Ինչքան, ինչքան կարևոր է, երբ քեզ գրկում են: Մեջքից են գրկում: Գրկում են այն ժամանակ, երբ դու դրա կարիքը շատ ունես: Գրկում են առանց հարցնելու, կարծես փրկել են ցանկանում: Գրկում են այն ժամանակ, երբ կոտրվում ես: Բայց իմ ծնկները վաղուց են շոշափել սառը հատակը, իմ ձեռքերը ծանոթ են նրա սառնությանը, ես վաղուց եմ զգացել կոտրվելու հարվածը:
Ինձ պարզապես չեն գրկել:
Չեն հասցրել որսալ այն պահը, երբ ես կոտրվում էի: Չեն հասցրել հեռու պահել անկման հարվածից: Չեն փորձել հասկանալ, արդյո±ք ունեմ դրա կարիքը, թե ոչ: Ինձ չեն գրկել:
Իսկ գիտեք ինչ է գրկելը: Մեջքից գրկելը: Դա այն է, երբ կարող ես ցանկացած ժամանակ չվախենալ կոտրվելուց, չէ որ կգրկեն քեզ, ամուր կպահեն ձեռքերում և կհավաստիացնեն, որ ամենինչ լավ կլինի: Դա այն է, երբ չես ասում " Կգրկե±ս ", չես խնդրում, որ քեզ հասկանան, չէ որ նա կզգա ճիշտ պահը քեզ կրկին կյանք տալու, քեզ գրկելու: Դա այն է, երբ կարող ես լռել, կամ էլ ուժգին գոռալ, կամ էլ հուսահատ հատակին ընկնել, չէ որ նա քեզ հետ կլռի, կգոռա, բայց չի թողնի, որ մենակ ընկնես: Կգրկեն ճիշտ պահին, կհամոզեն նորից ապրել: Կգրկեն ու կվստահեցնեն, որ մենակ չես, որ միայնակ չես կործանվի, որ կկորտվի քեզ հետ:
Բայց ինձ չգրկեցին: Ինձ չպահեցին այն ժամանակ, երբ ես կոտրվում էի, չփորձեցին հետ պահել կործանումից: Եվ դրա համար է, որ իմ ծնկները վաղուց են շոշափել սառը հատակը, իմ ձեռքերը ծանոթ են նրա սառնությանը, ես վաղուց եմ զգացել կոտրվելու հարվածը: Ինձ չեն գրկել, պարզապես չեն գրկել...
Նյութի աղբյուր՝ http://foreveryours-nene.blogspot.com/2012/10/blog-post_26.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել