A1plus.am-ը գրում է.
«Ցեղասպանությունը նախապես ծրագրված գործողություն է եղել, որի նպատակն էր ոչնչացնել բոլոր արժեքները»,-ասում է Իզմիրի բժշկական համալսարանի պրոֆեսոր, ազգությամբ թուրք Չեմ Թերզին։ Իր համար անընդունելի է, որ հանրապետություն կառուցող թուրքերը չընդունեցին այդ հանցագործությունը։ «Եվ հիմա էլ մեծ աշխատանք է տարվում, որ ցեղասպանությունը ժխտվի, հերքվի։ Ու ճնշում է գործադրվում հանցագործության ընդունման համար պայքարողների դեմ»,-շեշտում է նա։
Պարոն Թերզին նաև Թուրքիայում գործող միություններից մեկի անդամ է։ Ասում է՝ հիմա իրենք աշխատում են երկու ժողովուրդների միջև ատելության վերացման ու եղբայրության հաստատման ուղղությամբ։
«Թուրք ժողովրդի 100 տարվա այս լռությունն անընդունելի է։ Ուզում ենք, որ ցեղասպանություն իրականացրած այդ հանցագործ թուրքերի անունները հանվեն մեր փողոցների, պողոտաների վրայից։ Եվ մենք՝ որպես ցեղասպանություն գործած ազգի ժառանգներ, պարտավոր ենք հիշել ու հիշեցնել այդ մասին»,-շեշտել է նա։ Պարոն Թերզիի համոզմամբ՝ Թուրքիայի ժողովրդավարացման համար պարտադիր պայման է այս փաստի ընդունումը. «Պահանջում ենք, որ Թուրքիան բարձր մակարդակով ընդունի ցեղասպանությունը»։
Իսկ արդյո՞ք Թուրքիան երբևէ հողային փոխհատուցման կգնա՝ վերադարձնելով Հայաստանին հայկական հողերը, թուրք պրոֆեսորն ասում է՝ իր անձնական կարծիքով, հողը ոչ թե պետություններինն է, այլ ժողովուրդներինը. «Կարծում եմ՝ հետագայում հայ ժողովուրդը հնարավորություն է ունենալու առանց խոչընդոտների ապրելու այդ տարածքներում»։ Նրա համոզմամբ՝ Հրանտ Դինքի ու նրա նման մարդկանցով է փոխվելու այսօրվա իրականությունը։
Թուրք գործիչն իր խոսքը սկսել ու ավարտել է ցեղասպանության համար ամբողջ հայությունից ներում խնդրելով. «Մեր գլուխները խոնարհելով՝ ներողություն ենք խնդրում»։