Անցյալում մնաց նաև այս՝ արդեն հարյուրերորդ Ապրիլի 24-ը: Մնաց անցյալում այդ օրը՝ ժամանակի առումով, բայց ինքը՝ երևույթը, երևույթի նկատմամբ մեր վերաբերմունքը կա, մեր խոհերը, մեր հիշողությունները, մեր ցասումն ու արդարության հանդեպ մեր սպասումները կան և կլինեն ամեն մի հայի հետ, որտեղ էլ որ ապրելիս լինի: Պարզապես ամեն մի երկրում, ամեն մի քաղաքում և այլ բնակավայրերում ապրող ու արարող հայ մարդը ևս մեկ անգամ արտահայտեց իր պահանջը, իր պահանջատեր լինելու հանգամանքը՝ ի լուր աշխարհի, ի լուր մարդկության, իր հարգանքի տուրքը մատուցեց Ցեղասպանության մեկ ու կես միլիոն զոհերի հիշատակին:
Անցավ այս Ապրիլ 24-ն էլ, բայց կարծես մեզ հետ մնաց մի շատ կարևոր ու շատ, չափազանց շատ էական միտք, գործոն, խոհ, գաղափար, իրականություն: Այն, որ ամեն մի ժողովրդից, ամեն մի բարձրաստիճան պետական քաղաքական ազդեցիկ այրից, որևէ երկրի նախագահից, ինչ-որ միությունների, կազմակերպությունների ղեկավարներից որևէ վերաբերմունք Հայոց ցեղասպանության նկատմամբ պահանջելուց առաջ նախևառաջ այն պետք է պահանջենք ինքներս մեզանից, մեր ամենօրյա աշխատանքով, գործով, գործունեությամբ, գործելաոճով, մտածելակերպով և այլն: Ոչ մեկի համար երևի անհայտ չէ մեծն Նժդեհի այն միտքը, որ հաղթում է ուժեղը և ոչ թե արդարը: Մինչդեռ մենք գրեթե միշտ մեր պահանջներում կարծես ավելի շատ սևեռվում ենք հենց վերջինիս՝ արդար լինելու և մեր պահանջի արդարացիության ակնհայտորեն ճշմարիտ փաստի վրա: Իսկ այն, որ մեր ձայնն ավելի ուժգին և ավելի լավ լսելի կլինի միայն ու միայն այն դեպքում, երբ կլինենք ավելի ուժեղ, ավելի միասնական, ավելի նպատակասլաց, ավելի կազմակերպված ու ավելի հզոր պետության առկայության պարագայում, կարծեմ ավելի հասկանալի դարձավ մեկ անգամ ևս, և դրանում ավելի ու ավելի համոզվեցինք: Այնպես որ, Ցեղասպանության զոհերի հիշատակի նկատմամբ հարգանքը միայն Ապրիլ-24-երով չէ պայմանավորված, այլ տարիների մնացած 364 օրերով նաև, և այդ ընթացքում մեր կողմից, մեր միջոցով, մեզանով հզոր, արդար, ժողովրդավար, ամուր, միասնական ԱԶԳԱՅԻՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ և ԱԶԳԸՆՏԻՐ իշխանություն ունենալու, կառուցելու մեր ձգտմամբ, մեր պահանջով, մեր ջանքերով, մեր պայքարով, այդ նպատակին հասնելու մեր աննահանջ վճռականությամբ: Մեր արդար նպատակին հասնելու ճանապարհին ամենաիրական ու ամենաէական հանգամանքը միասնական, կազմակերպված հզոր Հայկական սփյուռք և ինքնիշխան, հզոր, արդար, ժողովրդավար Հայոց Պետություն ունենալու իրողությունն է:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sanasark/posts/813373385420525?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել