Այսօր կառավարության հերթական նիստին քննարկվել և հավանության է արժանացել գյուղացիական տնտեսություններին աջակցելու նպատակով ջրօգտագործողների 80 հազար հա հողատարածություններին ոռոգման ջուրն անհատույց մատակարարելու առաջարկությունը:
Համաձայն հիդրոմետ ծառայության տվյալների` գետերի ջրհավաք ավազաններում առկա է ձնաշերտի բավարար հաստություն, ինչպես նաև գարնանային ինտենսիվ տեղումների և վարարումների հավանականություն:
Ներկայումս դեռ չի սկսվել գյուղատնտեսական մշակաբույսերի ինտենսիվ ոռոգումը, սակայն Հանրապետության որոշ տարածաշրջաններում վեգետացիայից առաջ անհրաժեշտ է խոնավալիցք հաղորդել և իրականացնել աղակալված հողերի լվացում:
Գյուղացիական տնտեսություններին աջակցման, ինչպես նաև մայիս ամսվա ընթացքում գետերի վարարման հետևանքով հեղեղումը կանխելու նպատակով որոշում է կայացվել թույլատրել «Սևան-Հրազդանյան-ջրառե» և «Ախուրյան-Արաքս-ջրառե» ՓԲԸ-ին ոռոգելի աղակալված հողերի լվացման և խոնավալիցք հաղորդելու նպատակով բացառապես ինքնահոս եղանակով հաշվառված ոռոգման ջուրը, ինչպես նաև գետերի վարարումները մայր ջրանցքների միջոցով բեռնաթափելու ժամանակ ոռոգման նպատակով մինչև 10 հեկտար հողատարածք ունեցող ջրօգտագործողներին ջուրը մատակարարել անհատույց:
Վարչապետը պատասխանատու գերատեսչություններին հանձնարարել է հետևել միջոցառման արդյունավետությանը: