Ապրիլի 24-ը մնաց հետևում, բայց դեռ թարմ են թե՛ դրական էմոցիաների ու հպարտության այն հսկայական լիցքը, որը ստացանք միջոցառումների ընթացքից ու եզրահանգումից, թե՛ քննարկումները՝ այս կամ այն ղեկավարի գալ-չգալու, «ցեղասպանություն» բառն արտասանել-չարտասանելու։
Այդպիսի քննարկումներում առավել ուշագրավ եմ համարում «Օբաման չասաց, բայց Պուտինն էլ չասաց «Ցեղասպանություն» բառը»։ Սա, ըստ իս, Հայաստանում, իսկ ավելի ճիշտ՝ հայկական մեդիա ոլորտում պարբերաբար ակնհայտ դարձող «ուժերի» անհամամասնության կարկառուն դրսրևորում է, քանի որ այնպիսի տպավորություն է, որ Հայաստանում մարդանց ճնշող մեծամասնությունն ընդգծված հակառուսական դիրքորոշում ունի, կամ էլ լավագույն դեպքում կասկածաամտորեն է տրամադրված Ռուսաստանի ցանկացած գործողության հանդեպ և ճիշտ հակառակը՝ Արևմուտքի և ԱՄՆ-ի հանդեպ։
Ինչո՞ւմ է խնդիրը բերածս օրինակում։ Փորձեմ բացատրել այ պատկերավոր մոդելի վրա։ Նախ, երբ հավասարության նշան են դնում Օբամայի ու Պուտինի մեջ՝ «Ցեղասպանություն» բառն օգտագործել-չօգտագործելու առումով, դա ի սկզբանե արդար չէ։ Արդար չէ, որովհետև, ի տարբերություն ԱՄՆ-ի, Ռուսաստանն արդեն 20 տարի է՝ պաշտոնապես ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը և եղել է առաջին երկրներից, որ արել է դա, երկրորդն էլ՝ ի տարբերություն Օբամայի՝ Պուտինն, այնուամենայնիվ, թողել էր ամեն ինչ ու եկել էր Երևան՝ մասնակցելու 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին։
Ու այսքանը թողած՝ կառչել բառից, էլ չեմ ասում նույն հարթության մեջ դնել մի մարդու հետ, ով ոչինչ չի արել, ոչ էլ նրա երկիրն է ճանաչել, մեղմ ասած, չի խոսում օբյեկտիվության մասին։
Ու այս համատեքստում զավեշտալի է լսել ինչ-որ շահեր ունենալու ու ռուս-թուրքական հարաբերությունների մերձեցման առաջնահերթության մասին։ Ինչ խոսք, Ռուսաստանը ձգտում է դրան, բայց երևանյան իր այցի փաստով Պուտինն արդեն իսկ ավելի շատ է վնասել այդ հարաբերություններին, քան արտասանած կամ էլ չարտասանած բառով։ «Ցեղասպանություն» բառը Պուտինի պարագայում զուտ անտուրաժի դեր ուներ, որովհետև անհամեմատ ավելի կարևոր ու նշանակալից էր նրա ներկայությունը։ Ու ասեմ, որ Թուրքիան արդեն շատ կոշտ արձագանքել է դիվանագիտական ու հումանիտար խողովակներով ու սկսել է աղաղակել ռուսների կողմից «Կովկասում իրականացված զանգվածային սպանությունների» մասին՝ հավանաբար ի մի բերելով չերքեզական հարցը։
Ինչևէ, Ռուսաստանն, ի դեմս իր նախագահի, ապրիլի 24-ին ապացուցեց, որ անկախ ամեն ինչից՝ ինքը լուրջ տերություն է ու իրոք դաշնակից, ում համար միշտ չի, որ սեփական շահն ու նպատակահարմարությունը գերակայում են դաշնակցային-եղբայրական հարաբերությունների հանդեպ։ Ի վերջո, մի պատճառաբանում չներկայանալու համար կարող էր բերել նաև Պուտինն ու այստեղ գործուղեր, ասենք թե, Լավրովին, և Թուրքիայի հետ նրա հարաբերությունները չէին փչանա, բայց չարեց, իսկ ԱՄՆ-ը ու հատկապես Օբաման փաստացի «լակոտություն» արեցին, կներեք արտահայտությանս համար։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=472235912941322&id=100004647524817&pnref=story
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել