Tert.am-ը գրում է.
Հայ ժողովրդի ողբերգության 100-ամյա տարելիցին ընդառաջ «ցեղասպանություն» հասկացության շուրջ քաղաքական հակասությունները նոր թափ են ստացել։ Այդ հարցի վերաբերյալ չկա միասնականություն նաև Շվեյցարիայում, որը մասամբ է ճանաչել Ցեղասպանությունը։ Սակայն 100 տարի առաջ նա աջակցել է հայ փախստականներին, իսկ այսօր հայկական սփյուռքը ծանոթացնում է շվեյցարացիներին իր մշակույթին ու պատմությանը, գրում է swissinfo.ch-ն։
«Հայերի ներկայությունը Շվեյցարիայում թեև համեստ է, սակայն՝ նկատելի։ Այստեղ ապրում է մոտ 6.000 հայ, հիմնականում՝ ներգաղթյալների 2-3-րդ սերնդի ժառանգները»,- պատմում է Հասմիկ Թոլմաջյանը՝ արտակարգ ներկայացուցիչ և լիազորված նախարար, ով ներկայացնում է Հայաստանը Շվեյցարիայում։
Հայ առաքելական Սուրբ Հակոբ եկեղեցին գտնվում է Տրուանէում՝ Ժնևի արվարձաններից մեկում։ 1969-ին բացված եկեղեցին կառուցվել է հայ համայնքի միջոցներով, նախնական ներդրումը՝ 400.000 ֆրանկ, կատարել է գործարար Հակոբ Թոփալյանը։ Ապրիլի 24-ին եկեղեցու զանգերը կհնչեն ուղիղ 100 անգամ։
Եկեղեցու առջև տեղադրված է հուշաքար՝ ի պատիվ 2010-ին մահացած շվեյցարացի խորհրդարանական Ժան- Կլոդ Վոդրոյի։ 2003-ին հենց նրա առաջարկով է երկրի խորհրդարանի մեծ պալատը՝ Ազգային խորհուրդը, ընդունել ցեղասպանության ճանաչման մասին բանաձևը։ Սակայն այդ քայլն ավելի շատ խորհրդանշական բնույթ է կրել, քանի որ փոքր պալատը՝ Կանտոնների խորհուրդը, և կառավարությունը նման որոշում չեն ընդունել։
«Նման ուղղությունն ավելի քան արդարացված է», - բացատրել է Կանտոնների խորհրդի՝ արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի նախագահ Ֆելիքս Գութցվիլերը։ «Շվեյցարիան արդեն բազմիցս որպես միջնորդ է հանդես եկել Հայաստանի և Թուրքիայի միջև, և դա շատ կարևոր դեր է մեզ համար, մենք չենք կարող ռիսկի դիմել»,- ասել է նա։
Այնուամենայնիվ, Ազգային խորհրդի պատգամավորների որոշումն առանց հետևանքներ չէր կարող լինել։ 2004-ին ստեղծվում է «Շվեյցարիա-Հայաստան» բարեկամության խորհրդարանական խումբը, որի նպատակն է բարելավել 2 երկրների տնտեսական և մշակութային կապերը։ Այն ունի 3 նախագահ՝ մեծ պալատի պատգամավորներ Ուլի Լոյենբեր և Դոմինիկ դե Բյուման, ինչպես նաև սենատոր, Կանտոնների խորհրդի պատգամավոր Հանս Ալտեր։
«Այս երկիրը հայ փախստականների համար ապաստան է դարձել 1915-ին։ Այն առաջիններից մեկն է ճանաչել Հայաստանի անկախությունը 1991-ին, իսկ հաջորդող 25 տարիներին եղել են շատ ակտիվ քաղաքական երկխոսություններ և սերտ համագործակցություն երկու երկրների միջև»,- նշում է Հասմիկ Թոլմաջյանը։
Հոդվածն ամբողջությամբ այստեղ։



