Մայիսի 1-ն աշխատանքի ու աշխատավորների միջազգային տոնն է: Այն տոնում են հարյուրից ավելի երկրներում, որի պատմությունը սկսվում է դեռ 19-րդ դարից: 1886թ.-ի մայիսի 1-ին բանվորական հուզումներ տեղի ունեցան ԱՄՆ-ի խոշոր արդյունաբերական քաղաքներից մեկում` Չիկագոյում: Բախումներ եղան ոստիկանության հետ, և ձերբակալվեցին հուզումների մասնակիցներից շատերը, կազմակերպիչներն էլ դատապարտվեցին մահվան: Իսկ 1889 թ.-ին Փարիզում ինտերնացիոնալի կոնգրեսը որոշեց միավորել միջազգային պրոլետարիատը և պայքարել իրավունքների համար` սկսել առաջին աշխատանքային օրը կրճատելուց: Կոնգրեսի որոշմամբ` սահմանվեց նաև մեկ միասնական օր, որ աշխարհի բոլոր երկրներում բանվոր դասակարգը իշխանություններին ներկայացնի իր պահանջները, պայքարի իր իրավունքների, հատկապես 8-ժամյա աշխատանքային օրվա համար: 20-րդ դարի սկզբին հեղափոխական շարժումը տեղափոխվեց Ռուսաստան: Հետագայում, երբ ստեղծվեց Խորհրդային Միությունը, մայիսի 1-ը նշվում էր որպես մեծ տոն` ուղեկցվելով մեծ շքերթով, որին մասնակցում էին գրեթե բոլորը:













