Մեծ հաշվով, աշխարհի ազդեցիկ պետություններն ու հատկապես եվրոպական առաջատար պետություններն իրենց անբարո դրսևորեցին կրկին անգամ: Որքան էլ գերմանական ու ավստրիական խորհրդարանները բանաձևեր ընդունեն, որքան էլ ԱՄՆ-ն իր ամենաբարձրաստիճան պաշտոնյաներին ուղարկի Հայաստան, որքան էլ Եվրախորհրդարանը դատապարտի Թուրքիային, փաստը մնում է փաստ. Ցեղասպանության 100-ամյակին, չնայած հրավիրված լինելուն, Երևան չժամանեցին բազմաթիվ ղեկավարներ, որոնք առնվազն բարոյապես պարտավոր էին դա անել:
Ու պետք չէ ի հակադրություն դրա բերել այն փաստարկը, որ շատերը Գալիպոլիի ճակատամարտի տարելիցի միջոցառումներին էլ չեն գնացել, որովհետև անելով դա՝ մենք ընդունում ենք Թուրքիայի կանոններն ու հավասարություն դնում Ցեղասպանության 100-ամյակի ու այդ շինծու միջոցառման միջև:
Հայաստան պարտավոր էր այսօր այցելել Օբաման, պարտավոր էին այցելել Գերմանիայի, Իտալիայի, Իսպանիայի, Լեհաստանի, Ավստրիայի, Շվեդիայի ու Նորվեգիայի ղեկավարները, պարտավոր էր այցելել Հունաստանի վարչապետն ու էլի շատ-շատ ղեկավարներ: Ոչ թե նրա համար, որ հայերս ենք բացառիկ կարևոր աշխարհի համար, այլ նրա համար, որ երկիմաստություն չմնա, ու ցեղասպանություն ասվածը երբեք հանդուրժելի չլինի:
Ու այսքանով հանդերձ, պետք է հարգել այն պետություններին, ովքեր ևս կարող էին պատճառաբանել Թուրքիայի հետ հարաբերությունները չփչացնելու մասին, բայց չարեցին ու ներկա գտնվեցին բարձրագույն մակարդակով: Ու այս առումով կրկնակի հարգելի է հենց Ռուսաստանը, որովհետև Պուտինն իր այցով շատ ավելի շատ բաներ էր ռիսկի դնում Թուրքիայի հետ հարաբերություններում, քան կաներ ԱՄՆ-ը, էլ չխոսամ Եվրոպայի մասին, բայց նա, այնուամենայնիվ, եկավ ու կատարեց իր բարոյական պարտքը: