Ցանկացած նորանկախ երկիր իր սահմանադրությունը կերտելիս հաշվի է առնում, հենվում է իր ազգային ներուժի, իր կարողությունների վրա, որպեսզի դրանց շնորհիվ կարողանա արագ զարգանալ և իր արժանապատիվ տեղը զբաղեցնել քաղաքակիրթ մարդկության ընտանիքում:
Հայաստանն այն բացառիկ երկրներից է, իսկ գուցե և միակը (մերն ուրիշ է), որի սահմանադրության մեջ, «շնորհիվ» նրա կրտիճների, ոչ մեկ բառ չկա գրված ճակատագրի բերումով աշխարհով մեկ ցիրուցան եղած, հայրենիքից թվաքանակով մի քանի անգամ ավելի, հսկայական ներուժ ունեցող սփյուռքի մասին:
Ավելի սոսկալին, որ «ազգընտիր» համարվող առաջին նախագահը ցիրուցան իր ժողովրդին ժողվելու փոխարեն նրանց անվանեց «նարինջ ուտողներ» և արգելեց խառնվել «իրենց ներքին գործերին»: Տարիներ անց սփյուռքահայությունն ականատես եղավ և հասկացավ, թե որն էր այդ «ներքին գործը», և ուր հասցրեց նորանկախ հայրենիքը:
Այսօրվա արագ փոփոխվող աշխարհում սփյուռքահայությունը հասկացավ, սկսեց գնահատել իր հզոր ներուժը և որոշեց դառնալ ինքնուրույն գործոն՝ աշխարհին լսելի դարձնելով հայի պահանջատիրական և արդարության կարոտ հուժկու ձայնը: Այսու, եկել է պահը, որպեսզի իրար հաջորդող Հայաստանի ազգադավ, դրածո իշխանությունները հաշվի նստեն փակ դռների ետևում «հայրենազուրկի» կարգավիճակում պահվող սփյուռքահայության հետ, սահմանադրական փոփոխությամբ Հայաստանը դարձնեն համայն հայության հայրենիքը, տիրոջ լիիրավ իրավունքով թույլ տան նրանց մասնակցել սեփական հայրենիքի պետականակերտման բոլոր գործընթացներին...


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել