Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն իր կառավարման 20 տարիների ընթացքում առաջին անգամ պաշտոնական այցով գտնվում է Վրաստանում, որտեղ հանդիպել է նախագահ Մարգվելաշվիլիի, վարչապետ Ղարիբաշվիլիի, ինչպես նաև Վրաց եկեղեցու առաջնորդ Իլիա Երկրորդի հետ, ապա մեկնել Աջարիա:
Հետաքրքրական է, որ Լուկաշենկոյի այս այցը մեծ խանդավառությամբ է ընդունվել վրաց հասարակական-քաղաքական, ինչպես նաև փորձագիտական շրջանակների կողմից: Գրեթե բոլորը նշում են նշված այցի կարևորությունը՝ հիմնականում շեշտը դնելով այն հանգամանքի վրա, որ Բելառուսը պաշտպանում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը և հակառակ ՌԴ կամքի չի ճանաչում Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը:
Վրաստանում կարևոր են համարում նաև վրաց-բելառուսական համագործակցությունը զարգացնելու երկկողմ ցանկությունը, իսկ պատճառն այն է, որ բելառուսական շուկան շատ հարմար տարբերակ է վրացական արտադրանքների իրացման համար թե՛ իր մեծությամբ և թե՛ պահանջների ոչ խիստ չափորոշիչների առումով: Այսինքն, երկու երկրների միջև հարաբերությունները զարգացնելու ձգտումները և տարբեր ոլորտներում համագործակցության խորացումը կարող է մեծ օգուտներ բերել երկու երկրներին:
Հատկապես կարևոր է Վրաստանի համար գյուղատնտեսական ապրանքների, գինու և հանքային ջրերի արտահանման հնարավորությունների մեծացումը Բելառուսի տարածքում: Իսկ Լուկաշենկոյի այցելությունն, անխոս, մեծ խթան կհանդիսանա վերոնշյալի համար: Այն համաձայնագրերը և աշխատանքային պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել այս երկու օրերի ընթացքում Վրաստանի և Բելառուսի միջև, մասնավորապես առևտրի, գյուղատնտեսության, մաքսային և հարկային ոլորտներում, ինչպես նաև գիտական բնագավառում, անշուշտ, դրական լիցք կհաղորդեն հետագա համագործակցությանը:
Այդուհանդերձ, Լուկաշենկոյի այցը որոշակի հարցեր է իր հետ առաջ բերել նույն Վրաստանում, որոնք հիմնականում վերաբերում են այն կասկածներին, թե արդյո՞ք տվյալ այցելությունը պաշտոնական Մոսկվայից Թբիլիսիի մեսիջներ բերելու նպատակ չէր հետապնդում: Իհարկե խնդիրը դիտարկվում է հետագայի տեսանկյունից, այն է՝ զարգացնելով և բարձրացնելով հարաբերությունների մակարդակը Վրաստանի հետ՝ Բելառուսը հետագայում կարող է փորձել Վրաստանին ներգրավել Եվրասիական տնտեսական միության գործունեությանը, ինչը, թերևս, ընթացող զարգացումների տեսանկյունից իրատեսական չէ:
Այդ հարցին նույնիսկ անդրադարձել է Վրաստանի վարչապետը՝ ընդգծելով, որ նման կարծիքներն աբսուրդային են, քանի որ Վրաստանը վաղուց ընտրել է իր ճանապարհը, և դա եվրոպական մեծ ընտանիքի կազմի մեջ ընդգրկվելու՝ վրաց հասարակության և Վրաստանի քաղաքացիների սկզբունքային որոշումն է:
Հ.Գ. Պետք է փաստել, որ Լուկաշենկոյի այցը Վրաստանում նոր կրքեր է բորբոքել թե՛ դրական և թե՛ բացասական տեսանկյունից: