կտաք, որտե՞ղ հաջողեց Հովիկ Աբրահամյանի կառավարությունը, որտե՞ղ ձախողեց, ի՞նչ հնարավորություներ բաց թողեց: Ի՞նչ ազդեցություն ունեցավ ՌԴ-ում ստեղծված վիճակը, Հայաստան եկող տրանսվերների նվազումը, ՌԴ ռուբլու անկումը:
Կառավարության տնտեսական քաղաքականության գնահատակնները հնչեցրել եմ բազմիցս։ Դա երկար խոսելու թեմա է։ Եթե կարճ, ապա համար մեկ խնդիրը ներդրումներ գեներացնելն էր։ Հանգամանք, որը բաց էր թողնվել նախորդ կառավարության կողմից և շետակիորեն արգելակել տնտեսության զարգացմանը։ Այս կառավարության այդ ուղղությամբ ջանքեր թափեց։ Ընդունվեցին օրենքներ ու որոշումներ։ Ի վերջո բարենպաստ դաշտ ստեղծվեց խոշորի համար։ Որոշ բաներ արեցին նաև ՓՄՁ համար։ Բայց տնտեսությունը կենդանի օրագանիզմ է։ Եթե դու մի քանի անգամ լավացնում ես խոշոր տնտեսվարողների պայմանները, իսկ փոքր ու միջինինը լավացնում ես մի փոքր, ապա հաշվի, որ վեջինիս պայմանները դու վատացնում ես։ Արդյունքում, ներդրումների ակտիվացումը հեռու է պահանջվածից։ Սա մի կողմից։ Բայց կա մի ավելի կարևոր գործոն։ ԵԱՏՄ անդամ դառնալուց հետո 2014թ դեկտեմբեր – 2015թ մարտ ժամանակահատվածում դրամը ռուբլու նկատմամբ արժևորվեց շուրջ 25%-ով։ Այն չնչին առավելությունը, որը Կառավարությունն ակնկալում էր այդ գործընթացից, արտահանման աճ դեպի ՌԴ, հօդս ցնդեց։ Նկատի ունեցեք, խոսում ենք ռուբլու նկատմամբ դրամի արժևորման մասին։ Այս առումով մենք խնդիր չենք ունեցել. ռուբլով տրանսֆերտները կտրուկ աճել են։ Այսինքն, իդեալական պայմաններ կային տնտեսական աճն արագացնելու։ Բայց արի ու տես ԿԲ-ը ռուբլու նկատմամբ դրամի արժևորում թույլ տվեց։ Առկա էին (և են) այլ կոպիտ սխալներ ԿԲ քաղաքականության մեջ։ Սա էլ դարձավ տնտեսական աճի դանդաղեցման հիմնական գործոնը։ ԿԲ և Կառավարության քաղաքականությունների միջև կոորդինացիա չկա։
5. Ո՞վ պետք է կոորդինացներ ԿԲ քաղաքականությունը։
Գործող Սահմանադրությամբ ԿԲ –ն հաշվետու է ԱԺ-ին և ՀՀ Նախագահին (հենց նրանք են նշանակում և պաշտոնանկ անում ԿԲ ղեկավարին)։
6. Որքանով են արդարացի այն պատճառաբանությունները, որ կառավարության առաջընթացի հիմնական խոչընդոտը աշխարհաքաղաքական զարգացումներն են։
Իհարկե, ԵԱՏՄ անդամակցելը պիտի նվազեցներ և նվազեցրեց տնտեսական առաջընթացը։ Նկատի ունեցեք, ԵԱՏՄ հիմքը այս պահի դրությամբ մաքսային միությունն է։ Մինչդեռ ԵԱՏՄ երկրները բնական առևտրական գործընկերներ չեն. տնտեսագիտական լեզվով ասած նրանք չեն կարող իրար մեջ առևտուր ստեղծել։ Օրինակ, ի՞նչ առևտուր կարող է լինել ՌԴ և Ղազախստանի միջև, եթե նրանք արտահանում (նավթ, գազ, հացահետիկ) և ներմուծում են նույն ապրանքները։ Նրանց միջև պրոցեսներն ավելի շատ քաղաքական են. ՌԴ-ն խնդիրներ ունի ինչպես Ղազախստանի, այնպես էլ Բելառուսի հետ։ Հիմա, այս միությունն տնտեսական ինչ-որ առաջընթաց կարող է գրանցել միայն ավելի խորը ինտեգրացիայի դեպքում. դրամական միություն, միասնական ներդրումային հիմնադրամներ, համատեղ արտադրություններ։ Պատահական չէ, որ Վ.Պուտինը արագորեն դա հասկացավ և հիմա հենց դրանով է հիմա զբաղված։ Բայց դե ԵԱՏՄ միանալու որոշում իշխանություններն են կայացրել, իսկ կառավարության ծրագիրը մշակված է եղել հենց ԵԱՏՄ-ին միանալու հանգամանքը։
7. Հայաստանում շատ են ոգևորվել Իրանի շուրջ գերտերությունների ձեռք բերած պայմանավորվածություններից, նաեւ` Սերժ Սարգսյանի` Չինաստան կատարած այցից ու Մետաքսի ճանապարհի գործարկման հնարավորությունից: Եթե դուրս գանք ռոմանտիզմից, իրականում ի՞նչ ակնկալիքներ պետք է ունենանք, ի՞նչ կերպ պետք է իրացնենք ընձեռված հնարավորությունները, ներկայիս իշխանավորներն ունե՞ն այդ ռեսուրսը ճիշտ օգտագործելու կարողություններ:
Իրանի շուրջ պայմանավորվությունների տնտեսական հետևանքներին պետք է զգուշորեն մոտենալ։ Բայց դա, իհարկե, կարող է ՀՀ տնտեսության դրական լիցքեր տալ։ Անձամբ ինձ համար հետաքրքիր է էներգակիրների այլընտրանքային իրական աղբյուր ունենալու պարագան. դա բոլոր դեպքերում պիտի իջեցնի ՀՀ տնտեսության էներգատարությունը։ Չինաստանի հետ առևտրատնտեսական հարաբերությունների խորացումը, մետաքսի ճանապարհի կոնցեպտը ոչ հիմա և ոչ էլ մոտ ապագայում մեր տնտեսությանը մեծ օգուտներ չեն խոստանում։ Ավելի հետաքրքիր և առաջնային է Չինաստանի հետ քաղաքական ու ռազմական համագործակցությունը։ Կարծում եմ՝ Սերժ Սարգսյանի այցը, նախևառաջ, սրա հետ էր կապված։
8. Խորհրդարանական «գազի» հանձնաժողովի եզրակացության շուրջ բավական բուռն քննարկումներ եղան: Այնուհանդերձ, եզրակացությունը մի շարք հուզիչ հարցերի պատասխաններ տվել է ու դրանք ապացուցում են, որ «Գազպրոմի» կողմից չարաշահումներ կան:
Անմիջապես ասեմ, որ Հանձնաժողովի գործունեության արդյունքում մեկ առ մեկ ստացանք այն հարցերի պատասխանները, որոնք կամ չունեինք կամ էլ կասկածներ ունեինք։ Գլխավոր ինտրիգը սա է. այդ ինչո՞ւ է Հայաստանը գազը 164 դոլարով ստանում սահմանին և հայ սպառողին (մինչև 10000 խ.մ. վաճառում է 320 դոլարով (2015թ հունվարից ի վեր, իսկ մինչ այդ ստանում էր 189-ով և վաճառում400-ով)։ Ուկրաինան, օրինակ, այսօր գազը ստանում է 247 դոլարով և վաճառում է միջինը մոտ 270-ով։ 2015թ ապրիլի մեկից 1մ.խ. գազի գինն այստեղ 3.6 հրիվնա է կամ 78 դրամ (մինչև ամսեկան 200 մ.խ. սպառման դեպքում) և 7.18 հրիվնա է կամ 155 դրամ՝ 200 մ.խ.-ից ավել սպառման դեպքում։ Այդ գներն այնտեղ գործում են 2015թ. ապրիլի մեկից և սահմանված են ԱՄՀ կողմից սուբսիդիաները բացառելու պահանջի պահպանմամբ։
9. Կարո՞ղ եք համեմատելով Ուկրաինայի և Հայաստանի սակագնի ձևավորումները մեզ բացատրել, թե ի՞նչու է այնտեղ բնակչության համար գազը 2 անգամ էժան, երբ ՌԴ-ից նրանք գազը ստանում են 50%-ով ավելի թանկ։
Փորձեմ։ Դոլարով, 1000 մ.խ. հաշվով հայ և ուկրաինացի սպառողների համեմատությունը։ Նկատենք, որ սա մոտավոր է, քանզի բացարձակ համեմատությունները ցանկացած 2 երկրների համար պայմանական են։ Եվ այսպես, առաջին, նրանք ստանում են 247 դոլարով, մենք` 164-ով։ Քանի որ Ուկրաինայի գազի ավելի քան 20%-ը սեփական արտադրության է 110 դոլար ինքնարժեքով, ապա այնտեղ գազի բազային գինը դառնում է 219.6 դոլար՝ միևնույնն է 34 տոկոսով թանկ, քան Հայաստանում։ Տարբերությունը -56 դոլար է հայ սպառողի օգտին։ Երկրորդ, մեզ մոտ ԱԱՀ, որը կազմում է շուրջ 60 դոլար։ Տարբերությունը դառնում է 0։ Երրորդ, մեզ մոտ մանր սպառողը 50 դոլարով ավել է վճարում (ՀԾԿՀ ընդօրինակել է այդ բուրժուական մեթոդաբանությունը), ինչի արդյունքում հայ բնակիչները ոչ միայն իրենց, այլև մասամբ խոշոր բիզնեսի փողն են վճարում։ Այստեղ հայ սպառողը կորցնում է 50 դոլար։ Դարձավ +50 դոլար։ Չորրորդ, Հայաստանը գազաֆիկացված է 95%-ով, Ուկրաինան 87%-ով (ՌԴ-ն 63.2%), ինչը բարձր սպառման բացակայության պայմաններում թանկացնում է ինքնարժեքը։ Եվս 16 դոլար։ Դարձավ +66։ Հինգերորդ, կորուստները Հայաստանում 5.5% են սահմանած, Ուկրաինայում՝ 2.5%։ Ի դեպ գազային Հանձնաժողովի 4-րդ աշխատանքային խմբի գործունեության շնորհիվ ստացվեցին այս հետաքրքիր տվյալները։ Այս 3%-ը կազմում է 9 դոլար։ Դարձավ +75 դոլար ի վնաս հայ սպառողի։ Հինգերորդ, ՀԾԿՀ-ն մեր սակագնի մեջ Գազպրոմ-արմենիայի միջին աշխատավարձը հաշվարկել է 1.44 անգամ ավել, քան ՀՀ-ում միջին աշխատավարձը։ Նկատի ունենալով աշխատավարձի ծախսերի տեսակարար կշիռը սակագնի մեջ սա առնվազն 7 դոլար է 1000 մ.խ. հաշվով։ Դարձավ + 82 դոլար։ Վեցերերորդ, դատելով գազի հանձնաժողովի տվյալներից, չնայած գազի սպառման ծավալների իջեցմանը, Հայաստանում բարձր են Գազպրոմ-արմենիայի ներդրումային և ընթացիկ ծախսերը։ Օրինակ, հաշված է, որ իբր թե ամեն տարի խողովակները ներկվում են։ Բոլորս գիտենք, որ այդպես չէ։ Ին՞չ են լինում այս փողերը գազի Հանձնաժո՚ղովը մինչև վերջ չի պարզել։ Սա էլ Ուկրաինական Նավթագազի համեմատ լրացուցիչ 30 դոլար է։ Ի վերջո ստացվում է +112 դոլար ի վնաս հայ սպառողի։ Այդպես էլ կա։ Ներկայումս մենք սպառում ենք 320 դոլարով, իրենք 220-ով, այդ թվում մեծ մասը (մինչև 200 մ.խ. սպառողները) 160 դոլարով։
10. Ներկայումս շատ է խոսվում էլեկտրաէներգիայի գնի բարձրացման մասին։ Ի՞նչ ուսումնասիրություններ են կատարվել այս ոլորտի համար։
Հանձնաժողովը այս խնդիրը չի ուսումնասիրել։ Ուզում եմ սոսկ մի դիտողություն անել։ ԱՎԾ տվյալները թույլ են տալիս ենթադրելու, որ էլեկտրաէներգիայի սպառման էլաստիկությունը գնի համեմատ մեկից բարձր է։ Մասնավորապես, այս տարվա առաջին եռամսյակում տնտեսության ակտիվությունն աճել է 2.5%-ով, իսկ էլեկտրաէներգիայի արտադրությունը պակասել է 12.6%-ով։ Ուրեմն, բոլորը ստիպված խնայում են։ Այսօր հասանելի են դարձել էլեկտրաէներգիայի սպառման խնայողության բավականին խնայող միջոցներ։ Այսինքն, ամենայն հավանականությամբ էլեկտրաէներգիայի գնի բարձրացումը ներկայումս հանգեցնելու է դրա սպառման կրճատմանն ավելի, քան գնի բարձրացումն է։ Արդյունքում գնի ցանկացած բարձրացման դեպքում ՀԷՑ-երի եկամուտները կրճատվելու են, այլ ոչ թե բարձրանալու։ Տուժողը լինելու է ցածր եկամուտներ ունեցող խավը, որը խնայելու համար միջոցներ չունի։ Ի դեպ, այդ նույն պատճառով անցյալ տարվա ամռանը էլեկտրաէներգիայի գնի բարձրացումը 38 դրամից 41.85-ի ՀԷՑ-երի տնտեսական վիճակը ոչ թե բարելավեց, այլ վատացրեց։
11. Ովքե՞ր ու ի՞նչ կերպ պետք է պատասխաններ տան ստեղծված իրավիճակի համար:
Նախևառաջ, ՀԾԿՀ-ն է, դրա նախագահը (եթե, իհարկե, աբստրահվենք այն բանից, որ ընդհանուր առմամբ նո.1 պատասխանատուն իշխանություններն են)։ ՀԾԿՀ-ն պարզապես ծառայում է խոշոր բիզնեսին, սխալ մեթոդաբանությամբ հաշվարկում է սակագինը (վերևում արդեն ասվեց բնակչության հաշվին բիզնեսին խաչաձև սուբսիդավորելու, Գազպրոմ-Արմենիայի ծախսերն ուռճացնելու, կորուստների և այլն մասին) և արդյունքում արդարացնում է չափազանց բարձր սակագներ ինչպես գազի, այնպես էլ էլեկտրաէներգիայի մասով։ Կածիքս միանշանակ է, գազի և էլեկտրաէներգիայի մասով սակագին սահմանելու ազատություն պետք տալ է հենց մատակարարներին։ Այս դեպքում այդ մոնոպոլիստները գոնե ստիպված կլինեն նկատի ունենալով գազի և էլեկտրաէներգիայի սպառման էլաստիկությունը զգալիորեն ավելի ցածր գին սահմանել։ Այնուհետև, իհարկե պետք է նշել Հայռուսգազարդի և ապա Գազպրոմարմենիայի 2 ղեկավարներին (նկատի ունի Կ.Կարապետյանին և Վ.Հարությունյանին – խմբ.)։ Անհասկանալի են և անընդունելի ներդրումների, ընթացիկ ծախսերի, շինարարական և այլ կապալների մասով վերջիններիս ընդունած որոշումները։ Այստեղ պետք է ուսումնասիրությունները շարունակվեն, անհրաժեշտության դեպքում նաև իրավապահների մակարդակով։
12. Հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահ Վարդան Այվազյանն ասաց, որ հանձնաժողովի ընդիմադիրներ անդամների հետ պայմանավորվածություններ են եղել` հարցը քաղաքական շահարկումների առիթ չդարձնելու համար, սակայն, պայմանավորվածությունը խախտվեց: Ասաց նաեւ, որ ընդիմադիրներին առաջարկվել է եվս վեց ամսով երկարաձգել հանձնաժողովի աշխատանքը, քանի որ դեռ պարզելու հարցեր կային, բայց ընդիմադիրները չեն համաձայնվել: Ինչո՞ւ: Եվ ինչո՞ւ բոլորին հուզող ու վերաբերվող այդ հարցը դարձավ քաղաքական շահարկությունենրի առարկա:
Ես, ինչպես արդեն ասացի, հանձնաժողովի անդամ չեմ եղել։ Մի 2 անգամ պարզապես գնացել եմ նիստերի։ Քննարկման ընթացքում հանձնաժողովի ընդդիմադիր անդամները ելույթ են ունեցել։ Շահարկման մասով ոչինչ ասել չեմ կարող. ներկա չեմ եղել։ Բայց չեմ կարծում, որ պայմանավորվածություն է եղել, որ ընդդիմադիրները չպիտի խոսեն։ Համենայն դեպս, կուզենայի իմանալ, ընդդիմադիրներն այդ ի՞նչն են շահարկել։ Ի՞նչ վերաբերում է հանձնաժողովի աշխատանքները շարունակելուն ընդդիմադիրների դեմ լինելուն։ Իհարկե, ես ինքս կուզենայի, որ Հանձնաժողովն իր աշխատանքները շարունակի։ Չեն արվել մի շարք կարևոր ուսումնասիրություններ՝ 2002-2014թթ Գազպրոմ-Արմենիայի գնումները, կապալները, ինքնարժեքի և ներկայացուցչական ծախսերի վերլուծությունը։ Ընդդիմադիրներն արտահայտվել են, թե ինչի՞ իրենք չեն ուզում շարունակել աշխատանքը։ Նրանք տեսնում են, որ ՀԾԿՀ-ն, էներգոնախի և Գազպրոմ-Արմենիայի և ոչ մի ղեկավար չի ներկայանում Հանձնաժողով, պատասխաններ չեն տալիս։ Նրանք նաև կարծում են, որ այդ պարագայում Հանձնաժողովի կուտակած տեղեկատվությունը կարող է օգտագործվել ոչ ըստ նպատակի։ Եղածն էլ բավարար է գործը իրավապաներին հանձնելու համար։ Սակայն, մտածում են, գործը երբեք էլ չի հանձնվելու իրավապահներին։ Եվ ուրեմն իմաստալից չեն համարում իրենց ներկայությունը (տես նրանց ելույթները հարցը ԱԺ լիագումար նիստում քննարկելիս)։ Բայց ՀՀԿ-ն ԱԺ-ում մեծամասնություն ունի։ Եթե իրոք ուզում են ինչ-որ լավ բան անել և գործն ավարտին հասցնել, ապա ոչ-ոք նրանց չի խանգարում երկարաձգել Հանձնաժողովի կյանքը՝ անկախ ընդդիմադիրների կեցվածքից։