Life.panorama.am-ը գրում է.
Ամփոփելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները, այսօր Life.panorama.am-ի հետ իր տպավորություններով կիսվեց նշանավոր դուդուկահար Ջիվան Գասպարյանը:
«Իսկապես, երեկ ամեն բան պարզապես հրաշալի էր կազմակերպված: Ինձ շատ ոգևորեց, երբ երեկ անձրևը չէր խանգարել մարդկանց, ու նրանք, անձրևանոցները ձեռքներին, սրտի ցավով եկել էին Ծիծեռնակաբերդ: Դա ինձ համար ազդեցիկ էր, իսկապես ազդեցիկ էր, որ մեր հայերը այդքան «ջիգյարով» են և այդքան նվիրաված մեր հայրենիքին: Ուրախ եմ, որ աշխարհի տարբեր երկրներից, հարգելով մեր վիշտը, եկել էին և իրենց հարգանքի տուրքը մատուցեցին 100 տարի առաջ Հայոց ցեղասապանության անմեղ զոհերի հիշատակին: Ես շնորհակալ եմ նաև մեր ղեկավարությանը ու բոլոր այն կազմակերպիչներին, ովքեր ձեռնամուխ էին եղել երեկվա արարողությունների կազմակերպմանը. այլ բան է, երբ առանձին մարդիկ անջատ են գործում և բոլորովին այլ բան է, երբ կարևոր խնդրի շուրջ համախմբված են գործում հենց մեր երկրի ղեկավարությունները: Այն գաղափարը, որ գերտերությունների ներկայացուցիչներին մեկ ծաղկով ուղեկցում էին անմեղություն խորհրդանշող երեխաները, ևս ինձ շատ հուզեց»,- նշեց դուդուկահարը:
Ջիվան Գասպարյանը հավելեց. «Իմ սուբյեկտիվ կարծիքով, հարկավոր չէ թուրք ժողովրդին մեղադրել, ժողովուրդը կապ չունի, նրանցից շատերը անգամ անտեղյակ են այս պատմությանը, մեղավորները 100 տարի առաջվա ղեկավարներն են: Ժողովուրդներն իրար դեմ լարելը շատ վտանգավոր է և հայերի, և թուրքերի համար: Այսօր Թուրքիայում 200.000 հայ է ապրում, չի կարելի վտանգել նրանց կյանքը՝ քարկոծելով թուրք ժողովրդին: Պետք է պարզապես քաղաքավարի պահանջել, որ այսօրվա թուրքերը ներողություն խնդրեն 100 տարի առաջ թուրք ղեկավարների գործած մեղքերի փոխարեն: Չի կարելի, իհարկե, հասարակ կերպով մոտենալ այս հարցին, քանի որ 1.5 միլիոն անմեղ ժողովուրդ է կոտորվել, այսօր էլ, որ հայերը թափառում են աշխարհով մեկ, դրա ամենամեծ պատճառը հենց ցեղասպանության ճիրաններից գաղթելն է. ողջ աշխարհում այդպիսի հայ չկա, որի սիրտը չմղկտա ու ցավ չունենա իր հոգում, որ մեր հողերը տեսնեն, որոնք զավթվել են օտարների կողմից: Պետք է պարտադիր պայքարել հենց ներողության համար, ոչ թե հողերի վերադարձման, դրանք այն հարցերն են, որ ինքըստինքյան կլուծվեն»:

Անդրադառնալով երեկ Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացած համաշխարհային «Վերածնունդ» համերգ-ակցիային, որտեղ իր մասնակցությունն էր ունեցել նաև Ջիվան Գասպարյանը, դուդուկահարը պատմեց. «Երեկ կայացավ մի շատ կարևոր համերգ, որտեղ ևս ամեն բան հիանալի էր կազմակերպված: Ներկա էին գերտաղանդավոր երաժիշտներ, ովքեր իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ