Ազգային մեծ բանաստեղծ Հովհաննես Շիրազը (Օնիկ Կարապետյան) ծնվել է 1914 թվականի ապրիլի 27-ին Գյումրի քաղաքում, հողագործի ընտանիքում: Հայրը` Թադևոսը, ինչպես գյումրեցիներն էին կոչում, «բոստանչի» էր, մայրը` Աստղիկը, ասեղնագործում էր: Փոքրիկ Հովհաննեսը ծնողների միակ արու զավակն էր, քույրերից` Գոհարից և Մարիամից հետո: Հինգ տարեկան էր Հովհաննեսը, երբ զրկվեց հորից:

Մանկության օրերն անցնում էին Ամերկոմի որբանոցում: Սակայն մանուկ Հովհաննեսը, չդիմանալով որբանոցի դաժան պայմաններին, փախչում է, դառնում անապաստան և կուլայով ջուր է ծախում:

Իր մանկության օրերի մասին բանաստեղծը շատ բանաստեղծություններ է գրել, ինչպես «Հին մանկություն», «Գտա», «Իմ կուլայով այս պուճուր», «Վեց տարեկան մանուկ էի», «Իմ ընկեր Լորիկը» պոեմը և այլն..

1931-ին գործարանային թերթում տպագրվում է բանաստեղծի առաջին բանաստեղծությունը:

1932-ին դպրոցն ավարտելուց հետո ընդունվում է Գյումրու տեքստիլ գործարան՝ նախ որպես կտավագործի աշակերտ, իսկ հետո ենթավարպետ և ջուլհակություն է սովորում:

1933-ին ուսուցչություն է անում Հաջինազար (այժմ` Ախուրյանի Կամո) գյուղում:

1935-ին լույս է տեսնում «Գարնանամուտ» խորագրով առաջին ժողովածուն, նույն տարում նաև «Սիամանթո և Խաջեզարե» պոեմը:

Բանաստեղծի Շիրազ գրական անունը մկրտել է մեծ թատերագիր ու վիպասան Ատրպետը, որ հիացմունքով գրել է. «Այս պատանու բանաստեղծությունները վարդաբույր են, թարմ ու ցողապատ, ինչպես Շիրազի վարդերը»:

1936-1941թթ սովորում է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտոտում, որն ավարտում է 1949 թ-ին:

Բանաստեղծի ստեղծագործությունները թարգմանվել են աշխարհի ավելի քան 50 լեզուներով:

1975 թ-ին «Համամարդկային» բանաստեղծությունների ժողովածուի համար արժանացել է ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկրի կոչման: Պարգևատրվել է «Աշխատանքային կարմիր դրոշի» երկու շքանշանով և «Պատվո նշան» շքանշանով:

2003 թ-ին սեպտեմբերի 27-ին իր հայրենի Գյումրիում բացվում է բանաստեղծի հուշաթանգարանը:

2005 թ-ը նշանավորվեց բանաստեղծի հիշատակը հավերժացնող իր մեծադիր երկու արձանների կերտմամբ Երևանում և Գյումրիում: Արձանների հեղինակը Շիրազի ավագ որդին է՝ հայտնի քանդակագործ Արա Շիրազը:

Հ.Գ.

Մորս սրտի հետ աշխարհն եմ չափել՝ 
Էլի մեծ էր նա, մեծ էր ու անգին, 
Արև աչքերի լույսն է նա թափել՝ 
Լուսնյակ դառնալով՝ որդոց օրոցքին... 
Եվ հիմա քիչ է, թե աչքերս տամ, 
Թե սիրտս հանեմ ու տամ մայրիկիս, 
Ախ, մայր երգելուց ինչպե՞ս կշտանամ, 
Մայրս պատկերն է մայր հայրենիքիս։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել