Սա հավերժ պատմություն է, այս պատմությունը վերջ չունի… Ո՞վ պետք է մարդ դարձնի այս մարդանման արարածին, որ տղա-մարդ է կոչվում… Այս օրերին կարդում էի – չէի կարդում` ապրում էի, Երկիր մոլորակի ողբերգությունը, որտեղ գերիշխող տղամարդկային էներգիաները քիչ էր մնում` կործանեին չքնաղ մոլորակը… Եվ իր անգիտութայն մեջ` որքան գոռոզ ու ամբարտավան է այդ էներգիան – չեմ դատում, այլ ինքնաճանաչման դառը փորձով եմ վկայում…
Դոմե՜, Դոմե՜ – որ հասարակությանը հայտնի ես որպես Դոմինիկո Սորյանո, - դու հազար անգամ ցածր ես Ֆիլումենայից… Նա դուրս է եկել մարդկային դժոխքից, աղքատության ու կեղտի թագավորությունից, այնտեղից, որտեղ մարդիկ իրար «բարի լույս» և «բարի գիշեր» չեն ասում… 16-ամյա նրա գեղեցկությունը առել է հացթուխը` մի քանի բլիթով: Եվ նա դուրս է եկել աղքատության թագավորությունից` իր մարմնի գնով գոնե ապրելու համար: Բայց նա քսան տարի սիրում է քեզ, Դոմե՜… Դու ապու՜շ ես, Դոմինիկո Սորյանո, քո ծեր մայրը բարձրաշխարհիկ վամպիր է, քո հարսնացուն բարձրաշխարհիկ ինքնավաճառող է – նա հարսանիքից առաջ սակարկում է ամուսնական պայմանագրի պայմանները… Եվ դու չքնաղ Ֆիլումենային պոռնիկ ես կոչում – ինքդ քեզ նայիր… Այդպես էլ կմնայիր քո սոցիալական շերտի ցեխի մեջ, եթե չլիներ Ֆիլումենա Մարտուրանոն… Նա քեզ Մարդ կոչեց, նա քեզ Հայր դարձրեց… Դոմե՜, Ֆիլումենայի ոտքը ցավում է – մեծն Սոֆի Լորենը 40 համարի կոշիկ է հագնում – Դոմե՜, համբուրի՜ր Ֆիլումենայի հարված կրունկը…
Ֆիլումենա Մարտուրանո – այս երեկո մեր սիրտը քո հետ էր, այս մոլորակը ապրելու տեղ կդառնա, եթե այնտեղ կինը ստանա իր արժանի տեղը… Ֆիլումենա՜, քո գեղեցկությունը, կին լինելու քո արվեստը, մայր լինելու քո աշխատանքը կարող են պահել ու բարձրացնել նոր սերունդը: Կորչի՜ մոլորակային հակամշակույթը – Ֆիլումենա, մի ավել վերցրու՜ և ավլի՜ր, կանալիզացիա լցրու՜ այսօրվա ֆիլմերի մեծ մասը…
Խոնարհում Վիտտորիո դե Սիկայի և Տոնինո Գուեռոյի, Սոֆի Լորենի և Մարչելլո Մաստրոյանիի արվեստին: «Ամուսնություն իտալական ձևով» չքնաղ մելոդրամը՝ Էդուարդո Ֆիլիպպոյի պիեսի հիման վրա...
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/levon.drnoyan/posts/3401973908638
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել