Լինում են այնպիսի օրեր, որոնց հոգուդ վրա թողած ակոսներն արդեն հարթեցնել հնարավոր չէ: Օրեր են, երբ անպատժելի անարդարության ես հանդիպում առաջին անգամ: Երբ անժամանակ մահ ես տեսնում առաջին անգամ: Երբ տեսնում ես, որ քեզ ուսուցանողն իր գործով՝ խոսքին հակասում է: Երբ զգում ես, թե ինչ չնչին ու փոքր ես դու տարերքին դիմագրավելու համար, որ մի քանի րոպեում քաղաքներ ու գյուղեր է փոշիացնում: Երբ տեսնում ես, որ մարդը հույսով աչքերը քեզ հառած օգնություն է ուզում, իսկ դու ոչի~նչ չես կարող անել: Օրեր են, երբ մարդու միակ հույսն այլևս արցունքակալ աչքերը վերև հառելն է մնում, բողոք-խնդրանք հնչեցնելով: Օրեր են, երբ կեղծիքի հայտնաբերման պահին նկատում ես, որ մենակ ես մնացել, քանի որ արդարություն պահանջող քաբաբասեր «թիմակիցներդ» շտապ սովածացել էին…
Օրեր են…
Հետո սկսում ես մտածել, է, բա հետո՞: Լավ սա էլ կուլ տամ, նա էլ չտեսնեմ, այստեղ էլ ատամներս սեղմեմ ու լռեմ, լավ, ինչո՞ւ: Ինչու այսպես, ինչու են բոլորը մոռացության տալիս այն, որ մահկանացու են, և հողը հա-վա-սա-րեց-նում է բոլորին: Գալու է պահը, երբ բոլորս կանգնելու ենք Աստծո առջև ու պետք է այնպես ապրել, որ հայացք խոնարհելու պատճառ չունենանք:
Քմծիծաղը բերանի անկյունում պահած մեկը հիմա գուցե կմտածի. «թուլությունից վերևի հույսին մնացած խղճուկ է, խոսում է»: Թո´ղ մտածի, ես ապրելու եմ իմ ճշտով, հստակ գիտակցելով, որ ոչ մեկն ինձնից պակաս կարևոր չէ, և իմ ուզած ճշմարտությանը հասնելու համար, ես կյա´նք չի, որ պիտի խլեմ:
Այսօր հոկտեմբերի 27-ն է: Այն օրերից մեկը…
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/alina.derzyan/posts/473303689359580
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել