
Լիրիս Քրոսը մոդելային աշխարհում հայտնի է որպես պլյուս չափսի Նաոմի Քեմպբել։ Ներկայումս նա բավականին հայտնի մոդել է, սակայն հռչակի հասնելն այնքան էլ հեշտ չէր։ Մոդելային կարիերայի սկզբնական շրջանում նա ընդամենը համեստ հաջողությունների էր կարողանում հասնել։ Նրա դիմագծերը, հասակը ու գայթակղիչ հայացքը հետաքրքրություն էին առաջացնում բազմաթիվ մոդելային գործակալությունների ղեկավարների շրջանում, սակայն նա աչքի էր ընկնում փարթամ կազմվածքով, ինչն աղջկա կարիերայի հիմնական խոչընդոտն էր։ Այն ժամանակներում պլյուս չափսի մոդելներն այնքան մեծ պահանջարկ չէին վայելում, որքան այսօր։ Ընդունված էին խիստ չափորոշիչներ, որոնցից յուրաքանչյուր շեղում դիտարկվում էր իբրև թերություն։

Լիրիսը, ով աչքի է ընկնում առաջադիմական հայացքներով, խիստ չափորոշիչները սոսկ պայմանականություն էր համարում։ Նա որոշեց իրեն մերժող բոլոր մոդելային գործակալներին ապացուցել, թե ինչ մեծ բան են կորցնում իրենք՝ իր հետ աշխատանքային պայմանագիր չկնքելով։ Նա ուներ մի շատ կարևոր հաղթաթուղթ՝ արտաքին նմանությունը հանրահռչակ մոդել Նաոմի Քեմպբելին։
Հարցազրույցներից մեկի ընթացքում Լիրիսն ասել է.
Ես հիշում եմ, որ դեռ փոքր աղջնակ էի, երբ թերթում էի նորաձևության հայտնի ամսագրերը։ Ես դեռ այդ տարիքից հետևում էի Թայրա Բենքսի ու իմ ամենսաիրած մոդել Նաոմի Քեմպբելի գործունեությանը։ Ես տարված էի Նաոմի Քեմպբելի պոդիումային քայլվածքով։
|
Լիրիսը |
Նաոմի Քեմպբելը |
Փոքրիկ Լիրիսը հագնում էր մայրիկի բարձրակրունկ կոշիկները ու փորձում տան մեջ նմանակել Նաոմիի քայլվածքը։ Արդեն հասուն Լիրիսի համար մեծ պատիվ է կոչվել պլյուս չափսի Նաոմի Քեմպբել։ Նրա մոդելային գործունեությունը սկսվեց ավագ դպրոցում «Model Search America»-ի քաստինգներից մեկին մասնակցելուց հետո։ Դրանից հետո նա աշխատանքի բազում առաջարկներ ստացավ։ Այնուամենայնիվ, կազմակերպություններից շատերը հրաժարվում էին հետագա համագործակցություն ծավալել մոդելի հետ նրա «ավելորդ» կիլոգրամների պատճառով, շատերն էլ նշում էին, որ Լիրիսը նիհարելուց հետո կարող է վերադառնալ իրենց մոտ։ Նմանատիպ արձագանքներն ստիպեցին Լիրիսին դառնալ ինքն իր գործակալը. նրան հաջողվեց սեփական սուղ միջոցներով մոդելային գործակալություն հիմնել։ Գործակալության գործերը լավ էին ընթանում։ Կամաց-կամաց առաջադիմելով մոդելային բիզնեսում՝ Լիրիսը սկսեց նկարվել տարբեր ամսագրերի շապիկների համար, ինչպես նաև նկարահանվեց մի քանի կինոնկարներում, ինչպես նաև Ջեյ Զիի տեսահոլովակներից մեկում։

Ներկայումս նա որոշել է փոթորկել Մեծ Բրիտանիան։ Նա ակտիվորեն նկարահանվում է գովազդային հոլովակներում ու պաստառներում։ Իր խոսքում խոստումնալից մոդելը նշել է.
Ես ցանկանում եմ շարունակել փոխել մոդելային արդյունաբերությունը՝ ոգեշնչելով կանանց գնալ իրենց երազանքի հետևից։ Ես ուզում եմ ներկայացնել պլյուս չափսի սևամորթ կանանց, ովքեր մարգինալացված են նորաձևության աշխարհում։

Լիրիսը ծրագրում է բարձունքների հասնել նաև դերասանական կարիերայում և նվաճել Հոլիվուդը։ Այսքան մեծ կամքի ուժի տեր կնոջ համար դա, իհարկե, անիրականանալի երազանք չէ։






