Երեկ ու այսօր մասնակցեցի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին. երեկ՝ Մայր աթոռում կայացած Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման արարողությանը, իսկ այսօր Ծիծեռնակաբերդում` Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման պաշտոնական արարողությանը: Բոլոր միջոցառումներն էլ կազմակերպված էին ամենաբարձր մակարդակով, առանձնակի շնորհակալ եմ այն հազարավոր պայծառ երիտասարդներին, ովքեր «կամավոր» անվանանշանով գեղեցկացնում էին միջոցառումներն ու այս օրերին գիշեր-ցերեկ աշխատում, որպեսզի միջոցառումներն անթերի անցնեն: Մի խոսքով, բազմաթիվ տպավորություններ ունեմ՝ սկսած հուզմունքից ու լացից, մինչև հպարտության ու պայքարելու զգացողություն:
Վաղն ապրիլի 25-ն է, և կյանքը շարունակվում է: Հետևաբար մենք չպետք է մոռանանք, որ ցեղասպանության ենթարկվում են այն ազգերը, որոնք կամ պետություն չունեն, կամ էլ չեն կարողացել արդյունավետ պետություն կառուցել, որը կհանդիսանա իրենց անվտանգության երաշխավորը: Այսպիսով, ինձ համար Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհուրդն իր մեջ պարունակում է ուժեղ և արդյունավետ Հայաստանի Հանրապետություն կառուցելու ուղերձ, որն անվտանգության հիմնական երաշխիքն է մեզ համար: Եկեք վաղվա օրը սկսենք այդ ուղերձը մեր մեջ կրելով և ուժեղ ու արդյունավետ Հայաստանի Հանրապետություն կառուցելու պարտականությամբ: