Մարդկությունը երեկ չի ձևավորվել և վաղը չի վերանալու: Նրան վերաբերող առարկան ժամանակային սահմանափակում չի ճանաչում, իսկ նրա դեմ հանցագործությունը վաղեմության ժամկետ չունի: Այդ պատճառով աշխարհի շատ երկրներ դատապարտում են 1915-ին մարդկության դեմ իրականացված սոսկալի ոճիրը: Առհասարակ, պետությունը բարոյական առումով լինում է աստվածահաճո կամ աստվածանարգ: Աստվածահաճո պետությունը պատասխանատվությամբ է վերաբերվում երկնային պարգևներին: Նրա ազգային իդեալը և դրանից բխող երկրային օրենքները երկնայինների հետ ներդաշնակ են: Իսկ ակնհայտ հակասության մեջ մտած օսմանյան, կոմունիստական կամ նացիստական երբեմնի կայսրությունները կործանվում են, ինչպես Սոդոմ-Գոմորը: Նրանց տեղում ստեղծված նոր պետությունները պիտի դատապարտեն ճշմարիտ ուղուց շեղված նախնինների ոճրագործությունները: Դա պիտի անեն, որովհետև մարդկության դեմ հանցագործությունն առաջին հերթին ուղղված է Երկնքի դեմ: Իսկ աստվածահաճո պետության գոյության համար կռվողն ապացուցում է ոչ միայն իր ժողովրդի կարգաբանական աստիճանը, այլև անխուսափելիորեն հաղթում է: Այնպես որ, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացն անխուսափելիորեն թևակոխելու է հատուցման փուլ: Սպասենք հատուցման լուսավոր օրվան: Այն թող իրապես ապաքինի հայ ժողովրդի 100 տարի արնահոսող վերքը, վերացնի դարավոր թշնամությունը և հարևանի հետ հարաբերությունների հաստատման կամուրջ դառնա:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=817448231676839&set=np.1429857942336072.100003713196176&type=1&theater¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել