Ժողովրդավարության ուղին նորերս բռնած երկրներում որոշ չափով աճել է հանցագործությունների թիվը, դրա հետևանքով` քրեակատարողական հիմնարկների բեռնվածությունը: Հանրությունն իրեն ավելի պակաս անվտանգ է զգում, ինչը դժգոհություն է ծնում արդարադատության նկատմամբ:
Զարգացած և զարգացող մի շարք երկրներում ներդրվում են արդարադատություն իրականացնելու նոր մեխանիզմներ, որոնք նպաստում են համակարգի նկատմամբ վստահության աճին: Դրանցից մեկը պրոբացիայի ծառայությունն է: Պրոբացիան լատիներեն բառ է, որը թարգմանվում է իբրև փորձաշրջան կամ փորձություն: Պրոբացիայի կիրառումը ենթադրում է ազատազրկման ավանդական գաղափարախոսությունից անցում դեպի վերականգնողական արդարադատության գաղափարախոսություն, որի էությունը ազատազրկման այլընտրանքային միջոցներով պատժի նպատակներին հասնելն է:
ՀՀ կառավարությունն իր վերջին նիստում հավանություն է տվել Հայաստանում պրոբացիայի ծառայության հայեցակարգին, որի հիման վրա ՀՀ արդարադատության նախարարության կազմում ստեղծվելու է համապատասխան ծառայություն: Դրա հիմնական գործիքը լինելու է վերականգնողական արդարադատությունը, որի միջոցով որպես հանցագործության և այլ իրավախախտման դեմ պայքարի կարևոր գործոն մեծանալու է հասարակության դերը: Ապահովելով պատժի նպատակների իրացումը՝ պրոբացիայի ծառայությունն ազատազրկման փոխարեն անձին պահում է ազատության և հասարակության մեջ:
Վերականգնողական արդարադատության հիմքում ընկած է այն գաղափարը, որ պատժի նպատակներին կարելի է հասնել հանցագործության հետ կապված խնդիրները լուծելու և տուժողին պատճառված վնասը վերականգնելու միջոցով, այլ ոչ թե զուտ պատժողական մոտեցում ցուցաբերելով: Վերականգնողական արդարադատության մոտեցման համաձայն՝ հանցագործությունը և իրավախախտումը կատարվում են նախ անձի, համայնքի նկատմամբ, այնուհետև օրենքի: Մինչդեռ քրեական արդարադատության պատժիչ ուղղվածությունը հանցագործությունը բնորոշում է որպես պետության օրենքների խախտում, այլ ոչ թե անձանց և իրենց հարաբերություններին ուղղված վնաս:
Պրոբացիայի ծառայության ստեղծումը ներառված է ՀՀ իրավական և դատական բարեփոխման 2012- 2016 թթ. ռազմավարական ծրագրում և նախատեսված է ՀՀ կառավարության գործունեության ծրագրով:
Պրոբացիայի ծառայությունը նաև տնտեսապես արդյունավետ է: Անձին ազատությունից զրկելով՝ պետությունը որոշակի նյութական միջոցներ է ծախսում նրան պահելու համար: Հայաստանը որպես սահմանափակ ռեսուրս ունեցող երկիր, չի կարող բոլոր դեպքերում ստանձնել պատժի այնպիսի տեսակի կատարումը, ինչպիսին ազատազրկումն է, և այն կիրառել հանցագործությունների 90 տոկոսից ավելիի նկատմամբ: Թվերի վերլուծությունը ցույց է տալիս, որ ոչ մեծ և միջին ծանրության հանցագործություն կատարած անձանց գրեթե երկու երրորդը կարող է լինել պրոբացիայի ծառայության շահառու: Նրանց հասարակության մեջ պահելու շնորհիվ պետությունը տարեկան կարող է խնայել ավելի քան երկու միլիարդ դրամ:
Վերջին տասնամյակի ընթացքում պրոբացիայի պետական ծառայություն է ստեղծվել նաև նախկին ԽՍՀՄ պետություններում` Լատվիայում, Էստոնիայում, Մոլդովայում, Վրաստանում, ծրագրվում է ստեղծել Ռուսաստանում և Ուկրաինայում: