Անընդհատ խոսվում է գիրք կարդալու անհրաժեշտության մասին: Քննադատվում է այսօրվա սերունդը, որն այնքա՜ն է հեռացել գիր ու գրականությունից: Կարծիք կա, որ մեր օրերում այլևս չեն կարդում... Սակայն կան մարդիկ, ովքեր դեռ "նախնադարում" են ապրում ու ետ մնում ընդհանուր տենդենցներից և դեռևս շարունակում են գիրք կարդալ, դրանցից մեկն էլ ես եմ: Բոլորովին վերջերս ձեռքս ընկավ Զորիկ Հովսեփյանի "Ռագուիլ" ֆանտաստիկ դրաման՝ տպագրված 2012 թվականին: Իրականում վերնագիրն ու ժանրն արդեն տպավորիչ էր՝ հայկական "ռուսալեզու" ֆանտաստիկ դրամա: Իրականում ռուսալեզու, այլ ոչ թե ռուսերեն, դրանք տարբեր բաներ են: Երբ ընթերցեցի գրքի 55 էջերից առաջին 20-ը, անմիջապես հիշեցի Լև Նիկոլաևիչ Տոլստոյի հայտնի ասույթը, որ վատ գրքերը ոչ միայն անպետք են, այլ նաև՝ վնասակար: Գրքում հեղինակն իր հերոսի շուրթերով խոսում էր 90-ականների Հայաստանի մասին առավել վատ, քան Դանթեն դժոխքն է նկարագրել: Ողջ “պատմության” ընթացքում նկարագրվում է հերոսի ներքին պայքարն Աստծու հետ՝ համեմված երբեմն ամենապրիմիտիվ երկխոսություններով: Իսկ սյուժեի ողջ ընթացքում կարմիր թելի նման ձգվում է հայատյացությունն ու Հայաստանը առավելագույնս գորշ գույներով ներկայացնող տրամադրությունը:

Հասկանում եմ հեղինակի հիպերռեալիստական պոռթկումները, մղումը՝ գրվածքին առավել հուզական գույներ հաղորդելու, սակայն ինձ մոտ կարդալու ընթացքում հակաէսթետիկ զգացումներ առաջացան... Բնավ չլինելով գրաքննադատ, այլ ընդամենը՝ հասարակ ընթերցող, ով իր արդար բողոքն է հայտնում՝ պիտի նշեմ նաև, որ այս գիրքը անավարտ է, ու վերջին, ես կասեի ՎԵՐՋԱՊԵՍ վերջին էջին տեղ է գտել "ПРОДОЛЖЕНИЕ СЛЕДУЕТ..." "խոստումնալից" գրությունը, որն ինձ ուղղակի անհանգստացրեց՝ ստիպելով թախանձագին խնդրել հեղինակին նման կերպ չվարվել մեր գրականության հետ, չշարունակել այս գիրքը, որն իրականում ոչ այլ ինչ է, քան հակահայկական քարոզչություն: 
Այս պահին տեղին է հիշել Հենրի Լուիս Մենկենի միտքը առ այն, որ գրքերը բաժանվում են երկու խմբերի՝ գրքեր, որոնք ոչ ոք չի կարդում, և գրքեր, որոնք ոչ ոքի չի կարելի կարդալ: Այս գիրքը պատկանում է երկրորդ խմբին: Սակայն ստորև կներկայացնեմ որոշ հատվածներ “գրքից”՝ որոշակի պատկերացում ունենալու համար:
“Грузия насколько была красивой, настолько была и опасной. Местные армяне вели себя хуже, чем сами грузины. Они давно уже забыли про геноцид 1915 года, дружили с турками, называли их своими братьями… Большинство армян не признавались, что они армяне…”
“Ах вы,сволочи, подонки, грязные армяне!!! – орал Эрик из всех сил…” (Էրիկը Գլխավոր հերոսն է, ազգությամբ հայ):
“Турок не был турком. Это был предатель армянин, который получил эту кличку еще в детстве, когда вся их семья поменяла фамилию…”
Կարծում եմ հեղինակն ինձ կմեղադրի միայն այս տողերը դուրս գրելու համար: Սակայն ասեմ, որ գրքի ընդհանուր տրամադրությունը շատ ավելի վատն է , քան այս տողերը: Չգիտեմ, ով պիտի կրի պատասխանատվություն նման գրքերի գոյության համար: Ի՞նչ է մտածում գրողների միությունը, մշակույթի նախարարությունը, ո՞վ պիտի վերահսկի մեր երկրում նման պրոպագանդան: 
ՀԳ. Ես հեղինակին անձամբ չեմ ճանաչում, հետևաբար անձնական ոչինչ չունեմ նրա դեմ: Կխնդրեմ անիմաստ գրառումներ չթողնել: Շմորհակալություն:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել