Որ հայերս մեռելապաշտ ազգ ենք, դա նորություն չի։ Որ գերեզմանները դամբարանների կվերածենք ու մեծամասամբ անճաշակ` դա էլ վաղուց պարզ է։ Բայց որ նման երևույթները կարելի է տեղափոխել հանրային, իսկ ավելի կոնկրետ մանկական զբոսայգի, դա արդեն քաղքենիություն է։
Խոսքը «Հաղթանակ» զբոսայգու նոր կառուցված շատրվանի մասին է։ Նախկինում դրա փոխարեն սովորական, անշուք մի շատրվան էր։ Բայց վերջին ամիսներին սկսեցին այն քանդել։ Դե մտածեցի՝ երևի վերանորոգում են, մի ճաշակով բան կկառուցեն... Իզուր էի այդպես կարծում։ Այսօր տեսա սա` գրեթե մահարձանի վերածված շատրվանը` մանկական զբոսայգու հենց կենտրոնում։



Ոչ մի տեղեկություն, թե ով է Հակոբ Ումրիկյանը։ Պարզվում է՝ նա 30 տարի այգու տնօրենն է եղել։ Այսօր էլ այն ղեկավարում է որդին` Թորոս Ումրիկյանը։ Չնայած համացանցում առանձնապես տեղեկություն չկա Հակոբ Ումրիկյանի մասին, բայց ասում են, որ մասնակցել է Հայրենական Մեծ պատերազմին, այգու բարեկարգման մեջ մեծ ավանդ է ունեցել։
Բան չունեմ ասելու, հնարավոր է՝ շատ պատվարժան մարդ է եղել, բայց նման քաղքենիությամբ լրիվ այլ տպավորություն են ստեղծում։ Շատ գեղեցիկ ու կոկիկ կլիներ, որ այդ անճաշակ, ոսկեգույն ցուցանակի փոխարեն շատրվանի կողքին մի ցուցանակ դնեին, որի վրա տեղեկություն կլիներ այդ անձի, նրա արածների ու այգու բարեկարգման գործում ունեցած ավանդի վերաբերյալ։ Հա՛մ տեղեկատվական կլիներ, հա՛մ գեղեցիկ։ Այս գորշ ու այգու համայնապատկերի մեջ չմտնող մահարձանը միայն բացասական տրամադրություն է ստեղծում այգու այցելուների մոտ։
30 տարի հայրն է զբաղեցրել այդ պաշտոնը, արդեն գրեթե 20 տարի որդին է զբաղեցնում։ Մի օր էլ սեփական գերեզմանատունն ու առանձնատունը կկառուցվի այգում, և դա շատ նորմալ կլինի... հայրական դուքյան է։
Գուցե հոր օրոք ծաղկել ու բարգավաճել է այգին, բայց այսօր այն շատ անմխիթար վիճակում է. Սկսած ատրակցիոններից, սպասարկումից, վերջացրած տեղանքի անմխիթար վիճակով։ Հին շատրվանն ավելի ներդաշնակ էր այդ միջավայրին, քան այս նոր հուշարձան-անճաշակությունը։



