Հազվադեպ է լինում, երբ ես` որպես ՀՀ քաղաքացի, գոհունակություն եմ զգում մեր իշխանությունների ու մեր հասարակության գործողություններից, բայց Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների ու կազմակերպչական աշխատանքների ամբողջ շղթան դիտարկելով՝ չեմ կարող թաքցնել հիացմունքս:
Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր կազմակերպիչներին ու միջոցառումների մասնակիցներին, ովքեր հնարավորին դարձրեցին անհնարինը, որովհետև այն, ինչին մենք ականատես եղանք ու շարունակում ենք ականատես լինել, ավելին է, քան զուտ Ցեղասպանության 100-ամյակի հիշատակում: Սա մեր ազգային մտածողության ու մենթալիտետի լիարժեք ու խորքային փոփոխության սկիզբ է, որը մեզ ավելի հասուն ու ավելի ուժեղ է դարձնում:
Ու ես շնորհակալ եմ, շնորհակալ եմ բոլորին և հատկապես կազմակերպիչներին, որովհետև նման պրոցեսներն ինքնաբերաբար չեն լինում, այլ տքնաջան, հետևողական ու ծանր աշխատանքի ու չարչարանքի հետևանք են: Իմ մասով կարող եմ ասել, որ անձամբ ինձ վրա եմ զգում այդ աշխատանքի պտուղները, որովհետև այլևս չեմ ընկալում Ապրիլի 24-ը որպես ցավի ու սգի, նվաստացման ու անզորության խորհրդանիշ: Ես իմ մեջ զգում եմ, որ հոգեկան այդ ծանր ու աղետալի ավերակներն իմ մեջ պակասեցին, ու ինչ-որ նոր, վեհ ու հպարտ բան հառնեց իմ մեջ: Վստահ եմ, որ ոչ միայն իմ, այլ բոլորիս մեջ:
Ու հենց սրա համար եմ ես ուզում շնորհակալություն հայտնել:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1654040711493149&id=100006617070037
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել