Էն Հեթուեյը Հոլիվուդի ամենապահանջված աստղերից է։ Նա նկարահանվել է այնպիսի հայտնի կինոնկարներում, ինչպիսիք են «Ինտերստելլար»-ը, «Թշվառները», «Մռայլ ասպետը. լեգենդի վերածնունդը» և այլն։

Անուշիկ դեմքով ու քաղցր ժպիտով աչքի ընկնող այս աստղը երեկ իր ինստագրամյան էջում կիսվել էր իր մանկության լուսանկարով։ Էնի երկրպագուների համար իսկական բացահայտում էր, որ իրենց սիրելի աստղը մանուկ հասակում կարմրահեր է եղել։ Ի տարբերություն մի շարք աստղերի, ովքեր ի սկզբանե անճոռնի ճուտիկ են եղել և միայն մեծանալուց հետո են վերածվել նրբագեղ լեդիների, փոքրիկ Էնն մանկական հասակում էլ է աչքի ընկել վառ արտաքինով ու բնական գեղեցկությամբ։

Էնը ամուսնու՝ Ադամ Շուլմանի հետ
Էնը, ով ներկայումս 32 տարեկան է, իր դերասանական կարիերան սկսել է դեռևս ավագ դպրոցում սովորելու տարիներին։ Նյու Յորքում տեղակայված այն թատերական խմբակը, որում Էնն կատարում էր իր առաջին քայլերն իբրև դերադսանուհի, կոչվում էր «Barrow Group»։ Իբրև կինոդերասանուհի նա առաջին անգամ գլխավոր դեր ստանձնեց «Արքայադստեր օրագրերը» կինոնկարում՝ մարմնավորելով Միա Տերմոպոլիսին։ 2001 թվականին թողարկված այս կինոնկարը շռնդալից հաջողություն ունեցավ։ Ներկայումս Էնն բացի դերասանական գործունեությունից զբաղվում է նաև բարեգործությամբ։ Նա ֆինանսավորում է այն երեխաներին, ում բախտ չի վիճակվել իր պես հաջողակ ու հարուստ լինել։

Էնն իր մանկության լուսանկարը տեղադրել էր «World of Children Award» կազմակերպության ակցիաներից մեկի շրջանակներում։ Այս կազմակերպությունը ֆինանսավորում է այն նախագծերը, որոնց շնորհիվ լուծվում են կարիքավոր երեխաների խնդիրները։

Լուսանկարին կից Էնը գրել է.
Մանկությունը մարդու կյանքի լավագույն շրջանն է կամ ավելի ճիշտ՝ պետք է լավագույն շրջանը լինի։ Ինձ համար պատիվ է միանալ «World of Children Award»-ին, որը հարգանքի է արժանացնում իսկական հերոսներին, ովքեր օժանդակում են աշխարհի տարբեր երկրների կարիքավոր երեխաներին։ Իբրև այս մարդկանց իրականացրած բոլոր բարի գործերի գնահատանքի նշան՝ կիսվե՛ք ձեր մանկական լուսանկարով։
Էնը վերսկսել է իր թատերական գործունեությունը։ Ներկայումս նա զբաղված է «Grounded» ներկայացման մեջ, որը ցուցադրվում է Նյու Յորքի թատրոններից մեկում։ Այս ներկայացման մեջ նա զինվորական օդաչուի դեր է խաղում։

Էնը «Grounded» ներկայացման պրեմիերային



