Նրանք ապացուցեցին, որ սփյուռքի փոքր, աննշան ջանքերով կարելի է էական փոփոխություն մտցնել Հայաստանի առօրյայում և փոխել ինչ-որ բան դեպի դրականը: Հայաստանը փոքր երկիր է, որն ունի սփյուռքի ռեսուրս, սակայն մինչ օրս չի օգտագործում դա խելամտորեն:
Իսկ եթե նրանք, ովքեր ի պաշտոնե կոչված են դրան, կարողանան ավելի ակտիվորեն ի շահ Հայաստանի ներգրավել/ուղղորդել այդ ռեսուրսը դեպի մեր երկիր, կարծում եմ՝ սեղմ ժամկետներում փոփոխությունները մեր երկրում կլինեին ակնհայտ, և միգուցե մեզ կհաջողվի թոթափել այն «գաղջ» մթնոլորտը, ինչի մասին այսքան խոսվում է: Բացի պետական կառույցներից՝ նաև մենք պետք է փոխվենք՝ չփորձելով ամեն տեղ «քցած» լինել սփյուռքահայերին և ուժերի ներածին չափով քաջալերելով նրանց նախաձեռնությունները: Բերեմ մի պարզ օրինակ սեփական փորձից՝ ես ընկերներիս նվեր գնելիս չեմ գնում Swatch ժամացույց, այլ գնում եմ սփյուռքահայ ներդրող Վարդան Սիրմաքեշի AWI ապրանքանիշի ժամացույց: Օրինակներս չեն սահմանափակվում ժամացույցներով, պարզապես չեմ ուզում շարունակել ողջ ցանկը:
Սփյուռքը պետք է հասկանա, որ մենք այդքան նոր եկեղեցու և բարեգործության կարիք չունենք, որքան աշխատատեղերի, ներդրումների և երկրի P.R.-ի: Պատմական հայրենիք եզրույթը նրանց համար չպետք է եզրափակվի անցյալով և Ցեղասպանությամբ, այլ նաև ապահով ապագայի և երկրորդ տան տեսլականով: Այնպիսի ներդրողների օրինակները, ինչպիսիք են Էռնեկյանը, Սիրմաքեշը, Ռուբեն Վարդանյանը, պետք է վարակիչ և ուղեցույցային դարձնել նրանց համար, ովքեր հապաղում են: Իսկ կառավարությունն իր հերթին ճկուն հարկային արտոնություններով, անվտանգության երաշխիքներով պետք է ներշնչի վստահություն սփյուռքին՝ ներդրումներ կատարելու համար:
Հ.Գ. Որպես առաջին քայլ կարելի է կազմակերպել Շերի համերգը Երևանում՝ Բաքվի Օլիմպիական խաղերին զուգահեռ: Twiter-ով զգացնել ա տալիս խեղճը, որ Քարդաշյանից ոգեշնչվել է…



