Newsline.am-ը գրում է.

ԱԺ Հայ Ազգային Կոնգրես խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, հարց ուղղելով Կառավարությանը, ասաց, որ այսօր ամենահրատապ հարցը, որ երկու օր է՝ ՀՀ-ում խոսում են, գազի գնի մասին է:

Նա նշեց, որ երկու անգամ պաշտոնական հաղորդագրություն տարածվեց, որ սահմանի վրա վաճառվող գազի գնի 189 դոլարը՝ դառնալով 165 դոլար՝ դա չի ազդելու սակագնի վրա:

«Մեր գազի սակագինն իր մեջ պարունակում է գին՝ 189 դոլար սահմանի վրա և 122 դոլար մարժա, այդ կոմպոնենտի մեջ 122-ի մեջ 25 դոլարը պակասել է, և դա կապված չէ ինչ-որ մեկի շնորհքի հետ: Ստեղծվել է հնարավորություն՝ սպառողի գազը էժանացնելու: Ո՞վ է իրավունք տվել այդ երկու պաշտոնական հայտարարություններն անել, երբ գազի գնի մասին հայտարարությունը կարող է լինել միայն ՀԾԿՀ-ի հայտարարությունից հետո»,- հարցրեց Արամ Մանուկյանը:

Հարցին պատասխանեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, ով ասաց, որ, իրոք, մամուլում եղավ հայտարարություն, որ գազի գները սահմանի վրա իջել են 25 դոլարով:

«Նախ երկու երկրների՝ ՀՀ և ՌԴ իշխանությունների հանձնարարությամբ է եղել և 2-2,5 ամսվա բանակցությունների արդյունք է: Ուզում եմ նշել, որ գազի գնի իջեցման հետ կապված որևէ փաստաթղթավորում չկա: Գազի գնի ներքին սպառման հետ կապված պետական որևէ հայտարարութուն չի եղել, որ սպառողների համար մնում են անփոփոխ, որովհետև դրա համար կա հատուկ մարմին՝ ՀԾԿՀ և համապատասխան փաստաթղթերի ձևակերպումից հետո, հանձնաժողովի կողմից կկատարվեն ուսումնասիրություններ, որից հետո կկատարվեն հայտարարություններ»,- ասաց Երվանդ Զախարյանը:

Արձագանքելով՝ Արամ Մանուկյանն ասաց, որ ճիշտն այդ ընթացակարգն է, բայց հիշեցրեց, որ երեկ «Գազպրոմ»-ի ղեկավարը և «Գազպրոմ-Արմենիա»-ի մամուլի խոսնակը հայտարարեցին, որ փոփոխություն չի լինելու, որովհետև ներդրումներ են լինելու, ՀՀ-ը գազաֆիկացվելու է 100 տոկոսով, դրանք առաջնահերթ են և այդ առաջացած գումարները գնալու են այդտեղ:

«Եթե դուք համաձայն չեք այս երկու մոտեցումների հետ՝ խնդրում եմ հայտարարեք, էժանացում լինելու է, թե ոչ»,- հարցերց Արամ Մանուկյանը:

Երվանդ Զախարյանը նորից կրկնեց, որ ՀԾԿՀ համապատասխան ուսումնասիրություններից հետո կլինի հայտարարություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել